Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մարմնի տարբեր մասերի տհաճ հոտ. 7 ահազանգ, որոնք կարող են պայմանավորված լինել առողջական տարբեր խնդիրներով.tert.am

Այս մասին հաղորդում tert.am-ը: Մարմնի տհաճ հոտը, բացի վատ հիգիենայի նշան լինելուց, նաև կարող է պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով, վարակներով և այլ խնդիրներով:

Մարմնի որոշակի հոտ ունենալը բացարձակապես նորմալ երևույթ է, և չնայած, որ այդ հոտերից շատերը բավական տհաճ են, դրանք շատ մեծ նշանակություն ունեն մարդու օրգանիզմի համար (օր.՝ մասնակցում են տոքսիկ նյութերի դուրսբերմանն ու մարմնի ջերմակարգավորմանը):

Այնուամենայնիվ՝ չնայած, որ բոլորն էլ ունեն իրենց հատուկ հոտը, այն որոշ դեպքերում դառնում է շատ ավելի սուր ու տհաճ, ինչը կարող է լինել քրոնիկ հիվանդության, վարակների և նույնիսկ քաղցկեղի ախտանշան:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդությունները մարդու օրգանիզմում քիմիական փոփոխություններ են անում: Ընդ որում՝ այդ հիվանդություններից շատերը կարելի է հայտնաբերել հենց մարմնի հոտի փոփոխությամբ:

Եթե մարմնի հոտը դառնում է ավելի ակնհայտ և այն դժվար է լինում չեզոքացնել, ապա հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել, քանի որ դա կարող է առողջական խնդիրների ազդանշան լինել:

1. Մարմնի տհաճ հոտ սնկային վարակների հետևանքով

Հեշտոցային արտադրությունը համարվում է նորմալ, եթե դրա գույնը թափանցիկ է կամ սպիտակ և այն չունի տհաճ հոտ: Երբ այդ արտադրությունը դառնում է ավելի թանձր և նկատվում է խմորիչի տհաճ հոտ, ապա դա կարող է լինել կանդիդոզի կամ սեռական օրգանների սնկային մեկ այլ հիվանդության ախտանշան:

Մեծ մասամբ այս խանգարումները կապված են հղիության, շաքարային դիաբետ կամ հակաբիոտիկ միջոցների ընդունման հետ: Բացի այդ, սնկային վարակները նաև առաջացնում են քոր ու բորբոքումներ:

2. Ոտքերի տհաճ հոտ

Ոտքերի տհաճ հոտը պայմանավորված է լինում սնկերի ու բակտերիաների առկայությամբ, որոնք, օդի հետ շփվելիս, քայքայվում են և սկսում են տհաճ հոտ արձակել:

Նման խանգարումներ կարող են առաջանալ ինչպես հորմոնալ խնդիրների հետևանքով, այնպես էլ սխալ հիգիենայի և նյարդային խանգարումների պատճառով:

3. Բերանի խոռոչի տհաճ հոտ

Բերանի խոռոչի տհաճ հոտը պայմանավորված է լինում վատ հիգիենայով կամ որևէ վարակով, որը բակտերիաների աճի համար հարմար միջավայր է ստեղծում:

Այս խնդիրը կարող է զգալիորեն ազդել կյանքի որակի վրա, քանի որ առաջացնում է ինքնագնահատականի խնդիրներ և նպաստում է սոցիալական մեկուսացմանը:

Բարանի տհաճ հոտի պատճառ կարող են հանդիսանալ.

·         Բերանի խոռոչի բորբոքումները,

·         Կարիեսը,

·         Լնդերի հիվանդությունները,

·         Թոքերի վարակները,

·         Կոկորդի վարակները

·         Սննդամթերքի որոշ տեսակների գործածությունը (օր.՝ սոխ, սխտոր):

4. Ձկան հոտը

Հեշտոցի հատվածի ձկան հոտը հաճախ է խնդիրներ առաջացնում՝ հատկապես, եթե դրա առաջացման պատճառը պարզ չէ:

Եթե այդ հոտն ավելի ինտենսիվ է դառնում սեռական ակտից կամ դաշտանից հետո, ապա ամենային հավանականութամբ այն բատերիալ վագինոզի ախտանշան է, որն առաջանում է, երբ «վատ» բակտերիաների քանակը գերազանցում է «լավերինը»:

Այս հիվանդության ախտանշաններից են նաև մոխրագույն արտադրությունը, ցավը, քորն ու այրոցը:

5. Թևատակերի տհաճ հոտը

Թևատակերում գտնվող ու բազմացող բակտերիաները մարմնի տհաճ հոտի հիմնական պատճառներից են: Հոտազերծիչ միջոցներ չօգտագործելու և հիգիենային չհետևելու պարագայում այս հոտը շատ ավելի ուժեղ կարտահայտվի:

Սակայն որոշ դեպքերում այս խնդիրը կարող է պայմանավորված լինել մի հիվանդությամբ, որը կոչվում է բրոմիդրոզ և կապված է քրտնագեղձերի աշխատանքի խանգարման հետ:

6. Մեզի ուժեղ հոտը

Մեզն ունի իրեն բնորոշ հոտ, որը շատերին է ծանոթ, սակայն երբ այդ հոտը շատ ուժեղ է ու տհաճ, ապա հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել օրգանիզմի հանդեպ, քանի որ այն կարող է լինել տարբեր հիվանդությունների ախտանշան: Մեզի ուժեղ հոտը կարող է պայմանավորված լինել

·         Ընդունած դեղամիջոցով կամ վիտամիններով,

·         Կերած ծնեբեկով,

·         Երիկամների կամ միզուղիների հիվանդություններով,

·         Միզուղիների վարակներով,

·         Շաքարային դիաբետով:

Մեծ մասամբ՝ մեզի ուժեղ տհաճ հոտն ուղեկցվում է մեզի մուգ դեղին գույնով և միզելիս նկատվող թույլ այրոցով:

7. Գլխի մազածածկ հատվածի մաշկի տհաճ հոտը

Գլխամաշկի տհաճ հոտը կարող է առաջանալ օրգանիզմում տարբեր խանգարումների արդյունքում: Այն ոչ միշտ է պայմանավորված լինում վատ հիգիենայով: Տհաճ հոտ կարող է նկատվել նաև ճարպագեղձերի չափազանց առատ արտադրության կամ սնկային վարակների  դեպքում: Վերջինի դեպքում տհաճ հոտը կուղեկցվի նաև քորով ու կարմրածությամբ:

Նյութի աղբյուրը՝ econet.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook