Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է

Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը: Միջինքը մեզ հիշեցնում է, որ մեծ պահքի առաջին փուլը ավարտվեց, ու մենք մտնում ենք երկրորդ փուլ:

Միջինքը նաև որոշակի ինքնաքննության օր է, պահքի անցած ժամանակը գնահատելու համար և այն առանց թուլացնելու շարունակելու որոշում կայացնելու համար: Միջինքը առիթ չէ պահքն ընդհատելու, կամ սննդակարգի մեջ որևէ փոփոխություն մտցնելու, նույնիսկ միջինքի գաթան, որ ժողովրդական սովորության համաձայն պատրաստվում է` պահոց է:

Ժողովրդական ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ, ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում և բաժանում տան բոլոր անդամներին: Ում բաժին է հասնում մետաղադրամը, ուլունքը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում, իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է: Հայաստանի որոշ շրջաններում Միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր և ձեթ, որում մինչև առավոտ վառվում է խաչաձև պատրույգ: Դա կոչվում է «լիճք»: Առավոտյան այն հավասարաչափ բաժանվում է բոլոր ներկաներին, որոնք էլ այդ ջուրը խմորի հետ խառնելով, պատրաստում են Միջինքի բաղարջը:

Հիշեցնենք, որ Մեծ Պահքը լուծվում է Զատիկին և բացվում ձվով ու ձկնեղենով: Ինչպես Ավետարանն է պատվիրում, ուտողը թող չքննադատի չուտողին և փոխադարձաբար չուտողն էլ թող չքննադատի ուտողին: Թող յուրաքանչյուր ոք իր միտքը պարզեցնի և որ գլխավորն է ու Մեծ Պահքի կարևոր խորհուրդը՝ առանց ինքնաքննության, զղջումի ու առաքինի գործերի, պահեցողությունը արժեք չի կարող ներկայացնել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook