Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

«Մենք հրաշքի ենք ականատես դարձել»․ Փոքրիկ Հասմիկին «Էրեբունի» ԲԿ-ում կոխլեար իմպլանտացիայից հետո պրոցեսոր են միացրել (ֆոտո)

Փոքրիկ Հասմիկին, որին մեկ ամիս առաջ «Էրեբունի» բուժկենտրոնում կոխլեար իմպլանտացիա են արել, այսօր պրոցեսոր են միացրել։ Փոքրիկը, որը 2 տարեկան ու 8 ամսական է դարձել, կորցրել էր լսողությունը ութ ամսականում, հիվանդության հետեւանքով։

Սուրդոմանկավարժն ու աուդիոլոգը միասին միացրել են սարքը ու կարգավորել այն։ Փոքրիկը զարմացած նայում էր հավաքված բժիշկներին ու լրագրողներին ու ասես ինչ-որ բան էր ուզում լսել իր ներսում։ Իսկ հետո նրա դեմքին ժպիտ հայտնվեց ու նա սկսեց սուրդոմանկավարժի հետ արդեն ծանոթ խաղը խաղալ, ցույց տալով, որ ձայներ է լսում։

Լրագրողների հետ զրույցում Սալբի Ագարակյանը, Հայկական բժշկական հիմնադրամի պատասխանատուն, հիշեցրել է, որ առաջին կոխլեար իմպլանտացիան Հայաստանում, «Էրեբունի» բուժկենտրոնում 2004-ին իրականացրել էին բժիշկ Ակիրա Իշիյաման UCLA-ից, ու «Էրեբունի» ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի ղեկավար Արթուր Շուքուրյանը։ Նա շեշտել է, որ հայ երեխաներին տեղադրում են վերջին սերնդի իմպլանտներ, որոնց արժեքը ԱՄՆ-ում կազմում է 38 հազար դոլար, բայց Cochlear ֆիրման Հայկական բժշկական հիմնադրամին դրանք տրամադրում է 17 հազար դոլարով։

«Նման գին չկա ոչ մի երկրում», – վստահեցրել է նա։

Արթուր Շուքուրյանը նշել է, որ շատ կարեւոր աշխատանք է սկսվում վիրահատությունից հետո, չնայած բուն վիրահատությունն էլ վճռորոշ նշանակություն ունի։ Շատ կարեւոր է սարքի կարգավորումը, նաեւ սուրդոմանկավարժների աշխատանքը, որոնք երեխաներին սովորեցնում են հասկանալ խոսքն ու խոսել։ Պահանջվում է երկարատեւ աշխատանք, հավելեց նա։

Սուրդոմանկավարժ Ինեսսա Հարությունյանը պատմել է, որ փոքրիկ Հասմիկ Մկրտչյանի հետ մանկավարժներն աշխատել են դեռ մինչեւ վիրահատությունը, նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են մի քանի ամսվա ընթացքում, ու նրան սովորեցրել են արձագանքել հնչյուններին։

«Հարցն այն է, որ ձայները, որոնք ստացվում են կոխլեար իմպլանտից, տարբերվում են այն ձայներից, որոնք երեխան լսել է մինչ այդ։ Բայց տեխնիկայի օգնությամբ արդեն վիրահատությունից հետո մենք կարող ենք ֆիքսել, արդյոք երեխան ստանում է ձայնային ազդանշաններ, թե ոչ։ Տվյալ դեպքում մենք այդ առումով իդեալական արդյունք ունենք, սակայն ժամանակ է պահանջվում, որպեսզի երեխան հարմարվի այդ ձայներին։ Բայց երեխայի ռեակցիայից մենք կարողանում ենք հասկանալ, նա լսում է, թե ոչ», – ասել է նա։

Մասնագետի խոսքով, իմպլանտացիայից հետո մեծահասակ հիվանդներն անցնում են ռեաբիլիտացիա, այսինքն լսողության վերականգնում, իսկ երեխաների դեպքում իրականացվում է աբիլիտացիա՝ նրանք սովորում են լսել զրոյից։ Այդ պրոցեսի տեւողությունը կախված է երեխայի առանձնահատկություններից, եւ առնվազն երկու տարի է տեւում։

«Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, դիմելով լրագրողներին, նշեց, որ կես ժամ առաջ բոլորը ականատես են դարձել հրաշքի, որը տեղի է ունեցել «Էրեբունի» ԲԿ-ում, ու այդ հրաշքները տեղի են ունենում 2004-ից սկսած։ Երեխաները, որոնց իմպլանտներ են տեղադրել այն ժամանակ, այսօր արդեն մեծահասակ մարդիկ են ու հասարակության լիարժեք անդամներ։

«Մենք շատ հպարտ ենք նրանով, որ կոխլեար իմպլանտացիան ներդրվել է մեզ մոտ, քանի որ երկրի համար դա մի աստիճան է, որը վկայում է այն մասին, որ առողջապահությունն այս երկրում հասել է բարձր կետի։ Ու ես հպարտ եմ նրանով, որ դա «Էրեբունի» ԲԿ-ում է իրականացվում», – ասել է նա։

Առայսօր նրա խոսքով իրականացվել է ավելի քան 120 կոխլեար իմպլանտացիա։ Միքայել Մանուկյանը հիշեցրեց, որ 2008-ից սկսած Հայաստանում գործում է նաեւ լսողության սքրինինգային ծրագիր նորածինների համար, որն օգնում է բացահայտել լսողական խնդիրներով երեխաներին ամենավաղ փուլերում։

Կարինե Սարիբեկյանը պատմել է, որ Հայաստանում թանկարժեք տեխնոլոգիաները ներառված չեն պետպատվերում, բայց եթե այդ ծրագրին մասնակցում են տարբեր դոնորական բարեգործական կազմակերպություններ, ուրեմն երկիրն էլ պետք է մասնակցի դրան։ «Ժամանակին եղել է նման նախագիծ, երբ պետությունը վճարել է կոխլեար իմպլանտացիայի համար, բայց բյուջետային միջոցները, ցավոք, չեն բավականացնում։ Բայց այս տարի նախարարությունը փորձել է օգնել երեք երեխաների, ու նրանցից մեկը Հասմիկ Մկրտչյանն է»,- պատմել է նա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook