Thursday, March 28, 2024
ՆորություններԺամանց

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

Հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվելու է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով:

Հոբելյանի առիթով հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երեւանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները եւ երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին:

Նույն օրը՝ ժամը 13:00-ին, Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում տեղի կունենա կոմպոզիտորի հիշատակին նվիրված ծաղիկների խոնարհման արարողություն, որին կհաջորդի կոմպոզիտորի ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիր: Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վոկալիզ» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան), «Նոկտյուրն» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար՝ Արմեն Պուչինյան), «Մեղեդի» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար՝ Արթուր Գրիգորյան), «Երախտապարտ եմ քեզ» («Благодарю тебя») երգի մշակում (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան):

Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:00-ին: Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սեւակ Ավանեսյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վեց պատկեր» դաշնամուրի համար, Սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար, Տրիո ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook