Հինգ կողմնակի բարդություն, որոնք կարող են զարգանալ վիտամին D-ի գերդոզավորման դեպքում
Վիտամին D-ն մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերից մեկն է, որը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների տակ: Այս տարրի բավարար մակարդակն օգնում է պաշտպանվել այնպիսի հիվանդությունների զարգացումից, ինչպիսին են գրիպը, սրտանոթային հիվանդություններն ու ոսկորների ախտաբանությունները: Բացի այդ, այս վիտամինն օգնում է յուրացնել սննդում պարունակվող կալցումը, մինչդեռ դրա դեֆիցիտը հաճախ է ուղեկցվում նաև կալցիումի դեֆիցիտով, որը նույնպես կարևորագույն նշանակության տարրերից մեկն է:
Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ անգամ որևէ օգտակար ու կարևոր բանի ավելցուկը կարող է և վնասակար լինել ու դառնալ մի շարք կողմնակի բարդությունների զարգացման պատճառ, և վիտամին D-ն ևս բացառություն չէ, ուստի այս տարրի ինքնուրույն ընդունման դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել:
Փորձագետների խոսքով՝ այս վիտամինի սխալ ընդունումը, ինչի հետևանքով դրա մակարդակն օրգանիզմում զգալի բարձրանում է, կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Այս դեպքում օգտակար համարվող տարրը կարող է տոքսիկ դառնալ, ինչն էլ կուղեկցվի մի շարք կողմնակի բարդությունների զարգացմամբ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կողմնակի բարդություն, որոնք կարող են զարգանալ վիտամին D-ի ընդունման հետևանքով:
Արյան մեջ կալցիումի անառողջ մակարդակ
Վիտամին D-ի չափազանց մեծ չափաբաժնի ընդունումը կարող է հանգեցնել արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման, որը հայտնի է հիպերկալցեմիա անվանմամբ: Այս խանգարման դեպքում կարող են նկատվել այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսին են անհագ ծարավն ու հաճախամիզությունը: Բացի այդ, այս դեպքում բարձրանում է նաև կալցիումային քարերի ձևավորման հավանականությունը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել:
Երիկամների հետ կապված խնդիրներ
Այս տարրի գերդոզավորման դեպքում երիկամների վնասվածքները կարող են լինել ինչպես չափավոր, այնպես էլ լուրջ: Այս դեպքում առավել վտանգված են այն մարդիկ, որոնք արդեն իսկ ունեն երիկամների հետ կապված խնդիրներ կամ քրոնիկ երիկամային խանգարումներ:
Մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ
Վիտամին D-ի չարաշահման դեպքում կարող են նկատվել նաև որոշակի խնդիրներ կապված մարսողական համակարգի աշխատանքի հետ: Նման խնդիրների շարքին են դասվում փորլուծությունը, փորկապությունը, որովայնի ցավերը և այլն:
Ոսկորների հետ կապված խնդիրներ
Վիտամին D-ն համարվում է ոսկորների առողջությունը պահպանող գլխավոր տարրերից մեկը, սակայն դրա չարաշահումը կարող է հանգեցնել ոսկրային հյուսվածքների վնասման: Բանն այն է, որ այս տարրի չափազանց բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում վիտամին K2-ի յուրացման վրա, ինչը կարող է հանգեցնել ոսկրային հյուսվածքների կորստի:
Ինքնազգացողության վատթարացում
Ինչպես արդեն նշվել է՝ վիտամին D-ի չարաշահումը կարող է դառնալ արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման պատճառ, իսկ այս տարրի բարձր մակարդակն ուղեկցվում է այնպիսի տհաճ խնդիրներով, ինչպիսին են ախորժակի կորուստը, սրտխառնոցը, հոգնածության զգացումն ու գլխապտույտները:
Նյութի աղբյուրը՝ Times Now