Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ՀՀ-ում 13 տ. մոտ 15 000 աղջկա կպատվաստվի պապիլոմա վիրուսի դեմ. ըստ պաշտոնյայի՝ աշխարհում այս պատվաստումներից հետո որևէ լուրջ խնդիր չի գրանցվել

 

Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած 13 տարեկան աղջիկները պատվաստվելու են պապիլոմա վիրուսի դեմ: Սպասվող պատվաստման վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության Իմունկանխարգելման ազգային ծրագրի համակարգող, Հիվանդությունների գրանցման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանի հետ:

-Դեկտեմբերին 13 տարեկան աղջիկների շրջանում սկսվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Այն նախապատրաստական ի՞նչ փուլում է և արդյո՞ք կան նախնական տվյալներ, թե քանի աղջիկ է պատվաստվելու:

-Այո, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած՝ նախատեսվում է սկսել 13 տարեկան աղջիկների շրջանում պատվաստվումները պապիլոմա վիրուսի դեմ: 2016 թվականի վիճակագրական տվյալներով, երկրում հաշվառված է 13 տարեկան մոտ 16 հազար աղջիկ: Մեր հաշվարկով կպատվաստվեն մոտ 15 հազարը: Այս պահին մենք նախապատրաստական ակտիվ փուլում ենք: Բուժաշխատողների շրջանում իրականացնում ենք դասընթացներ, լայն թափով կատարում ենք իրազեկման աշխատանքներ, որից հետո Առողջապահության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ և պատվաստումները կսկսվեն ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկներում:

-Տիկին Սահակյան, որոշ քաղաքացիների շրջանում մտահոգություն կա այս պատվաստումների վերաբերյալ, խոսվում է բացասական հետևանքների մասին, տարբեր տեղեկատվական հարթակներից մեջբերվում են տեսանյութեր, հոդվածներ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես տեղյակ եմ հասարակության շրջանում առկա մտահոգությունների, անհանգստությունների վերաբերյալ: Պետք է նշեմ, որ տեղեկատվական հարթակներից այդ հղումները, տեսանյութերն առանձին դրվագներ են: Գիտականորեն ապացուցված տեղեկատվությունը, որ կա համապատասխան միջազգային կազմակերպություններում, չեն համապատասխանում վերը նշված հղումներին: Գոյություն ունի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողով, որը պարբերաբար դիտարկում  է պատվաստանյութերի անվտանգությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցերը, դրանք քննարկում է: Վերջին քննարկումը եղել է հենց այս տարի և դրան համահունչ թարմացվել է այս պատվաստանյութի հետ կապված առկա պաշտոնական դիրքորոշումը: Համաձայն այդ տվյալների՝ ավելի քան 270 մլն դեղաչափ պատվաստում է  կատարվել ամբողջ աշխարհում: Պատվաստումներից հետո լուրջ մտահոգության տեղիք տվող որևէ դեպք չի արձանագրվել, որը վկայում է, որ պատվաստումների կիրառումն անվտանգ է: Ինչպես մյուս պատվաստումների դեպքում, այս պարագայում ևս հնարավոր են սպասվող ռեակցիաներ՝ այտուց, կարմրություն, ցավի առաջացում: Այո, այն ցավ առաջացնում է, յուրաքանչյուր 10 պատվաստվածից  8-ի մոտ դա կարող է լինել, սակայն կարճ ժամանակով, հետո անցնում է:

-Տիկին Սահակյան, այս պատվաստմանը դեմ արտահայտողները նշում են, որ շատ երկրներ հրաժարվել են դրանից՝ կասկածի տակ դնելով պատվաստանյութի արդյունավետությունը: Դուք ասացիք բազմաթիվ երկրներում այն կիրառվում է, կնշե՞ք դրանք:

-Այսօր պատվաստումներ իրականացվում են ավելի քան 70 երկրում, այնպիսի երկրներում ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, արևմտյան եվրոպական երկրները: Ցանկում կան պետություններ, որոնք 10-ից ավելի տարի իրականացնում են այս պատվաստումը, և նրանցից որևէ մեկը չի դադարեցրել: Հավանաբար խոսքը Ճապոնիայի մասին է, այնտեղ դա չի ընդհատվել, պարզապես այնտեղ պատվաստումների մասով պետական մասշտաբով հանրային իրազեկման աշխատանք չի կատարվում: Յուրաքանչյուր բուժաշխատակից իր աշխատանքի շրջանակում ինքն է աշխատում ծնողների հետ:

-Կխնդրեմ, որպես մասնագետ ներկայացնեք հակացուցումները, ո՞ր դեպքում չի թույլատրվում պատվաստել երեխային:

-Ինչպես այս պատվաստանյութի, այնպես էլ մյուսների դեպքում հակացուցումները ընդհանուր են: Եթե պատվաստվողի մոտ կա սուր վիճակ, տվյալ պահին պատվաստում չի իրականացվում: Երբ նրա վիճակը գնահատվում է բարվոք, նոր արվում է:

-Դուք նշեցիք, որ 70 երկրում այս պատվաստումը ներդրված է: Այդ երկրների փորձը հաշվի առնելով, ի՞նչ կանխատեսումներ կան:

-Այդ երկրների փորձը հաշվի առնելով, մեզ մոտ դրական կանխատեսումներ կան: Այդ երկրներում գնահատումները ցույց են տվել, որ հիվանդացության նվազում է նկատվում: Դա խոսում է այն մասին, որ արգանդի պարանոցի քաղցկեղի հսկողությունը կհաջողվի, կկարողանանք 10-ից 7 աղջկա մոտ կանխել:

-Մեզ մոտ ի՞նչ վիճակագրություն կա արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության վերաբերյալ, արդյո՞ք պատկերը մտահոգիչ է, որ ներդրվում է պատվաստման այս տեսակը:

-2016 թվականի վերջին տվյալներով՝ արգանդի պարանոցի քաղցկեղով  հիվանդ 2 հազար 990 կին հաշվառման մեջ է: Այս շարքը համալրվում է յուրաքանչյուր տարի միջինում մոտ 250 հիվանդության դեպքով, նոր դեպքերի մասին է խոսքը: Մահվան դեպքեր ևս լինում են, միջինը 100 կին յուրաքանչյուր տարի մահանում է  արգանդի պարանոցի քաղցկեղից: Այս խնդիրը մեզ մոտ լուրջ է: Ի դեպ, կանանց շրջանում քաղցկեղով հիվանդացության ընդհանուր պատկերում արգանդի պարանոցի քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook