Մարտի 4-ից սկսվել է Մեծ Պահքը, որը տեւելու է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Ինչպես հայտնի է, Պահքի շրջանում օգտագործում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Ըստ այդմ՝ չի կարելի օգտագործել մսամթերք, կաթնամթերք, ձու եւ այլն:
Սակայն վերը թվարկածները պարունակում են այնպիսի օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի առողջ գործունեության համար:

Որպեսզի հոգեւոր մաքրումն առողջական խնդիրներ չառաջացնի, բժիշկները խորհուրդ են տալիս առավել ուշադիր լինել պասային սննդակարգի հարցում, քանի որ սպիտակուցների, ճարպերի, վիտամինների պակասը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել՝ ընդհուպ մինչեւ գաստրիտի եւ անգամ վահանաձեւ գեղձի հիվանդությունների:

Սովորաբար Պահքին հետեւողներն ունենում են սպիտակուցի դեֆիցիտ, ուստի կարեւոր է սննդակարգում ներառել սպիտակուց պարունակող բուսական ծագման մթերք, ինչպես օրինակ, սոյան է եւ լոբազգիները: Գիտականորեն ապացուցված է, որ սոյան պարունակում է այնպիսի քանակությամբ սպիտակուցներ եւ ամինաթթուներ, որ լիարժեք կարող է փոխարինել մսամթերքին: Բացի այդ, սոյայից պատրաստում են կաթ եւ տոֆու պանիր:

Սիսեռը, օրինակ, 30% սպիտակուց է պարունակում: Այն նաեւ շատ հագեցնող է: Սիսեռից պատրաստված ամենահայտնի ուտեստներից է հումուսը:

Լոբին նույնպես սպիտակուցներ է պարունակում, որոնք շատ հեշտ են յուրացվում: Սրանց շարքին կարելի է դասել նաեւ ոսպը եւ ոլոռը:

Չնայաշ սրան, լոբազգիները չեն պարունակում օրգանիզմի համար որոշ կարեւոր ամինաթթուներ, եւ դրա համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ձավարեղեն եւ շիլաներ ուտել:

Թեեւ Պահքի ընթացքում ճարպերի պակաս օրգանիզմը սովորաբար չի ունենում, այնուամենայնիվ, կարելի է դրանք լրացնել ընկուզեղենի միջոցով (օրական 30 գրամից ոչ ավելի): Օգտակար ճարպեր են պարունակում նաեւ ավոկադոն, ձիթապտուղը, արեւածաղկի սերմերը:

Ինչ վերաբերում է ածխաջրերին, ապա Պահքի ժամանակ թույլատրվող ուտեստների մեծ մասը հենց ածխաջրեր են պարունակում, սակայն դրանք էլ չի կարելի չարաշահել, հակառակ դեպքում՝ ավելորդ կիլոգրամներն ապահովված են:

Չնայած նրան, որ բանջարեղենը հիմնականում ածխաջրեր է պարունակում, դրանց մեջ էլ կան այնպիսինները, որոնք պարունակում են նաեւ սպիտակուցներ, օրինակ՝ կաղամբը, բրոկոլին, սպանախը, կարտոֆիլը, ծնեբեկը, նեխուրը: Սունկը նույնպես սպիտակուցներ է պարունակում, սակայն գարնանը դժվար թե շուկայում թարմ սունկ գտնեք:

Պահքի ժամանակ կարելի է նաեւ միրգ ուտել, որը վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է: Սակայն սպիտակուցների բացը լրացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ բանան, կիվի ուտել, ինչպես նաեւ ծիրանի եւ սալորի չիր:

Նյութը՝ doctors.am