Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հեռահար քարափշրում. միզաքարային հիվանդությունների ժամանակակից ու արդյունավետ բուժում

Միզասեռական համակարգի հիվանդությունների շարքում բավական հաճախ են հանդիպում քարային հիվանդությունները: Հաճախ քարերը հայտնաբերվում են պատահականորեն՝ տարատեսակ այլ հետազոտությունների ժամանակ: Որպես կանոն՝ դրանք չափերով փոքր են լինում, հետևաբար դրանց ներազդեցությունը մարդու կյանքի որակի վրա խիստ նկատելի չի լինում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ միզասեռական համակարգի որևէ հատվածում քարերի առկայույթունն ուղիղ սպառնալիք է մարդու առողջությանը, նորմալ կենսագործունեությանն ու կյանքի որակին: Միզային համակարգում քարերի առաջացման, ինչպես նաև դրանցից արդյունավետ ձերբազատման հնարավորությունների մասին ենք զրուցում Շենգավիթ Բժշկական Կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Գագիկ Գնելի Թադևոսյանի հետ:

Բժիշկ Թադևոսյան, ի վերջո՝ ինչպե՞ս և որտեղի՞ց են առաջանում քարերը մարդու օրգանիզմում:

-Միզային համակարգում քարերի առաջացումը բազմապատճառային պրոցես է, բայց  մինչև վերջ բացահայտված չէ:  Քարերն առաջանում են հիմնականում երիկամներում:  Մեզի մեջ փոքրիկ բյուրեղիկները  միանալով միմյանց առաջացնում են ավազահատիկների,  ինչի հետագա մեծացումը հանգեցնում է քարերի առաջացմանը:  Բացի քարերի առաջացումը այլ հարցեր ևս կան, օրինակ՝ եթե երկու երիկամները արտադրում են միևնույն բաղադրության մեզ, իսկ միզուղիներում խցանում չկա, ինչո՞ ւ են քարերը մեծամասամբ առաջանում  միայն մեկ կողմում:

Գոյություն   ունի՞ տարիքային  որոշակի  շրջան,  որի ընթացքում առավել  հաճախ   է  հանդիպում  քարագոյացումը:

-Այն դիտվում է հիմնականում 30-60 տարեկանների մոտ. բավական լայն է տարիքային դիապազոնը: Սակայն, քարագոյացում կարող է նկատվել ինչպես  երեխաների, այնպես էլ տարեցների շրջանում:

Կապ ունե՞ն մարդու ունեցած քրոնիկ  հիվանդությունները, թե դա առանձին վիճակ է:

-Այո՛, կապ ունեն: Միզաքարային հիվանդությունը դա օրգանիզմի նյութափոխանակության խանգարման հետևանք է, որը կարող է դիտվել նաև քրոնիկ հիվանդությունների ժամանակ:  Քարագոյացում կարող է նկատվել այն մարդկանց մոտ, ովքեր առավել հաճախ ունեն օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության խնդիրներ, էնդոկրին խանգարումներ,Վիտամին D-ի փոխանակության խանգարում:  Տևական ժամանակ տարատեսակ դեղամիջոցներ օգտագործող մարդիկ ևս հակում ունեն քարագոյացման:

Ինչպիսի՞ն է ախտորոշման ողջ գործընթացը՝ հաշվի առնելով քարափշրման հետագա միջամտությանփաստը:

-Յուրաքանչյուր հիվանդ զննվում է բժիշկի կողմից, կատարվում է ֆիզիկալ հետազոտություն, որը բժշկին թույլ է տալիս նախնական ախտորոշել հիվանդությունը:  Իրականացվում է ՈՒՁՀ (սոնոգրաֆիա), ռենտգենգրաֆիա և լաբորատոր քննություններ: Հստակ ու ավարտուն ախտորոշումը սահմանվում է երկու ինֆորմատիվ հետազոտութոյւնների  համընկնումով: Երբեմն անհրաժեշտություն է լինում կատարել  համակարգչային շերտագրում, հատկապես ատիպիկ դեպքերում՝ առավել համակողմանի ինֆորմացիա ունենալու համար:

Ինչպե՞ս է ընտրվում հիվանդին քարերից  ազատելու տեսակն ու միջոցը:

-Բուժման տակտիկան հիմնականում ընտրվում է այնպես, որ պացիենտի համար լինի անվտանգ, քիչ ինվազիվ և  արդյունավետ: Ընտրությունը պայմանավորված է միզային համակարգի անատոմիական առանձնահատկություններով, քարերի առաջացրած խցանումների բարդություններով, իհարկե նշանակություն ունի նաև քարերի խտությունը, ձևը, չափը  և տեղակայումը:

Ի՞ նչ է իրենից ներկայացնում հեռահար քարափշրումը:

– Քարափշրման պրոցեսը   պարզ է: Հեռահար քարափշրումը ոչ ինվազիվ (ոչ վիրահատական) մեթոդ է:  Քարափշրման սարքի էությունը  կայանում է նրանում, որ մեխանիկական ալիքների միջոցով կատարվում է  քարի ֆրագմենտացիա(փշրում):  Մեխանիկական բազմակի  ալիքները, անվնաս անցնելով  մաշկի միջով,  համադրվում են էպիկենտրոնում և  առաջացնում  մեծ մեխանիկական էներգիա, որն էլ խախտում  է քարի ամբողջականությունը՝ փշրելով այն մանր բեկորների: Համեմատելի է, երբ խոշորացույցով արևի էներգիան  մի կետում կենտրոնացնում ենք  ու այրում ենք ստանում: Քարափշրանքները ինքնուրույն ճանապարհով հեռանում են մեզի միջոցով:

Պացիենտի տեսանկյունից սա հե՞շտ տարվող միջամտություն է: Կա՞ ցավի զգացողություն, և արդյոք՝ընդհանուր անզգայացման    խնդիր:

-Հեռահար քարափշրումն արվում է առանց ընդհանուր և տեղային անզգայացման: Միջմկանային ցավազրկում արվում է  այն պացիենտներին, ովքեր հատուկ գերզգայունություն ունեն ցավի նկատմամբ: Իսկ նման դեպքերը  քիչ են: Սովորաբար պացիենտներն իրենք էլ հետևում են քարափշրման,  նաև քարի ինքնուրույն հեռացման պրոցեսին: Մասնավորապես ստորին երրորդի քարերի պարագայում է դա նկատելի: Քարափշրման սեանսից հետո անհրաժեշտութոյւն է լինում հակաբակտերիալ, սպազմոլիտիկ, հակաբորբոքային դեղամիջոցներով բուժում նշանակելու: Որպես կանոն՝ առավելագույնը երկու շաբաթում հեռահար քարափշրման արդյունքում քարերը դուրս են գալիս օրգանիզմից:

Ի՞ նչ սարքավորմամբ է իրականացվում հեռահար քարափշրումը Շենգավիթ Բժշկական Կենտրոնում:

-Մենք կիրառում ենք հանրահայտ Դոռնիեր ֆիրմայի քարափշրման սարքավորումը : Առաջին քարափշրման սարքը ստեղծել է  այս ընկերությունը: Մեր կլինիկայում այն իրականացվում է վերջին սերնդի ապարատով: Սա լավագույնն է ամբողջ աշխարհում իր արդյունավետությամբ և որակով:

Նյութի աղբյուրը՝ healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook