Friday, March 29, 2024
Նորություններ

Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բոլոր բժիշկները մասնագիտական գործունեությունը կշարունակեն «Ուիգմոր Քլինիքում»

«Մեկուկես ամիս առաջ նախարարությունից առաջարկ ստացանք այցելել «Ուիգմոր Քլինիք», ծանոթանալ սպորտային բժշկության իրականացման հնարավորություններին և գնահատել ՀՀ ԱՆ Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բժշկության բաղադրիչն իր գործառույթներով այստեղ ամրագրելու հնարավորությունը։ Այն, ինչ տեսանք ժամանակակից կլինիկայում, մեր պատկերացումներից վեր էր»,-ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և ՀՀ հանրային խորհրդի անդամ, անվանի շախմատիստ  Սմբատ Լպուտյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հատուկ պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Գևորգյանը։ Նա հույս է հայտնել, որ «Ուիգմոր Քլինիքի» տեխնիկական հագեցվածության և Հատուկ պոլիկլինիկայի մասնագետների փորձառության համատեղման արդյունքում  սպորտային բժշկության նոր մակարդակ կապահովվի։

Լևոն Ալթունյանն առաջարկել է կարճ ժամանակում համատեղ ոլորտի զարգացման մեթոդաբանություն մշակել։ «Այնպիսի նորմատիվներ մշակեք, որպեսզի հնարավոր լինի գնահատել մասնագետների կատարած աշխատանքի արդյունքները»-,ասել է նախարարը։

Օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոնի հիմնադիր-տնօրեն Զավեն Քոլոյանը, ծանոթացնելով սպորտային բժշկության զագացման տեխնիկական հնարավորություններին, ընդգծել է, որ կլինիկայի  մասնագետն արդեն իսկ ուսումնասիրում է առաջատար երկրներում սպորտային բժշկության ժամանակակից պահանջներն ու վեց ամսվա ընթացքում քննարկման կներկայացվեն մեր երկրի համար տեղայնացված նորմատիվներ։

Կարևորելով Հայաստանում սպորտային բժշկության զարգացումը` Սմբատ Լպուտյանը մարզիկների անունից շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի զարգացման համար ստեղծած այս հնարավորության համար։ Նա միաժամանակ բարձր է գնահատել  «Ուիգմոր Քլինիքի» ղեկավարության պատրաստակամությունը ոչ միայն ծառայությունն իր հարկի տակ վերցնելու, այլև դրա զարգացմանը նպաստելու համար։ Նա Հատուկ պոլիկլինիկայի մասնագետներին հորդորել է, օգտվելով ընձեռված հնարավորությունից, աշխատել իրենց մասնագիտական ունակությունները միջազգային պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ և միշտ առաջ  շարժվել։

Հանդիպմանը ներկա Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բժշկության բոլոր մասնագետները հավաստիացրել են, որ սիրով կինտեգրվեն առաջատար կլինիկայի կառուցվածքում և ամեն ինչ կանեն ժամանակի պահանջները բավարարելու համար։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել և համոզվել է, որ Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բոլոր բժիշկները տեղափոխվում են «Ուիգմոր Քլինիք»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպական և աշխատանքային մի շարք հարցեր։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook