Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հոգեբանը նշել է՝ որոնք են երեխաների մոտ քնի խանգարումների հիմնական պատճառները

Առողջ գիշերային հանգիստը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, իսկ երեխաների դեպքում այն առհասարակ կենսական նշանակություն ունի, քանի որ քունը նրանց ֆիզիկական ու հոգեհուզական զարգացման կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում։ Այնուամենայնիվ ժամանակակից կյանքի պայմաններում քնի խանգարումները բավական տարածված են անգամ երեխաների շրջանում, ինչը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հոգեբան Վարվառա Յարոշենկոն նշել է երեխաների մոտ քնի խանգարումների առավել տարածված պատճառները։

Մասնագետի խոսքով՝ փոքրիկների մոտ քնի խանգարումները կարող են պայմանավորված լինել առողջական որոշ խնդիրներով, այդ թվում՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներով։ Եթե քնի հետ կապված խնդիրը պայմանավորված չէ առողջական խնդիրներով, ապա պատճառը կարող են լինել օրվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը, քանի որ տարիքի հետ երեխաների համար ավելի մեծ նշանակությունն են ունենում հոգեսոցիալական գործընթացները, ինչպիսին են մանկապարտեզ հաճախելը կամ տարեկիցների հետ շփումը։

Բացի այդ, երեխայի քնի որակի վրա անմիջական ազդեցություն կարող է ունենալ նաև տանը տիրող մթնոլորտը։ Երեխայի վրա խիստ բացասաբար են անդրադառնում վեճերն ու տարաձայնությունները, ինչպես նաև մայրիկի սթրեսը։ Մասնագետի խոսքով՝ երեխայի առողջության ու քնի որակի պահպանման համար շատ կարևոր է նրան տարատեսակ գաջեթներից հեռու պահելը։ Ավելին՝ մինչև երեք տարեկան երեխաներին հակացուցված են անգամ մուլտֆիլմերը։ Մասնագետի խոսքով՝ երեխայի վրա բացասաբար է անդրադառնում անգամ այն, որ ծնողները նրա ներկայությամբ «նավարկում» են համացանցում կամ շփվում են հարազատների հետ տեսակապով, ուստի հետագայում խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել երեխայի ներկայությամբ տարատեսակ գաջեթների գործածությունից։

Գոյություն ունի տարածված կարծիք, որ երեխաները վախենում են քնել մթության մեջ, ուստի հաճախ ծնողները գիշերալամպը վառ են թողնում ամբողջ գիշեր, սակայն մասնագետը նախազգուշացնում է, որ մինչև երեք տարեկան երեխաները շատ ավելի հեշտ են քնում և լավ են հանգստանում առանց խանգարող լույսերի առկայության։ Բացի այդ, լիարժեք հանգստի համար շատ կարևոր է նաև սենյակում հաճելի ջերմաստիճանի ապահովումն ու ճիշտ օդափոխությունը։

Երեխայի հոգեկան առողջության վրա դրական ազդեցություն կունենա նաև օրվա հստակ ռեժիմը, ուստի հարկավոր է անպայման սահմանել հստակ ժամեր սնվելու, զբոսնելու, ակտիվ խաղերի ու հանգստի համար։ Հարկավոր է ճիշտ օգտագործել ակտիվության համար նախատեսված ժամերը, որպեսզի երեխան ժամանակին պառկի քնելու և բավական հոգնած լինի, որպեսզի քունը խորը լինի, հակառակ դեպքում քնի խանգարումներից խուսափել չի հաջողվի։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook