Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Մի պտղունց աղ. աղի նշանակությունը քրիստոնեության մեջ

Ասում են, թե Լեոնարդո դա Վինչիի նկարներից մեկում պատկերված է, որ Հուդան հանկարծակի աղ է թափում սեղանին, այդ պատճառով էլ դավաճանում է Հիսուսին։ Ժողովուրդն ասում է նաև, որ պետք չէ ուրիշին աղ տալ, որովհետև դրանով տան «բարաքյաթը» կգնա ստացողի տուն։

Աղի մասին հաճախ է հիշատակվում նաև ժողովրդական զրույցներում ու հեքիաթներում, որպես ազնվության խորհրդանիշ մարդկանց հարաբերություններում կամ չափման միավոր. «Իրար հետ աղ ու հաց կերած ընկերներ են», այսինքն` հավատարիմ են, կամ «Անաղուհաց…»՝ նշանակում է երախտամոռ բացասական իմաստով։

Շատ բան են «ասում» աղի մասին, սակայն քրիստոնեության մեջ այն ունի իր հատուկ նշանակությունը:

«Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղն անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի» (Մատթ. 5.13):
Հոգևոր առումով աղն ունի մաքրագործող, պահպանող և զորացուցիչ նշանակություն։ Դեռևս Հին կտակարանում մովսիսական օրենքն ասում է. «Ձեր ամեն մի զոհաբերությունը Տիրոջը թող աղով աղվի. ձեր զոհաբերություններից չպակասեցնեք Աստծո ուխտի աղը. բոլոր զոհաբերությունների ժամանակ ա՛ղ մատուցեցեք»։

Մինչ քրիստոնեության ընդունումը շատ ժողովուրդներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը հեթանոսական կուռքերին և չաստվածներին փառաբանելու նպատակով զոհաբերություններ էին կատարում: 301 թվականին՝ հայոց ամբողջական Դարձից հետո, զոհաբերությունները վերաիմաստավորվեցին. ըստ Սուրբ Սահակ Պարթև հայրապետի կանոնի՝ մեր առաջին կաթողիկոսը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, սահմանեց, որ անբան կենդանիներին կուռքերին զոհեր մատուցելու փոխարեն որպես ողորմություն բաժանեն աղքատներին: Ինչպես Տաթևացին է գրում. «Լուսաւորիչն կարգեաց զօրհնութիւն աղին»: Սուրբ Գրիգոր Տաթևացին «մատաղ» բառն ստուգաբանում է «մատուցի՛ր աղ»: Մատաղի՝ աղքատների ու կարոտյալների համար կամավոր նվիրաբերության հիմքը դրվեց 4-րդ դարից և իր շարունակությունն ունեցավ և ունի առ այսօր:
Ինչո՞ւ է օրհնվում աղը:

«Օրհնի՛ր, Տե՛ր, Քո ողորմությամբ այս աղը և սրբի՛ր սա, որպեսզի ինչի, որ սա խառնվի, հաճելի և ընդունելի լինի Քեզ, իսկ մեզ համար՝ հոգու և մարմնի մաքրություն ու առողջություն…» , – ասվում է աղի օրհնության աղոթքում:
Ս. Ներսես Շնորհալին և Ս. Գրիգոր Տաթևացին անդրադառնալով այս հարցին՝ ընդգծում են այն միտքը, որ «աղը մաքրության օրինակ է, ինչպես որ Քրիստոս ասաց Իր աշակերտներին. «Դուք եք երկրի աղը» (Մատթեոս 5.13)՝ մաքրելու աշխարհի ապականությունը խոսքի քարոզչությամբ:

«Ձեր անձերի մեջ աղ ունեցեք» (Մարկ. 9.49), բնական է, որ այս խոսքերն օգտագործվում են ոչ ուղիղ իմաստով: Օրհնված աղը մատաղացու կենդանուն տալը խորհրդանշում է նախնական մեղքից մաքրվելը, քանզի Ադամի և Եվայի պատվիրանազանցության պատճառով անիծվել էին իրենց հետ դրախտում եղած կենդանիները ևս, ինչպես նաև ողջ երկիրը։ Աղն ունի ախտահանման, սննդամթերքի պահպանման, համային, բուժիչ և շատ այլ օգտակար հատկանիշներ, սակայն դրա չարաշահումը հակառակ ազդեցություն կարող է թողել: Տերը քրիստոնյաներին երկրի աղ անվանեց, որ պահպանեն այն, մաքրեն մեղքերից: Ինչպես աղն է չափի մեջ ամեն կերակրատեսակի համուհոտ տալիս, այնպես էլ քրիստոնյան չափված և աստվածահաճո կյանք վարելով՝ «համուհոտ» է տալիս աշխարհին:

Յուրաքանչյուր բաղադրատոմսում նշվում է օգտագործվելիք բաղադրիչների այն քանակը, որը պահպանելով՝ ուտեստը պատրաստվում է ճիշտ և համեղ: Նույնն է պարագան նաև քրիստոնեավայել կյանքի «բաղադրատոմսում»: Մանանեխի հատիկի չափ հավատ, նույնքան հույս, մի գդալ սեր, մի փոքր ներողամտություն, և չենք մոռանում այս ամենը վերջում համեմել մի պտղունց աղով:

Նյութի աղբյուրը՝ qahana.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook