Friday, April 19, 2024
Նորություններ

Միասին վերացնենք տուբերկուլոզը

Մարտի 18-19-ին կայացավ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված իրազեկման դասընթացը, որը կրում էր «Միասին վերացնենք տուբերկուլոզը» խորագիրը:

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը ներկայացրեց Տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ծրագրի ընթացքն ու խնդիրները, Հայաստանում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը:

Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնն իր ներուժով և շարժական ֆլյուորոգրաֆով միացել է հանրապետության բուժհաստատություններում իրականացվող «Բաց դռների օրեր» նախաձեռնությանը, որի շրջանակներում վերին շնչուղիների և թոքային հիվանդությունների, այդ թվում տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով իրականացնում է բնակչության ֆլուորոգրաֆիկ հետազոտություններ: Մարտի 16-ի դրությամբ արդեն իսկ հետազոտվել են Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու, Վայոց ձորի մարզերի բնակիչները: Հետազոտությունների մեջ ընդգրկվել են շուրջ 600 հոգի, հայտնաբերվել է 3 տուբերկուլոզով հիվանդ, որոնք հոսպիտալացվել են: Հետազոտությունները կկրեն շարունակական բնույթ:

Դասընթացի ժամանակ կարևորվեցին տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության ծրագրերը: Մինչև 2015 թվականը տուբերկուլոզով հիվանդներին տրամադրվել են սննդային և հիգիենիկ փաթեթներ, փոխհատուցվել է տրանսպորտային ծախսը: Կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ առավել նպատակային է փաթեթի փոխարեն գումարի տրամադրումը: Ուստի, 2015 թվականից ներդրվել է նոր մեխանիզմ, ըստ որի՝ ամբուլատոր բուժվող հիվանդները ստանում են ֆինանսական աջակցություն: Գումարը տրամադրվում է բուժման հետևողականությունն ապահովելու համար: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով վերանայվել է տրամադրվող գումարի չափը և 2017թ. հունվարից դեղազգայուն դիվանդներին տրամադրվում է 16.000 ՀՀ դրամ, իսկ դեղակայուն տուբերկուլոզով հիվանդներին 26.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: Փոխհատուցվում է նաև ամենօրյա բուժման համար ծախսվող տրանսպորտի գումարը:

ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանը ներկայացրեց դեղակայուն, բազմադեղակայուն տուբերկուլոզի ախտորոշման և բուժման արդի մոտեցումները:

Թեմաները ներկայացնելուց հետո բանախոսները պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Մասնագետները ևս մեկ անգամ շեշտեցին, որ տուբերկուլոզը բուժելի է: Հայաստանի Հանրապետությունում այն իրականացվում է անվճար: Ու թեև հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, միևնույն է, դրա զարգացման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ: Իսկ բարձր դիմադրողականությունը, հիգիենիկ կանոններին հետևելը, օդափոխված միջավայրը հիվանդացությունը կանխելու լավագույն նախապայման են:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook