Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ձայնալարերի էնդոսկոպիկ վիրահատություն` «Իզմիրլյան» ԲԿ-ում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվել է էնդոսկոպի կիրառմամբ հերթական վիրահատությունը: Հիվանդի ձախ ձայնալարի վրա պոլիպ կար, որը նրան սաստիկ խանգարում էր խոսելիս:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պարզաբանեց ԼՕՌ էնդոսկոպիկ  ծառայության ղեկավար Կարեն Սոկոլյանը,  որը  կատարել է վիրահատությունը, հիվանդը բուհի դասախոս է, եւ պոլիպը նրա մոտ հնարավոր է  առաջացել է մասնագիտական գործունեության ` ձայնային ծանրաբեռնվածության հետեւանքով:

Վիրահատությունն անցկացվել է էնդոլարինգիալ մեթոդով` առանց կտրվածքի եւ կարերի, բերանի խոռոչի միջով` KARL STORZ ֆիրմայի պորտատիվ էնդոսկոպի կիրառմամբ:

Բժշկի խոսքով` նման հիվանդների դեպքում ձայնը նորմալ վերականգնվում է վիրահատությունից հետո հենց առաջին օրը, բայց ինքը, միեւնույն է, հատուկ ձայնային ռեժիմ է նշանակում. հիվանդները պետք է աշխատեն գոնե 7 օր չխոսել, մինչեւ ձայնալարերի վիրահատական վերքը վերջնականապես ապաքինվի:

Կարեն Սոկոլյանը նշեց, որ ձայնալարերի նորագոյացությունները, որպես կանոն, զարգանում են ձայնային ռեժիմի խանգարման հետեւանքով: «Սրան կարող է հանգեցնել բղավոցը: Սա այն է, ինչը մենք ձայնի կտրվել ենք անվանում: Ձայնալարերի վրա վնասվածք է առաջանում, որից հետո այնտեղ այտուց, այնուհետեւ պոլիպ է գոյանում»,- ասաց նա` հավելելով, որ վտանգի գործոններ են համարվում նաեւ ծխելը եւ սխալ սննդակարգը:

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կոկորդի եւ քթի վիրահատություններ են կատարում քիչ ինվազիվ էնդոսկոպիկ մեթոդով:  Ավելին, կոկորդի եւ քթի հիվանդությունների ախտորոշումը նույնպես էնդոսկոպի միջոցով է կատարվում:

Բժշկի խոսքով՝ հիվանդները ԼՕՌ մասնագետներին են դիմում հիմնականում քթային դժվարաշնչության, կոկորդում եւ ականջում ցավերի, ծանրալսության եւ խռպոտության (ձայնալարերի խնդիրների) դեպքերում:

«Իզմիրլյան» ԲԿ-ում քթի վիրահատությունների ժամանակ օգտագործվող KARL STORZ ընկերության էնդոսկոպը պորտատիվ է, եւ դա լրացուցիչ առավելություններ է ստեղծում:

Այս էնդոսկոպը եզակի է նաեւ նրանով, որ քթի խոռոչը տարբեր անկյուններից դիտելու հնարավորություն է տալիս:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook