Զատկւայ տօնի առիթով աւանդութիւն եւ սովորութիւն է նաեւ ձու ներկելը, ինչպէս նաեւ՝ ձւախաղը: Հաւկիթը որպէս խորհրդանշան՝ կրօնների եւ ժողովուրդների սովորութիւնների մէջ տարածում է ունեցել եւ օգտագործւել է:

Հաւկիթը բեղմնաւոր մաս, աճման եւ սերնդագործութեան խորհրդանիշ է համարւել: Ուրիշ ազգեր եւս ունեցել են հաւկիթ ներկելու սովորութիւնը: Ընդհանրապէս, գործածւել են կարմիր գոյնը՝ որպէս արեան խորհրդանիշ, բայց ուրիշ գոյներ եւս օգտագործւել են: Եգիպտացիները որպէս նւիրական ընծայ՝ իրար հետ ներկւած հաւկիթ էին փոխանակում: Իրանում Նոր տարւայ առթիւ, որպէս նւէր՝ ներկւած հաւկիթ են փոխանակում: Հրեաները Պասեքի ժամանակ հաւկիթ էին գործածում: Հայերի մօտ Ճրագալոյցի երեկոյեան տօնացոյցի համաձայն՝ ընթրիքը կայանում էր ձուկից եւ շոմինից (սպանախ), վրան ձու կտրւած: Իրանահայերը սովորութիւն ունեն քուքու փլաւ պատրաստել: Հնդիկների մօտ եւս խորհրդանշական ձեւով ձուն տարածւել էր:
Թէ երբւանից է սկսւել ձու ներկելու աւանդութիւնը՝ այդ մասին յստակ տեղեկութիւններ չունենք: Դրա կապակցութեամբ հետեւեալ աւանդութիւնները կան.

 1-Աւանդութեան համաձայն՝ Մարիամ Մագդաղինացին մեկնում է Հռոմ՝ Աւետարանը քարոզելու համար: Ներկայանում է Տիբերիոս կայսեր եւ նրան նւիրում է կարմիր ձու, ասելով՝ “Քրիստոս յարեաւ ի մեռելոց” եւ ապա սկսում է Աւետարանի քարոզչութիւը: Անշուշտ, սա լոկ առասպել կարելի է համարել:

 2-Բոլոր կրօնների մէջ ձուն կարեւոր տեղ է գրաւում. մինչեւ իսկ հին հռոմայեցիներն ու յոյները ձու էին նւիրում իրենց աստւածներին՝ սրբւելու եւ մաքրւելու համար:

 3-Հրեաները Պասեքի տօնին պատրաստում էին բաղարջ հաց, զատկական գառը եւ պինդ խաշած ձու:

 4-Կաթոլիկ համայնագիտարանը “ձու” բառի դիմաց տալիս է նաեւ հետեւեալ բացատրութիւնը.”Հին ժամանակ ձուն գարնան եւ պտղաբերութեան խորհրդանիշն էր. գարնան սկզբում մարդիկ միմեանց ձու էին նւիրում: Միջին դարերում, պասի ժամանակ, երբ ձու ուտելն արգելւած էր, հաւատացեալները ձու ուտելու եւ նւիրելու սովորութիւնը վերապահեցին կիրակի օրւան:

Զատկական ձուն այժմ խորհրդանիշն է այն ժայռէ գերեզմանի, որտեղից Քրիստոսը յարութիւն առաւ: Քրիստոնեաները ձուն ներկում էին, օրհնել էին տալիս, ապա ուտում եւ որպէս նւէր՝ տալիս բարեկամներին”:

 5-Կրօնների մէջ ձուն համարւում էր նաեւ յարութեան խորհրդանիշ, քանի որ իր մէջ պարունակում էր կեանքի նոր սերմը, այլ խօսքով՝ ծնունդ էր ունենում: Ձուն ներկում էին կարմիր գոյնով՝ որպէս ուրախութեան խորհրդանշան: Կարմիրը խորհրդանշում է նաեւ զոհի արիւնը. հետեւաբար՝ ձուն որպէս խորհրդանիշ՝ պատկանում է նախաքրիստոնէական շրջանին, իսկ ձու ներկելը մաս էր կազմում գարնան հանդիսութիւնների: Քրիստոնեաների մօտ գործածական դառնալուց յետոյ՝ կարմիր գոյնը խորհրդանշեց Քրիստոսի հեղած արիւնը:

 6-Զրադաշտականների մօտ ցարդ արարողութեան ընթացքում գործածւում է ձուն, իսկ պարսիկները Նոռուզի հաֆթսինի սեղանի վրայ դնում են նաեւ ձու:
Հաւանաբար, հայերի մօտ եւս գործածական էր ձու ներկելու սովորութիւնը եւ գարնանային տօնակատարութիւնների ընթացքում ձուն ներկում էին որդան կարմիրով, որպէս ուրախութեան նշան:

 7- Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին տալիս է հետեւեալ տեղեկութիւնները. “Զատկի այս առաջին կիրակիի շաբաթ օրը կարմիր ձու ենք ներկում եւ նրա խորհուրդը այն է, որ միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակն է ամբողջ աշխարհի, ինչպէս որ իմաստուններն են ասում՝ դրսի կեղեւը նմանում է երկնքին, մղզնաձեւը (թաղանթաձեւը) օդի, սպիտակուցը՝ ջրի, դեղինն էր երկիրն է, այսինքն՝ մէջը, իսկ կարմիր ներկելը նշանակում է, թէ ամբողջ աշխարհը գնւեց Քրիստոսի արիւնով: Եւ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մէջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկութիւնը: Այդ պատճառով է, որ նախ կարմիր ձու ենք ուտում եւ յետոյ միւս կերակուրները ճաշակում:
Առհասարակ, հնագոյն շրջաններում եւ հին կրօնների մէջ ձուն որպէս օրինակ՝ օգտագործւել է տիեզերքի էութիւնը բացատրելու համար: Հնդիկներն այն կարծիքի էին, թէ տիեզերքը ծածկւել է ձւի կեղե-ւի նման եւ դրսի կողմի վրայ է գտնւում ջուրն ու կրակը, օդն ու եթերը:

Ձու ներկելը կրօնական մի որեւիցէ հիմունք ունի՞ թէ՞ ոչ: Կարող ենք ասել, որ քրիստոնէական տեսակէտից որեւիցէ հիմունք չունի, այլ՝ պարզապէս մի սովորութիւն է, եւ ձուն որպէս խորհրդանիշ՝ բոլոր կրօնների մէջ գործածական է եղել:
Իր ընդհանուր գծերում սա է ձւի խորհուրդը եւ Զատկին ձու ներկելու սովորութիւնը:

Հատւած՝ Արտակ Արք.Մանուկեանի “Շողակաթ” գրքի Ա.հատորից