Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

ՁՎԱՐԱՆԻ ԿԻՍՏԱ

Ձվարանի կիստան հեղուկով լցված գոյացություն է: Որպես կանոն, կիստան զարգանում է ձվարանում ֆոլիկուլի հասունացման հետևանքով: Ձվարանների կիստաները տարբերվում են իրենց բնույթով : Առանձնացնում են օրգանական և ֆունկցիոնալ( ֆոլիկուլյար)կիստաներ: Օրգանական կիստաները հիմնականում բուժվում են վիրահատական եղանակով, իսկ ֆունկցիոնալ կիստաները բուժվում են կոնսերվատիվ եղանակով (դեղամիջոցների և այլ կոնսերվատիվ եղանակների միջոցով):
Ֆունկցիոնալ կամ ժամանակավոր կոչվող կիստաների մեծամասնությունը կնոջ առողջությանը վտանգ չեն ներկայացնում և հաճախ ինքնուրույն են անցնում՝ առանց որևէ բուժման:
Այդպիսի կիստաները հիմնականում առաջանում են ձվազատման խախտումներից: Այս դեպքում ֆոլիկուլը շարունակում է աճել, իսկ դեղին մարմնում սկսում է հեղուկ առաջանալ: Ինչպես նշվեց, ֆունկցիոնալ կիստաները ինքնուրույն են անցնում և բուժում չեն պահանջում: Սակայն չի բացառվում բարդությունների առաջացումը, ինչպիսիք են՝ կիստայի ճեղքումը, ոլորումը և դրա հետևանքով սկսված ներքին արնահոսությունը:
Առավել լուրջ և բուժում պահանջող կիստայի տեսակ է անոմալ կիստան: Անոմալ են համարվում այն կիստաները, որոնք 3 ամիսների ընթացքում ինքնուրույն կերպով չեն անցնում: Այդ կիստաների բուժումը կարող է լինել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական:
Երբեմն ձվարանի կիստան կարող է զարգանալ առանց որևէ բացահայտ ախտանիշի, սակայն կան մի քանի հիմնական ախտանշաններ, որոնք վկայում են ձվարանի կիստայի հնարավոր առկայության մասին: Հիմնական ախտանշաններից են՝
• որովայնի ստորին հատվածի ցավերը
• ներսից անկանոն և ցավոտ դաշտանային ցիկլը
Հնարավոր են նաև այլ ախտանշանների առկայություն, ինչպիսիք են՝
• ինտենսիվ և հանկարծակի ցավեր որովայնի ստորին հատվածում՝ սեռական հարաբերությունների ժամանակ
• հաճախամիզություն
• դեմքի մազակալում
• որոշ դեպքերում՝ քաշի ավելացում
• հաճախակի սրտխառնոց, փսխում
• ջերմության բարձրացում՝ մինչև 38-39° С
• սրտի արագացած աշխատանք
Հնարավոր բարդություններից խուսափելու համար, նմանատիպ ախտանշանների և նույնիսկ ախտանշանների բացակայության պարագայում, հարկավոր է այցելել գինեկոլոգին և ուլտրաձայնային հետազոտություն անցնել: 

Fanarjyanclinic

Leave a Reply

x Close

Like Us On Facebook