Friday, April 19, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Մայրական ագրեսիա. Ինչպե՞ս հաղթահարել

Ագրեսիան ուժ է, որը հատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Այն կյանքի էներգիան է և, ըստ պահանջմունքի՝ շրջակա միջավայրից անհրաժեշտը վերցնելու միտում է: Այն հնարավորություն է տալիս պաշտպանել անձնային տարածքը և սեփական գոյության իրավունքը: Ագրեսիան անհրաժեշտ է ընդունել՝ հարկ եղած դեպքում ունակ լինելով այն կառավարել:

Սոցիալականացված աշխարհում մեզ փոքրուց սովորեցնում են խեղդել և թաքցնել այն փոքրիկ «հրեշին», ով դուրս է ժայթքում ագրեսիայի միջոցով՝ պաշտպանելու որևէ անձնային պահանջ: Սակայն, մենք դեռ երեխա լինելով և ընդունված նորմերին համապատասխան վարք ցուցաբերելով, զսպում և չբացահայտված ու չճանաչված ենք թողնում մեր ներսի «հրեշներին»։

Մենք նրանց արտամղում ենք, սակայն նրանք չեն անհետանում, այլ թափառում են անգիտակցականում: Սակայն հասուն տարիքում, երբ այլևս մեր հոգեկանը չի կարողանում պայքարել անընդունելի, նյարդայնացնող, պարբերաբար ինքնաճնշմանն ուղղված ծանրաբեռնվածությանը՝ մեր օրգանիզմը դիմում է ագրեսիվ վարքի:

Մայրական ագրեսիան հիմնականում արտահայտվում է հուզական այրման ժամանակ, երբ առկա է քրոնիկ անքնություն և հիմնական պահանջների անբավարարվածություն: Իսկ կոնկրետ ագրեսիան արտահայտվում է երեխայի զարգացման այն փուլում, երբ երեխան արդեն ինքնարտահայտման քայլեր է անում, և իր ցանկությունները չեն համապատասխանում մայրիկի ցանկությունների հետ:

Նման իրավիճակը հնարավոր չէ մեկ քայլով հաղթահարել: Դրա համար անհրաժեշտ է համակարգային աշխատանք ներքին արժեքների և անձնային դրսևորումների հետ:

Դրանք են.

1. Աշխատանք պատրանքների և սպասումների հետ: Առաջին մեծ պատրանքը կապված է երեխայի հետ: Երեխան փոքր մեծահասակ է: Նա հասուն, հավասարակշռված հասուն մարդու կրկնօրինակն է: Երեխան մեզանից լավ պետք է հասկանա, թե իրեն ուղղված ինչ պահանջներ ունենք:

Այս ամենն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Երեխան իռացիոնալ է, նրա վարքը ենթարկվում է հույզերին, կերպարներին և վայրկենական ազդակներին:

Երեխան կարող է լսել և անել այն, ինչ ասում է ծնողը, եթե դա համապատասխանեցված է նրա հուզական վիճակի և պահանջների հետ: Ապրելով պատրանքների և սպասումների մեջ՝ մենք օտարում ենք շրջապատի մարդկանց և սեփական կյանքը:

Մենք նրանց չենք տեսնում և սեփական պատրանքների իրականացման պատասխանատվությունը փոխանցում ենք դիմացինին: Նման դրսևորման հիմնական շտկումն է՝ հասկանալ այն կետը, որն անընդհատ տվյալ վիճակն է արթնացնում, և քննադատել և ինքնադիտման ենթարկել դա: Աշխատել ներքին բովանդակության հետ:

2. Հոգ տանել սեփական անձի մասին: Մայրը, որը սեփական սահմանների, պահանջների, ռեսուրսների տեսանկյունից ունի ծանրաբեռնվածություն, իր վրա է վերցնում նաև երեխայի կյանքի հանդեպ պատասխանատվությունը՝ հաճախ անտեսելով ինքն իրեն:

Կինը, սպասելով, որ հարազատները կհասկանան իր ներքին պահանջներն ու կբավարարեն դրանք, և չստանալով այդ ամենը՝ իր մեջ կուտակում է մի մեծ դժգոհության փունջ, որը հետագայում անդրադառնում է ընտանեկան համակարգի ներդաշնակության վրա: Սակայն սա չի նշանակում, որ ամեն բան պետք է վերցնել սեփական ուսերի վրա և տանել այդ բեռը՝ մինչև իսպառ հյուծվածություն:

Անհրաժեշտ է պայմանավորվել տան անդամների հետ, քանի որ երեխայի առկայությունը տան մեջ, դա ընտանեկան համակարգի գլոբալ փոփոխություն է, որի համար պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր անդամ, այլ ոչ թե՝ միայն լույս աշխարհ բերողը:

3. Զարգացնել հույզերը կառավարելու ունակությունը: Մեր հուզական բռնկումն ունի մարմնական նախանշաններ, որոնք կարելի է կանխել: Երբ մի բան զայրացնում է, մեր օրգանիզմում սկսում են հետևյալ արտահայտումները՝ արագ սրտխփոց, արյան մեծ հոսք դեպի վերջույթներ և գլուխ, շնչառությունը դառնում է առավել արտահայտված:

Խորհուրդ է տրվում՝ նման նախանշաններ նկատելով, ամեն բան թողնել, մոտենալ պատուհանին, հաշվել մինչև տասը և մտովի հասկանալ՝ ինչու այդպես եղավ: Նման վարժանքը կզարգացնի սեփական հույզերը հասկանալու և դրանք կառավարելու ունակությունը:

4. Ապրումակցել ինքդ քեզ և երեխային: Զայրույթը հաղթահարելուն օգնում է ապրումակցումը: Մինչ հույզերին տեղի տալը՝ մի պահ հիշեք, որ ձեր առաջ շատ փոքր մարդուկ է, ով ամբողջությամբ ձեր խնամքի և աջակցման կարիքն ունի: Այն, ինչ անում է երեխան, չի կարող միտումնավոր լինել:

Ուղղակի դա բախում է ձեր՝ մեծահասակի՝ կանոններով հարուստ կյանքի, և փոքրիկի՝ հետաքրքրասեր, առանց կանոնների աշխարհի միջև, որոնք իրականում անհամատեղելի են: Մնում է միայն, որպես մեծ՝ սիրել փոքրիկի աշխարհը, ապրումակցել և գիտակցել, որ դուք էլ եք այդ ճանաչողական աշխարհն անցել փոքր հասակում:

5. Հին վիրավորանքների մաքրում գիտակցությունից: Սա այն իրավիճակն է, երբ օրվա ընթացքում հին վիրավորանքների հետ կապված մտքերը մեզ հանգիստ չեն տալիս: Մեր ուղեղը, ճնշելով իրականությունը, անընդհատ մեզ հիշեցնում է այն մարդկանց, այն իրավիճակները, որոնք ցավ և վիրավորանք են պատճառել:

Անցյալ ժամանակում, երբ դա տեղի է ունեցել, մենք չենք պատասխանել, չենք պաշտպանվել և ստիպված նահանջել ենք: Այն ակտիվանում է, քանի որ ներքին վախ կա, որ այդ ամենը կկրկնվի, և մեր հակազդումը նույնը կլինի: Նման վիճակի հետ աշխատանքը ենթադրում է վերադարձ անցյալ, իրավիճակի ավարտ՝ քննարկման և վերլուծման միջոցով:

Գեշտալտ ավարտուն արդյունքը ստանալով՝ մենք կարող ենք առաջ գնալ՝ առանց հիշողությունների և առանց անցյալի ագրեսիան ներկային փոխանցելու:

6. Սեփական ագրեսիվ մասի ընդունում: Եթե մենք մեր ագրեսիան թաքցնենք, մտածենք, որ դա մենք չենք, դա մեր մասը չէ, ապա այն կսկսի մեզնից վրեժ լուծել: Մեր ուղեղը կսկսի սադրել մեր ներսում եղած ագրեսիան: Շրջապատի մարդիկ կսկսեն անվստահելի և ագրեսիվ թվալ մեզ:

Մենք կլինենք դյուրագրգիռ, սակայն դրանում կմեղադրենք դիմացիններին: Մենք պետք է ընդունենք մեր այն մասը, որը կարող է մեր տեսակին հակառակ լինել, ընտելացնել և սիրել այն:

Քանի որ ինքնաճանաչումը, ճիշտ վայրում սեփական ագրեսիան արտահայտելու ունակությունը նշանակում է՝ ետ ընդունել մեր իսկ կողմից օտարացման մղված մեր մի մասին, հետևաբար՝ ապրել ներդաշնակ սեփական անձի և շրջապատի հետ:

Աղբյուրը՝  /168.am/Կամիլա Խաչատրյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook