Thursday, April 18, 2024
Նորություններ

Միջազգային երկու աշխատաժողով Երևանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի գրասենյակը մի քանի երկրների մասնագետների համար կազմակերպել է բժշկական սարքավորումների և բժշկական նշանակության պարագաների շրջանառության կարգավորման հարցերին նվիրված եռօրյա աշխատաժողով։

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ղրղզստանի բժշկական արտադրանքի շրջանառության կարգավորման գործընթացներում ներգրավված առաջատար մասնագետների հետ քննարկվել են բժշկական արտադրանքի կարգավորման իրավիճակը մասնակից երկրներում, դրանց կենսաշրջանառությունը, կարգավորման բաղադրիչները, ինչպես նաև ուրվագծվել են հետագա անելիքները: Աշխատաժողովը հարթակ է հետագա շարունակական համագործակցության համար:

Անդրադառնալով օրակարգային հարցի կարևորությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել է. «Հայաստանը, ցավոք, չունի նման կանոնակարգումներ, բայց մենք պարտադրված ենք դրանք ունենալու, որովհետև աշխարհը գնացել է այդ ճանապարհով»։  Փոխնախարարն աշխատաժողովը կարևորել է մասնակից երկրների փորձին ծանոթանալու, նրանց մոտ եղած բացթողումներից ու սխալներից զերծ մնալու հնարավորությունից օգտվելու տեսանկյունից։

«Հայաստանում ստեղծվում են բժշկական սարքավորումների  և բժշկական նշանակության պարագաների շրջանառության կարգավորումներ հիմնված Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի Դաշնության ընդունած կարգերի վրա։ Դրանք, կարելի է ասել, չեն տարբերվում միջազգային կանոնակարգերից»,- ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը, հավելելով, որ ի տարբերություն դեղերի շրջանառության նկատմամբ եղած ուշադրությունից, այս ոլորտը կարծես դուրս է մնացել։ Մինչդեռ բժշկական սարքավորումների և բժշկական նշանակության պարագաների աշխատանքի տարբեր կողմեր կարող են  լուրջ ազդեցություն թողնել մարդու առողջության վրա։

Կազմակերպիչները վստահ են, որ աշխատաժողովի արդյունքում կձևավորվեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ, որոնք թույլ կտան կարգերի հաստատման պարագայում Հայաստանում սկսել անհրաժեշտ աշխատանքները։

Այսօր մեկնարկել են նաև Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող դենսիտոմետրիայի միջազգային ուսուցում, որը տալիս է միջազգային վկայական և դենսիտոմետրիայի մասնագետ աշխատելու հնարավորություն: Պրոֆեսոր Ջոն Բելիզեկյանի գործադրած ջանքերի շնորհիվ` օստեոպորոզի միջազգային հիմնադրամի և համաշխարհային դենսիտոմետրիայի ասոցիացիայի կողմից Հայաստանում կազմակերպվող դասընթացին մասնակցում են Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի 15 երկրի բժիշկներ:

Կազմակերպիչների նպատակն է նրանց փոխանցել նորագույն գիտելիքներ ախտորոշման և բուժման ոլորտում, ինչը կնպաստի հիվանդույթյան վաղ հայտնաբերմանը և բուժմանը, կնվազեցնի օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները:

«Այսօրվա դասընթացի նպատակն է նախկին տարբեր երկրների մասնագետներին, ովքեր զբաղվում են ոսկրի խտության չափումներով, ներկայացնենք չափման ժամանակակից մեթոդները և գործնական հմտություններ հաղորդենք»,-ասել է բարերար, պրոֆեսոր Ջոն Բելիզեկյանը։

Նա հավելել է, որ ոսկրի խտության չափումը ցույց է տալիս օստեոպորոզի առկայությունը, նրա զարգացվածության աստիճանը, առաջացրած խնդիրները։

Նշենք, որ վերջին 10 տարում Ջոն Բելիզեկյանը ԱՄՆ-ի տարբեր կազմակերպություների բարեգործության շնորհիվ Հայաստան և Արցախ է բերել ոսկրի խտությունը չափող շուրջ 10 գործիք։

«Մեր նպատակն է, որ Հայաստանում և մյուս մասնակից երկրներում դենսիտոմետրիան իրականացվի որակով, աշխարհի լավագույն ստանդարտներին համապատասխան»,-ասել է Ջոն Բելիզեկյանը։

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook