Friday, April 19, 2024
Նորություններ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

Առողջապահության նախարարության <<Թեժ գիծ>> ծառայությանը դիմողների թիվը 2016-ին 10 տոկոսով ավելի է, քան՝ նախորդ տարի: Ընդհանուր առմամբ՝ <<Թեժ գիծ>>- ն ստացել է 15 043 հեռախոսազանգ: Ստացված 248 բողոքի վերաբերյալ ուղարկվել են գրություններ Երեւանի եւ մարզերի բժշկական կենտրոններ, հարուցվել են վարչական վարույթներ, բուժաշխատողների նկատմամբ կիրառվել են բանավոր զգուշացումներ, կարգապահական տույժեր: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր ամփոփել է անցնող տարին: Ուրախացնող ցուցանիշներից է սուր ինֆարկտից գրանցված մահերի թվի նվազումը՝ շուրջ 500-ով: Պետպատվերի շրջանակներում իրականացվել է  3 216 սրտի վիրահատություն, որից 167՝ երեխաների մոտ:levon-altunyan01

Առողջապահության ոլորտին այս տարի հատկացվել է 89 միլիարդ դրամ, բայց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը համոզված է՝ մեր երկրի բնակչությանը լիարժեք բուժծառայություններով ապահովելու համար անհրաժեշտ է մոտավորապես 300 միլիարդ դրամ: Գումարը 5 տարվա զարգացման հեռանկարով է՝ ասում, նույն հեռանկարով նաեւ ասում է բուժաշխատողների աշխատավարձի անհրաժեշտ չափը՝ 400 հազար դրամ: Նախարարը սակայն համոզված է՝ կոռուպցիոն ռիսկերը բուժհաստատություններում կվերանան ավելի շուտ:

Սեպտեմբերից պաշտոնավարման ընթացքում նախարար Ալթունյանը հասցրել է նաեւ տեղեկանալ պետպատվերի հետ կապված խնդիրներին, երբ տարին դեռ չավարտված բուժհաստատություններն այլեւս չեն սպասարկում հիվանդներին՝ պատճառաբանելով, որ հատկացված գումարն ավարտվել է:

Պետպատվերի բաշխումների թափանցիկությունն ապահովելու համար նախարարությունում ստեղծվում է <<էլեկտրոնային առողջապահության համակարգը>>, որտեղ գրանցվելու են բոլոր՝ մոտ 490 բժշկական հաստատությունները: Այս համակարգի միջոցով յուրաքանչյուր քաղաքացին առցանց հնարավորություն կստանա ծանոթանալ յուրաքանչյուր հիվանդանոցին հատկացված պետպատվերի չափին, յուրաքանչյուր հիվանդի բուժման համար ծախսված գումարին եւ, առհասարակ, պետպատվերի շրջանակներում գումարային յուրաքանչյուր շարժին: <<Այս դեպքում կկանխվի նույնիսկ հնարավոր չարաշահումների ցանկությունը>>,- ասում է առողջապահության նախարարը: Այսօր նա անդրադարձել է նաեւ մոր եւ մանկան մահացության դեպքերին: Վերջին ցավալի լուրը ստացվել էր երեկ Սյունիքի մարզից, որտեղ մահացել էր եւ նորածինը, եւ ծննդկանը: Առհասարակ նման խնդիրների հետ կապված հրահանգ նախարարությունից արդեն իջեցվել է՝ ասում է նախարարը:

Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ առողջապահության նախարարությունը պատրաստվում է քրեականացնել Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook