Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մելանոմա

Փաստերն ու ապացույցները, որ մելանոման եղել է նաև հին ժամանակներում բավականին սակավաթիվ են։ 1960-ականներին Պերույում, 2400 տարվա մումիայի վրա կատարված ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են մելանոմայի նշաններ, մասնավորապես, մաշկի վրա մելանոտիկ զանգվածներ և մետաստազներ ոսկրերում։
Առաջին վիրահատությունը մետաստատիկ մելանոմայի վրա կատարել է Ջոն Հանտերը, 1787-ին։ Վերջինս չգիտեր ինչ է դա իրականում. նա նկարագրել է այն որպես «քաղցկեղային սնկային գոյացություն»։ Միայն 1968-ին, մանրադիտակային հետազոտության արդյունքում, պարզվել է, որ այդ ուռուցքը իրենից ներկայացնում է մետաստատիկ մելանոմա։ Այն ներկայացված է Հանտերյան թանգարանում (Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջ)։
Ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաեննեկը առաջինն էր, ով բացահայտել է մելանոման որպես հիվանդություն։ Դրա վերաբերյալ նրա զեկույցը սկզբում ներկայացվել է «Faculté de Médecine de Paris»-ի դասախոսության ժամանակ, 1804-ին, իսկ հետո, 1806-ին, հրատարակվել է որպես հաղորդագրություն (բուլետեն)։ Մելանոմայի մասին անգլերեն լեզվով առաջին զեկուցումը ներկայացվել է 1820-ին, Ուիլլիամ Նորրիսի կողմից։ Նա իր ուշ աշխատություններում նշել է նաև մելանոմայի զարգացման ընտանեկան նախատրամադրվածության մասին։ Նորրիսն առաջինն էր, ով կասկածում էր մելանոմայի և խալի միջև կապի գոյության, ինչպես նաև մելանոմայի և շրջապատող միջավայրի ազդեցության մասին։ Նա նաև բացահայտել է, որ մելանոմաները կարող են լինել նաև ամելանոտիկ և, ավելի ուշ, ցույց է տվել մելանոմայի մետաստատիկ բնույթը՝ նկատելով, որ այն կարող է տարածվել դեպի ներքին օրգաններ։
Առաջին տեղեկությունները մելանոմայի մասին, որ այն անբուժելի է, տվել է Սամուել Կուպերը, 1840-ին։ Նա պնդում էր, որ փրկության միակ եղանակը «հիվանդության» (ուռուցքի) վաղ հեռացումն է։ Ավելի քան մեկ և կես դար անց վիճակն ընդհանուր առմամբ մնացել է անփոփոխ։220px-malignant_melanoma_1_at_thigh_case_01

Մելանոմա (հունարեն՝ μέλας՝ սև, մուգ) (հնցծ.՝ մելանոբլաստոմա), մելանոցիտների չարորակ ուռուցք։Մելանոցիտներն արտադրում են մուգ երանգ ունեցող մելանին գունակը, որով պայմանավորված է մաշկի գույնը։ Այս բջիջներն առավելապես հանդիպում են մաշկում, սակայն հայտնաբերվել են նաև մարմնի այլ հատվածներում, որոնցից են աղիները և աչքը։ Մելանոման կարող է զարգանալ մարմնի բոլոր այն հատվածներում, որտեղ կան մելանոցիտներ։

Մելանոման ավելի քիչ է հանդիպում, քան մաշկի քաղցկեղի այլ տեսակներ։ Սակայն այն ավելի վտանգավոր է, եթե չի հայտնաբերվում հիվանդության վաղ փուլերում։ Մաշկի քաղցկեղի պատճառով մահացության ամենահաճախ հանդիպող պատճառն է։
Բուժման հիմնական եղանակն ուռուցքի վիրաբուժական հեռացումն է։ Եթե մելանոման հայտնաբերվել է վաղ շրջանում՝ քանի դեռ փոքր է ու չի տարածվել, ամբողջական հեռացման դեպքում ապաքինվելու հնարավորությունը մեծ է։ Վիրահատությունց հետո մելանոմայի կրկնվելու կամ տարածվելու հնարավորությունը կախված է մաշկի շերտերի մեջ ուռուցքի ներաճի խորությունից։ Մելանոմայի կրկնման կամ տարածման դեպքում բուժումը ներառում է նաև քիմիաթերապիա և իմունաթերապիա կամ ճառագայթային թերապիա։

Մելանոմայի վաղ նշաններից է առկա խալի ձևի և կամ գույնի փոփոխությունը կամ, հանգուցավոր մելանոմայի դեպքում, մաշկի որևէ հատվածում գոյացության հայտնվելը (վերջին տարբերակի դեպքում անհապաղ պետք է դիմել մաշկաբանի)։ Հիվանդության ավելի ուշ շրջաններում նկատվում է քորի զգացողություն խալի շրջանում, խալի խոցոտում կամ արյունահոսություն:
2015 թ. Միքայել Ա. Համբարձումյանի կողմից առաջարկված է ABCDE ուղեցույցի հայկական տարբերակը – ԳԵՏԱՓ`

Գույն – Կա գոյացության գույնային փոփոխություն
Եզրեր – Առկա է եզրերի անհավասարություն
Տրամագիծ – Տրամագիծը 6մմ-ից մեծ է
Անհամաչափություն – Առկա է անհամաչափություն (գոյացության ասիմետրիա)
Փոփոխություն – Նկատվել է փոփոխություն կարճ ժամանակահատվածում, վորոնշյալ հատկանիշներով
Սա չի վերաբերվում մելանոմայի ամենավտանգավոր տեսակին՝ հանգուցավոր մելանոմային, որն ունի իրեն բնորոշ նշանները (անգլ.՝ “EFG”` Elevated above the skin surface, Firm to the touch, Growing).

Մաշկի մակերեսից բարձրացումը
Շոշափելիս պինդ համակազմվածքը
Աճը
Մետաստատիկ մելանոման կարող է առաջացնել ոչ բնորոշ պարանեոպլաստիկ ախտանիշեր, ինչպիսիք են ախորժակի կորուստը, սրտխառնոցը, փսխումը և ընդհանուր թուլությունը։ Վաղ շրջանում մելանոմայի մետաստազը հնարավոր է, սակայն հազվադեպ է. վաղ ախտորոշված մելանոմայի հինգ դեպքից մեկն է լինում մետաստազներում։ Մետաստազներն ուղեղում համեմատաբար հաճախ են հանդիպում։ Այն կարող է նաև տարածվել լյարդ, ոսկրեր, որովայն կամ հեռակա ավշահանգույցներ։Մելանոմայի զարգացումը սկսվում է երբ մելանոցիտները սկսում են բազմանալ առանց վերահսկողության։ Մելանոցիտները տեղակայված են լինում մաշկի արտաքին շերտի (վերնամաշկ կամ էպիդերմիս) և երկրորդ շերտի (բուն մաշկ կամ դերմա) միջև։ Հիվանդության զարգացման այս վաղ փուլը կոչվում է ճառագայթային աճի փուլ և ուռուցքն ունի 1 Մմ-ից փոքր չափսեր։ Քանի որ քաղցկեղային բջիջները դեռևս չեն հասել արյունատար անոթներին, որոնք ավելի խորն են տեղակայված, քիչ հավանական է, որ այս փուլում քաղցկեղը կտարածվի մարմնի այլ շրջաններ։ Այս փուլում հայտնաբերման դեպքում մելանոման հնարավոր է վիրաբուժական եղանակով ամբողջությամբ հեռացնել։

Երբ ուռուցքի բջիջները սկսում են աճել ուղղահայաց դեպի վեր՝ դեպի վերնամաշկ և դեպի ներքև՝ բուն մաշկի պտկիկային շերտ, բջիջների վարքը էականորեն փոխվում է։

Հաջորդ փուլը կոչվում է ճառագայթային ինվազիվ աճի (ներաճի) փուլ, որը շփոթեցնող անվանում է, ամեն դեպքում այն ցույց է տալիս հիվանդության զարգացման հաջորդ փուլը՝ ճառագայթային աճ՝ բջիջների կողմից ինվազիվ հատկությունների ձեռքբերումով։ Այս փուլը կարևոր է. այս պահից սկսած մելանոման կարող է տարածվել։

Աճի երրորդ փուլը հանդիսանում է ինվազիվ մելանոման՝ ուղղահայաց աճի փուլը (ՈՒԱՓ)։ Ուռուցքը կարող է ներաճել դեպի հարևան հյուսվածքներ և կարող է տարածվել ամբողջ մարմնով արյունատար կամ ավշային անոթներով։ Ուռուցքի հաստությունը սովորաբար 1 մմ-ից մեծ է և ընդգրկում է մաշկի ավելի խորը շերտերը։

Օրգանիզմում առաջանում է իմունաբանական հակազդեցություն ուռուցքի նկատմամբ (ՈՒԱՓ-ի ընթացքում), ինչի մասին կարելի դատել ուռուցքն ինֆիլտրացիայի ենթարկող լիմֆոցիտների առկայության և ակտիվության հայտնաբերումով։ Այս բջիջները երբեմն ամբողջությամբ քայքայում են առաջնային ուռուցքը. սա կոչվում է հետաճ (ռեգրեսիա), որը մելանոմայի զարգացման վերջին շրջանն է։ Որոշ դեպքերում առաջնային ուռուցքն ամբողջովին քայքայվում է և կարող են հայտնաբերվել միայն մետաստազները։
Ուղղակի զննման միջոցով մելանոմայի ախտորոշումը բուժաշխատողների կողմից դեռևս ամենահաճախ կիրառվող եղանակն է։ Անհամաչափ ձև և գունավորում ունեցող խալերը պետք է դիտարկվեն որպես հնարավոր մելանոմա։ Մելանոմայի վաղ հայտնաբերման (և ապրելունակության բարձրացման) համար, խորհուրդ է տրվում իմանալ նրա բնորոշ հատկանիշերը (“ABCDE” կանոնը), ուշադիր լինել նևուսների և խալերի նկատմամբ, հետևել փոփոխություններին (ձևի, չափի, գույնի, քորի կամ արյունահոսության առկայությանը) և բժշկին հայտնել ցանկացած կասկածելի խալի մասին։

Պետք է ուշադրություն դարձնել չափերին. չնայած որպես տագնապի նշան ընդունված է 6 մմ-ից ավել տրամագիծը, սակայն շատ մելանոմաներ են պատահում 6 Մմ-ից փոքր տրամաչափով և նրանք բոլորն էլ չարորակ են առաջացման առաջին իսկ օրվանից, երբ ընդամենը կետային չափսեր ունեն։
Պաշտպանվելու համար պետք է խուսափել ՈՒՄ ճառագայթման աղբյուրներից (արևային ճառագայթներ և սոլյարիներ), օգտագործել ճառագայթներից պաշտպանող միջոցներ և հագնել համապատասխան հագուստ (երկարաթև շապիկներ, երկարափողք տաբատներ և լայնեզր գլխարկներ)։
ՈՒՄ ճառագայթման ազդեցությունը իջեցնող լավ կանոն է խուսափել արևի ուղղակի ազդեցությունից ժամը 10.00-ից մինչև 16.00 կամ երբ որևէ առարկայի ստվերն ավելի կարճ է քան առարկայի բարձրությունը։ Սա հարաբերական նշանակաություն ունի՝ կախված աշխարհագրական տարածքից և մաշկի քաղցկեղի զարգացման անհատական ռիսկերից։

Գրեթե բոլոր մելանոմաները սկսվում են նորմալ մաշկի գույնի և տեսքի փոփոխությունով։ Այս տեղամասերը լինում են մուգ բծերի կամ ոչ սովորական խալերի տեսքով։ Այլ մելանոմաները զարգանում են մաշկի վրա արդեն առկա խալերից։ Երբեմն դժվար է լինում հասկանալ մելանոմայի և սովորական խալի տարբերությունը։ Երբ գունակավորված տեղամասում առկա են տագնապի նշաններ՝ անրաժեշտ է դիմել բժշկի։

 

 

ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook