Thursday, April 25, 2024
Նորություններ

Նախարարն ընդունել է երեք մարզի երիտասարդ մասնագետներին

Կայացել է Լևոն Ալթունյանի հերթական հանդիպումը երիտասարդ մասնագետների հետ։ Այս անգամ ՀՀ առողջապահության նախարարի հյուրերն էին Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզի երիտասարդ բժիշկները։

«Այս հանդիպումների նպատակն է ձեզ հետ քննարկել առողջապահության ոլորտի զարգացման մեր ծրագրերը, ծանոթանալ երիտասարդների մոտեցումներին»,-ասել է  Լևոն Ալթունյանը` հակիրճ ներկայացնելով նախարարության ծրագրային ուղղվածությունները։

Երիտասարդ ուրոլոգների, վիրաբույժների, վնասվածքաբաննների, ռեանիմատոլոգների, մանկաբույժների ու թերապևտների հետ քննարկվել են ինչպես բժշկական կազմակերպությունների, այնպես էլ երկրի  առողջապահության ոլորտի  և ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր։

Ոլորտի օպտիմալացման վերաբերյալ հարցերի քննարկման ընթացքում հնչել է թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող տարբեր  ծառայությունները հանրապետության առանձին հատվածներում կենտրոնացնելու և զարգացնելու գաղափարը։ Նախարարն այս առթիվ նշել է, որ բոլոր պարագաներում օպտիմալացումը պետք է իրականացվի խելամտորեն` ելնելով ինչպես պահանջարկից, այնպես էլ` ստեղծվող նորմատիվային բազայից։

Հանդիպման ընթացքում կարևորվել են բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղվող քայլերը, դրանցից ակնկալվող արդյունքները։ Երիտասարդ մասնագետներին հետաքրքրել է, թե արդյո՞ք, մեր երկրում առկա են համապատասխան կարողություններ մշակվող կլինիկական ուղեցույցներով առաջնորդվելու համար։ Նախարարը նշել է, որ երկրում առկա կարողություններն ավելին են, քան օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվող ու տեղայնացվող  կլինիկական ուղեցույցների պահանջն է։

Երիտասարդ մասնագետներին հետաքրքրել են երկրում առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման միտումները, որոնց հենքը բնակչությանն առողջ պահելու գործում համապատասխան գործիքների ու չափորոշիչների ներդրումն է։

Ողջունելով երիտասարդ բժիշկների մոտեցումները` Լևոն Ալթունյանը նրանց հորդորել է մասնակից դառնալ նախարարությունում գործող աշխատնքային խմբերի գործունեությանը։  Նրանց մի մասն իր մասնակցությունն է առաջարկել տաբեր խմբերում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook