Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Միջողային սկավառակի ճողվածք. հիվանդության զարգացման պատճառները, ախտորոշման միջոցներն ու բուժման մեթոդները

Ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքը որպես կանոն ասոցացվում է տարեցների հետ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այն բավական հաճախ է ախտորոշվում նաև երիտասարդների մոտ, ուստի խնդիրն անուշադրության մատնել չի կարելի։ Այս հիվանդության զարգացման պատճառները կարող են տարբեր լինել, ինչը նշանակում է, որ հարկավոր է շատ զգոն լինել այն ժամանակին նկատելու և անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջողային սկավառակի ճողվածքի առաջացման հիմնական պատճառները, հիվանդության ախտորոշման միջոցներն ու բուժման եղանակները։

Միջողային սկավառակի ճողվածքի առաջացման պատճառները

Ողնաշարի միջողային սկավառակը շատ կարևոր գործառույթ է կատարում և պատասխանատու է ողնաշարի շարժունակության ու ամորտիզացիայի համար։ Այն բաղկացած է հեղուկը պահող պուլպոզային միջուկից և այն շրջապատող ֆիբրոզ օղակից։ Ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունների դեպքում միջուկը դուրս է գալիս իր բնականոն տեղից՝ ձևավորելով ճողվածք։

Առաջացած արտացցումը ճնշում է գործադրում ողնուղեղային նյարդի վրա, ինչն էլ դառնում է մեջքի ցավի պատճառ։ Ընդ որում՝ այդ ցավը կարող է տարածվել անգամ ձեռքի կամ ոտքի հատվածում։ Կախված սեղմվող նյարդից՝ կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են մկանային թուլությունը, անկայուն քայլվածքը, գլխապտույտը, զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումներն ու տեսողության վատթարացումը։

Այս հիվանդությունը սովորաբար հանդիպում է տարեցների շրջանում, սակայն վերջերս նկատվում է երիտասարդացման միտում և այն ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում անգամ մինչև 30 տարեկան անձանց շրջանում։ Միջողային սկավառակի ճողվածքը հաճախ ասոցացվում է ծանր իրեր կրելու հետ, սակայն խնդրի զարգացման հիմնական պատճառներից մեկն է նաև նստակյաց կենսակերպը, որը կործանարար ազդեցություն է ունենում ողնաշարի վրա։ Մասնագետների խոսքով՝ շարժումների շնորհիվ ողերը սնուցում են ստանում, ուստի հարկ է հիշել, որ ֆիզիկական ակտիվության պակասը նույնքան վնասակար է, որքան ծանրություն բարձրացնելը։ Նստակյաց կենսակերպի դեպքում ողերը մաշվում են ու ծերանում, իսկ նման դեպքերում ցանկացած կտրուկ շարժումը կարող է հանգեցնել ճողվածքի առաջացման։

Ողնաշարի աշխատանքի վրա խիստ բացասաբար է անդրադառնում նաև անառողջ սննդակարգն ու մեծ քանակությամբ արագ սննդի գործածությունը, որը նստակյաց կենսակերպի հետ համադրվելու դեպքում կարող է դառնալ ոչ միայն միջողային սկավառակի ճողվածքի, այլև ողնաշարի հետ կապված մի շարք այլ վտանգավոր խանգարումների զարգացման պատճառ։

Միջողային սկավառակի ճողվածքի ախտորոշումը

Այս վտանգավոր խանգարման կասկածների դեպքում մասնագետները սովորաբար նշանակում են տարատեսակ հետազոտություններ։ Նման դեպքերում կարող է նշանակվել ոչ միայն ռենտգենային հետազոտություն, այլև միելոգրաֆիա, համակարգչային շերտագրություն ու մագնիսառեզոնանսային շերտագրություն։ Առավել հաճախ կիրառվում է մագնիսառեզոնանսային շերտագրությունը, որը թույլ է տալիս հետազոտել ոչ միայն սկավառակները, այլև դրանց մոտ գտնվող հյուսվածքները։ Բացի այդ, անալիզների միջոցով ևս կարելի է բավական շատ տեղեկություն ստանալ ողի վիճակի մասին։ Սակայն այնուամենայնիվ հիվանդության ախտորոշման գլխավոր միջոցը շարունակում է մնալ ռենտգենային հետազոտությունը, որը բժշկին տալիս է լիարժեք տեղեկություն ախտաբանության մասին։

Այնուամենայնիվ հարկ է հիշել, որ հատուկ սարքավորումներով անցկացված ախտորոշումը թույլ է տալիս ստանալ անհրաժեշտ տեղեկության զգալի մասը, սակայն չի կարելի անուշադրության մատնել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը։ Սա է պատճառը, որ առավել հստակ պատասխան ստանալու համար բժիշկը սովորաբար համալիր զննում է անցկացնում։

Հիվանդության բուժման միջոցները

Միջողային սկավառակի բուժման մեթոդները պայմանականորեն կարելի է բաժանել վիրահատականի և ոչ վիրահատականի։ Սովորաբար բուժումն սկսում են պահպանողական միջոցների կիրառումից, սակայն այս մեթոդը ենթադրում է, որ ճողվածքը չի առաջացրել շարժումների լուրջ խանգարումներ կամ կոնքի օրգանների գործառույթների սուր խանգարումներ։ Երբեմն հիվանդները խուսափում են վիրահատական միջամտությունից՝ նախապատվությունը տալով ֆիզիոթերապիային, բուժական մարմնամարզությանն ու հակաբորբոքային դեղամիջոցների ընդունմանը, ինչը շատ դեպքերում իսկապես արդյունավետ է լինում՝ թույլ տալով ազատվել խնդրից առանց վիրահատության։

Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ չափազանց լուրջ դեպքերում վիրահատությունից խուսափել չի հաջողվի, քանի որ ճողվածքն այդ դեպքերում խիստ բացասական ազդեցություն կունենա մարդու ինքնազգացողության ու կյանքի որակի վրա։ Սա է պատճառը, որ այս հիվանդության բուժման ընտրությունն անհատական է լինում՝ կախված մարդու ընդհանուր վիճակից ու ինքնազգացողությունից։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook