Մաշկի վրա անհանգստացնող փոփոխություն նկատելու դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի
Մաշկային հիվանդությունների առաջացման պատճառները շատ են։ Դրանք կարող են լինել և՛ արտաքին գործոնների, շրջակա միջավայրի տրավմատիկ ազդեցությունը, և՛ ներքին, իմունային և էնդոկրին համակարգերի խանգարումները: Ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներն ու մի շարք այլ խնդիրներ ևս ազդում են մաշկի վրա:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց՝ երբ որևէ մեկը տեսնում է որևէ փոփոխություն իր մաշկի վրա, որը նախկինում չի եղել և որը իրեն անհանգստացնում է, պետք է անպայման դիմի մասնագետի:
«Միգուցե, այդ խնդիրը դեռ հիվանդություն չի ձևավորել և բուժման անհրաժեշտություն չկա, բայց նման դեպքում ունենք մի վիճակ, որը պահանջում է մաշկաբանի խորհրդատվություն: Պետք է մաշկաբանը նշի, որ այստեղ խնդիր չկա և դուք առողջ եք, այլ ոչ թե ինչ-որ բլոգեր կամ համացանցից հայտնի մեկը: Մասնագետը պետք է որոշի այլ օրգանների խնդիրների առկայությունը և այլ մասնագետների, համապատասխան անալիզների և հետազոտությունների անհրաժեշտությունը»,- ասաց բժիշկը:
Մաշկաբանն ընդգծեց՝ առողջ և երիտասարդ մաշկ ունենալու համար յուրաքանչյուրը պետք է նախ սիրի իր մաշկը. այն անընդհատ ենթարկվում է արտաքին միջավայրի ազդեցության:
Հաջորդը սննդակարգի պահպանումն է, օրինակ՝ քաղցրի սահմանափակումը միանշանակ փոխում է մաշկի որակը: Ծխախոտի սահամանափակումը ևս փոխում է մաշկի որակը, քանի որ արդեն ապացուցված փաստ է, որ առաջին օրգանը, որը փոխում է իր ձևը, դա մաշկն է. ծխախոտից հրաժարվելուց հետո առաջին փոփոխությունը մենք նկատում ենք հենց մաշկի վրա: Սպորտը մաշկի էլաստիկությունը ապահովելու լավագույն տարբերակներից մեկն է, տարբեր նյութեր մաշկի մեջ ներարկելու փոխարեն կարելի է ուղղակի մի քիչ սպորտով զբաղվել»,- ասաց Հովհաննիսյանը:
Մաշկաբանը ընդգծեց, որ առհասարակ մաշկը պետք է սիրել, մաշկը փորձադաշտ չէ, և անգամ այն կնճիռները, որոնք առաջանում են տարիքի հետ շատ ավելի գեղեցկացնում են մարդուն. պետք չէ մաշկը դարձնել փորձադաշտ, որտեղ պետք է գումար ծախսել և շտկել:
«Մեր ընթերցողներին խորհուրդ եմ տալիս չխուսափել մաշկաբանի հետ խորհրդակցելուց: Երկրորդը՝ ոչ միայն մաշկաբանական, այլ առհասարակ ոչ մի խնդրի դեպքում ինքնաբուժությամբ մի զբաղվեք: Եվ հիշենք մի շատ կարևոր փաստ, որ միայն առողջ մարդը կարող է լինել գեղեցիկ, եթե ուզում եք գեղեցիկ լինել, ունեցեք առողջ մաշկ»,- նշեց մասնագետը:
Մաշկային մի շարք հիվանդությունների մասին և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Գայանե Գաբոյան