Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մենյերի հիվանդություն

Առաջին անգամ այս սիմպտոմոկոմպլեքսը նկարագրվել է ֆրանսիացի բժիշկ Պրոսպեր Մենյերի կողմից /1861/ և ընդունվել որպես առանձին նոզոլոգիական միավոր: Հիվանդության հիմնական ախտանիշը պարբերաբար կրկնվող գլխապտույտի նոպաներն են, որոնք ուղեկցվում են ականջում աղմուկով և լսողության իջեցումով: Միջնոպայական շրջանում լսողությունը լինում է բավարար, սակայն երկարամյա հիվանդության ընթացքում լսողության իջեցումը կրում է ավելի կայուն բնույթ: Գլխապտույտի նոպաներն ուղեկցվում են ականջի լցվածության կամ ճնշման զգացումով: Նոպաները սովորաբար սկսվում են հանկարծակի հասնելով բարձր ինտենսիվության մի քանի րոպեի ընթացքում, ուղեկցվելով սրտխառնոցով և փսխումով, որ կարող է տևել մի քանի ժամ: Նոպայի ընդհատումը նույնպես կարող է լինել հանկարծակի կամ աստիճանական, շարունակվելով ժամեր կամ օրեր ինչպես անկայունության զգացողություն: Նոպաների ուժգնությունը, տևողությունը և հաճախականությունը տարբեր հիվանդների և նույնիսկ նույն հիվանդի մոտ կարող է տարբեր լինել:

Հիվանդության սկզբնական շրջանում լսողության իջեցում դիտվում է հիմնականում ցածր հաճախականություններում, հետագայում ընդգրկելով բոլոր հաճախականությունները: բնորոշ է ուժեղ ինտենսիվության ձայների անտանելիությունը հիվանդների կողմից: Մենյերի հիվանդությունը դեպքերի 50% -ում լինում է միակողմանի, 50%՝- երկկողմանի: Սակայն աուդիոլոգիական և վեստիբուլյար տեստերը երկրորդ ականջի ներգրավումը պրոցեսի մեջ հայտնաբերում են շատ ավելի վաղ, քան հիվանդի սուբյեկտիվ գանգատների ի հայտ գալը: Հիվանդությունը շատ հազվադեպ է հանդիպում սևամորթների մոտ, ոչ հաճախ մոնղոլոիդների մոտ, և բավականին հաճախ՝ սպիտակամորթների մոտ: Ավելի հաճախ հանդիպում է մեծ քաղաքներում բնակվողների մոտ, քան գյուղական վայրերում ապրողների: Շվեդիայում այն հանդիպում է 100 000-ից 46-ի մոտ:Մենյերի հիվանդության հիմքում ընկած է էնդոլիմֆատիկ հիդրոփսը, ընդ որում՝ նախնական շրջաններում այն առավելապես արտահայտվում է ductus cochlae-ում և sacculus-ում, հետագայում ընդգրկելով ամբողջ էնդոլիմֆատիկ սիստեմն այնպես, որ Ռեսներյան թաղանթը գրեթե միանում է scala vestibuli-ի պատին, իսկ պարկիկի և արգանդիկի պատերը կիպ հպվում են նախադռան պատերին: Դա կարող է բերել թաղանթային լաբիրինթի ցանկացած հատվածի պատռմանը /կիսաբոլոր խողովակների շրջանում ավելի հազվադեպ/, որ կարող է պատճառ հանդիսանալ վեստիբուլյար և կոխլեար ախտանիշների ի հայտ գալուն: Մենյերի հիվանդության զարգացած ստադիաներում կարող են ի հայտ գալ խխունջի ծորանի, պարկիկի և արգանդիկի ֆիստուլաներ: Նախադռան ներսում հաճախ առաջանում է ֆիբրոզ հյուսվածքի պրոլիֆերացիա, որը բերում է թաղանթների հաստացմանը: Առաջացած ֆիբրոզ հյուսվածքը կարող է ձգվել macula utriculi-ից մինչև ասպանդակի հիմային թիթեղը, առաջացնելով կեղծ ֆիստուլայի ախտանիշ /Hennebert-ի սիմպտոմ/, որը հանդիպում է Մենյերի հիվանդությամբ տառապողների 35% -ի մոտ:

Հիվանդության սկզբնական շրջանում Կորտյան օրգանի զգացող բջիջների պակաս չի դիտարկվում: Լսողության իջեցումն այս շրջանում պայմանավորված է միկրոհոմեոստատիկ բիոքիմիական փոփոխություններով, բիոէլեկտրիկ պոտենցիալների փոփոխմամբ: Մենյերի հիվանդության զարգացման հետ զուգընթաց կորտյան օրգանում առաջանում են մորֆոլոգիական փոփոխություններ: Չնայած հիվանդության առաջացման պատճառները դեռևս անհայտ են, որոշոկի հետազոտություններ այն կապում են էնդոլիմֆատիկ պարկի դիսֆունկցիայի հետ:

Բուժումը.
Մենյերի հիվանդության կոնսերվատիվ բուժումը իր մեջ ներառում է վիտամինոթերապիա, պարամեատալ և տրանսմեատալ բլոկադաներ և ատրոպինի ներարկումներ, տրանկվիլիզատորներ, 40% գլյուկոզայի լուծույթի ն/ե ներարկումներ և այլն:

Վիրաբուժական բուժման մեթոդներն են.

1. Էնդոլիմֆատիկ պարկի շունտավորում- կատարվում է մաստոիդեկտոմիա, բացվում է հետին գանգափոսը սիգմայաձեւ ծոցի եւ դիմային նյարդի վայրէջ հատվածի միջեւ, հայտնաբերվում է էնդոլիմֆատիկ պարկը եւ կտրվածք կատարելով պարկի արտաքին մակերեսին, շունտավորվում է այն ռետինե ժապավենով
2. Վեստիբուլյար նյարդի հատում հետին գանգափոսում կամուրջ- ուղեղիկային անկյան շրջանում
3. Լաբիրինթեկտոմիա- բոռով լաբիրինթի բացում

 

 

 

Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook