Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մինչև 18 տարեկան երեխաների համար թանկարժեք տեխնոլոգիաներով բուժսպասարկումն է հասանելի դառնալու

Կառավարության որոշմամբ Հայաստանում 0-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ամբողջովին անվճար է դառնում։ Հարցի շուրջ Lragir.am-ը զրուցել է Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի հետ։

Տիկին Վարդանյան, կներկայացնե՞ք գործընթացի մանրամասները, և երբվանի՞ց է մեկնարկում ծրագիրը։

Հուլիսի 1-ից արդեն իսկ գործընթացն սկսել է։ Արդեն իսկ պատրաստվում են այն համաձայնագրերը, ըստ որոնց՝ շուրջ 67 առողջապահական կազմակերպություններ պետք է իրականացնեն 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը։

Մենք նախկինում 0-7 տարեկան և 7-18 տարեկան մի շարք խոցելի խմբերի բուժօգնությունն էինք պետպատվերով սպասարկում։ Հաշվի առնելով այն, որ պետության քաղաքականությունն ընդհանուր ուղղված է երեխաների առողջության պահպանմանը, սա համարվում է առաջընթաց, ինչը հնարավորություն կտա բարելավել առողջապահական ցուցանիշները։

Այսինքն՝ երեխաների առողջության առումով այդ ցուցնաիշները մտահոգի՞չ են, ի՞նչը պատճառ հանդիսացավ, որպեսզի  կառավարությունը նման քայլի գնա տարվա կեսին։

Մտահոգիչ էր հետևյալը։ Ըստ մեր գնահատման՝ ընդհանուր առմամբ շուրջ 30 տոկոս դեպքերում կար ֆինանսական հասանելիության խնդիր։ Այսինքն՝ մտահոգիչ է այն, որ ֆինանսական հասանելիության պատճառով կարող է վտանգվել երեխայի առողջությունը։ Իսկ այդ երեխաները  մեր ապագա զինվորն են, ապագա մայրերն ու հետագայում ՀՆԱ ստեղծող բնակչությունն են։ Հետևաբար, որպեսզի ունենանք առողջ բնակչություն և առողջ ապագա ու հասարակություն, դրա առաջին քայլերից մեկը պետք է լինի երեխաների առողջության  պահպանման, հիվանդությունների վաղ բուժման և այդ հիվանդությունները հնարավորինս խրոնիկ վիճակների չհասցնելու քաղաքականություն։

Երբեմն ասում են՝ մի շարք խմբեր մտել են անվճար բուժսպասարկման մեջ։ Այո, մտել են, օրինակ, դիսպանսեր հսկողության տակ գտնվող մինչև 18 տարեկան երախաներն օգտվել են այդ բուժօգնությունից։ Օգտվել են նաև հաշմանդամություն ունեցողներից բաղկացած ընտանիքի երեխաները, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի երեխաները։ Բայց մենք կարծում ենք, որ չպետք է հասցնել նրան, որ երեխան դառնա դիսպանսեր հսկողության ենթակա։ Հասկանալի է, որ խրոնիկ հիվանդության մասին է խոսքը, բայց ավելի վաղ փուլում պետք է բուժում իրականացնել, վիրահատություն անել։ Օրինակ՝ եթե երեխան տարին առնվազն երկու անգամ ունենում է նշիկների բորբոքման սրացում, և այդ նշիկների հարցը վերջնական չի լուծվում, ինֆեկցիայի օջախը դուրս չի գալիս օրգանիզմից, ապա դա կարող է բերել մի շարք խրոնիկ հիվանդությունների՝ ընդհուպ սրտային ախտաբանության, հոդերի հետ կապված, ռևմատոիդ պրոբլեմների։ Ինչի համար եմ սա ասում, եթե մենք այսօր ունենք ֆինանսական հասանելիության խնդիր, եթե այդ հարցը ֆինանսի պատճառով հիմա չի լուծվում, ապա մենք դիսպանսեր հսկողության քանակի աճ ենք ունենալու։ Հետևաբար, այս քայլը նաև կանխարգելիչ է։

Այս ծրագիրն ունի և բուժական, և կանխարգելիչ նշանակություն։ Կարող են ասել, թե սա հիվանդանոցային բուժօգնություն է, կանխարգելիչը հիմնականում ամբուլատոր պոլիկլինկական օղակում պետք է լինի, բայց հիվանդանոցում վաղ փուլում բուժումը նույնպես կանխարգելման միտում ունի։

Գաղտնիք չէ, որ երեխաների՝ պետպատվերով բուժօգնության հարցում մշտապես խնդիրներ են եղել։ Բուժհիմնարկներում հերթեր են գոյացել, որոշ ծառայությունների համար գումարներ են պահանջվել ծնողներից, նաև կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Այս նոր ծրագրով ինչպե՞ս են լուծվել այս խնդիրները։

Հերթերը գոյանում էին սահմանափակ բյուջեով ֆինանսավորման սկզբունքի հետ կապված։ Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս ունենք որոշակի ֆինանսական չափաքանակ, և հենց դրա վրա են հղում անում կազմակերպությունները, երբ խնդիր է արձանագրվում։ Հաշվարկվել է այդ դեֆիցիտը, որն առկա է երեխաների բուժօգնության ծրագրում։ Հետևաբար, այդ դեֆիցիտի փակման դեպքում ձեր մտահոգությունն այն մասին, որ անընդհատ պետք է հերթեր գոյանան, ինչը բերում է տարբեր արատավոր երևույթների, դա նվազելու է։ Վերահսկողությունն այսօր էլ իրականացվում է, բայց այս նոր մեխանիզմների ներդրումից հետո ավելի է խստացվելու Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Անընդհատ լինելու են մշտադիտարկումներ, որպեսզի մենք էլ հասկանանք, թե որտեղ ինչ խնդիրներ են դեռևս պահպանվել և որ ուղղությամբ պետք է  աշխատանք տարվի։

Մի շատ կարևոր խնդրի մասին ևս կուզեմ խոսել՝ այս ծրագրով բուժօգնություն իրականացնող մարզային բուժհիմնարկների մասով ֆինանսական բաժանման խնդիրը շատ հստակ դրվել է։ Ընդ որում, դրանք քիչ չեն, մոտ 4-5 կազմակերպության մասին է խոսքը, որտեղ իրականացվում է այս ծառայությունը, դրանց հետ կապված ֆինանսական փոխհատուցումները կանխատեսվող գերակատարումների առումով լուծված են։ Դա արվում է, որպեսզի ձագարի սինդրոմը չաշխատի, և հիվանդները մարզերից չհոսեն դեպի Երևան։ Բնականաբար, դա ունի և կադրերին տեղում պահպանելու խնդիր, և առողջապահության համահարթեցման, և տարածքային համաչափ զարգացման նպատակ, և նաև ուղղված է տեղում արագ ու մատչելի բուժօգության մատուցմանը։ Ես նաև կուզեի խոսել, որ մինչև 18 տարեկան երեխաների համար թանկարժեք տեխնոլոգիաներով բուժսպասարկումն է հասանելի դառնալու։

Նախկինում, օրինակ, որոշ թանկարժեք հետազոտությունների համար մինչև 7 տարեկան երեխաների դեպքում գումար էին պահանջում, ասում էին՝ դա չի մտնում պետպատվերի մեջ։ Հիմա դրանք մտնո՞ւմ են պետպատվերի մեջ։

Այո, միայն հետազոտությունները չէ, թանկարժեք բժշկական միջամտությունները ևս, օրինակ՝ քարափշրում, սրտի հետ կապված տարբեր միջամտություններ։ Նաև այն հետազոտությունները, որոնք հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների ցանկում են ներառված։ Եվ ցանկերի վերանայում է գնում, և այս պահին խնդիր է դրված առաջիկայում անդրադառնալ գնային քաղաքականությանը։ Բայց պետք է ասեմ, որ 0-18 տարեկան երեխաների բուժսպասարկման այս ծրագիրը, որը գործանակում արդեն սկսել է գործել, իր գնային քաղաքականությամբ, փոխհատուցվող գների մասով կարելի է գնահատել միջին։ «Լավ» բառը չենք օգտագործում, «միջին» ենք ասում։ Առաջիկա ժամանակահատվածում, միջնաժամկետ ծախսային ծրագրերում, կարծում եմ, անդրադարձ կլինի։

Այսինքն՝ ծրագիրը շարունակական բարելավվելո՞ւ է։

Այո, քաղաքականությունն այդպիսին է։

Այս տարվա համար որքա՞ն հավելյալ գումար է հատկացվում այս ծրագրով, և որքանո՞վ է ավելանում ծրագրի շահառուների թիվը։

Շահառուների թիվն ավելանում է շուրջ 200 հազարով։ Տարվա սկզբին այս ծրագրով մոտ 8 մլրդ դրամի ֆինանսավորում  ենք ունեցել, հիմա հասնում է մոտ 10 մլրդ դրամի։ Մենք 1 մլրդ 750 մլն դրամով ավելացնում ենք ֆինանսական հատկացումները մինչև տարվա վերջի համար։ Մենք իրականացնելու ենք վերլուծություններ, և վեր են հանվելու այն թեժ կետերը, որտեղ տվյալ ծառայության շրջանակներում ինչ-որ խնդիրներ են եղել։ Բնականաբար, ֆինանսների ճկուն կառավարում է լինելու։ Ես ուզում եմ շեշտել, որ սա վերջին տարիների համար աննախադեպ երևույթ է, երբ տարվա կեսից նման գումարների ավելացում է լինում, մենք սա աննախադեպ ու բավական դրական քայլ ենք որակում։ Սա մեր կարիքների բավարարմանը, կոնկրետ այս ծրագրով հիվանդանոցայաին ծառայությունների բարելավմանն ուղղված արդյունավետ քայլ է։

Նյութի աղբյուրը` lragir.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook