Friday, March 29, 2024
Նորություններ

Նախորդ տարիների համեմատ գրիպի վարակի ցուցանիշները բավական ցածր են.Lragir.am

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Տիկին Թորոսյան, օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանում գրիպից մահացության դեպք է գրանցվել: Ինչպիսի՞ն է համաճարակային իրավիճակը, և ծանր դեպքեր կա՞ն, թե՞ ոչ:

Այս պահի դրությամբ, պայմանավորված գրիպով և հետգրիպային բարդությամբ, արհեստական շնչառական ապարատի տակ գտնվող հիվանդներ չունենք: Բայց վերակենդանացման բաժանմունքներում, այո, բուժում են ստանում և երեխաներ, և մեծահասակներ: Ելնելով իրենց կլինիկական վիճակից՝ ավելի ինտենսիվ մոտեցում ցուցաբերելու կարիք կա նրանց: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման բավական լավ դինամիկա, և հուսով ենք՝ առանց որևէ խնդրի դուրս կգրվեն հիվանդանոցներից:

Խոսքը հենց «խոզի գրիպ» կոչվող ենթատեսակի տարածվածության մասի՞ն է:

Այո, գրիպի Ա H1N1 և Բ տեսակներն են հանրապետությունում շրջանառվում: Եվ շրջանառվում են նաև շնչառական վարակների բազմաթիվ այլ տեսակներ: Դրանց շրջանառումը նաև օրինաչափ է այս սեզոնի համար:

Նախորդ տարիների համեմատ վարակի աճ կա՞:

Ոչ, նախորդ տարիների համեմատ նույնիսկ ունենք բավական ցածր ցուցանիշներ, բայց ակտիվությունը շարունակվում է: Թե մոտ ապագայում ինչ կունենանք, տեսանելի կլինի մեր վերլուծության արդյունքների հիման վրա:

Այս հիվանդությունը ո՞ր դեպքերում է բարդանում և անգամ հանգեցնում մահվան:

Ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, ժամանակին չեն դիմում բժշկական օգնության, նրանց մոտ, հավանական է, որ բարդություններ կլինեն: Հետևաբար, նախարարությունը նոյեմբեր ամսից ձեռնարկել է պատվաստումների գործընթացը,  և, մասնավորապես, խոցելի խմբերի ներկայացուցիչներին կոչ ենք անում պատվաստվել:

Նրանք հղիներն են, 65-ից բարձր տարիքի անձինք, ուղեկցող հիվանդություններով  տառապողները, 0-6 տարեկան երեխաները: Պոլիկլինակները բոլորին զգուշացնում են, որպեսզի նրանք իրենց հասանելիք պատվաստումներն ստանան: Պատվաստոմը կատարվում է անվճար հիմունքներով: Պատվաստանյութը ներառում է գրիպի Ա տեսակի երկու ենթատեսակ՝ H1N1-ը և H3N2-ը և Բ-ի երկու ուղղություն: Այսինքն՝ մեկ պատվաստումով մենք օգնում ենք մեր օրգանիզմին դիմակայելու գրիպի հարուցիչներին: Իսկ եթե ինչ-ինչ պատճառերով կառաջանան գրիպանման երևույթներ, ապա անցանկալի ելքերով դեպքերը բավական կնվազեն, և բարդությունների առաջացման հավանականությունն էլ կնվազի:

Տեղեկութուններ կան, որ հիվանդացության աճի պատճառով հատկապես մանկական բուժկենտրոններում այս օրերին ազատ տեղեր չկան:

Այո, մանկական ստացիոնարների վրա է հիմնական բեռն ընկած, հատկապես Երևան քաղաքի: Եկեք այդպես չորակենք, որ գրեթե տեղեր չկան, այո, ծանրաբեռնված են աշխատում: Եվ նախապատրաստական աշխատանքների մի բաղադրիչն էլ այն էր, որ նախարարությունը բուժհիմնարկներին հանձնարարականներով առաջարկեց, որպեսզի լրացուցիչ մահճակալներ ներառեն: Այս իրավիճակը միայն այս տարի չէ, յուրաքանչյուր տարի էլ մենք երեխաների հետ կապված խնդիրներ ենք ունենում, և որպեսզի որևէ երեխա, թեկուզ մեծահասակ, դուրս չմնա ծառայությունից, լրացուցիչ մահճակալներ են ավելացվել: Այսինքն՝ խնդիրը հետևյալն է՝ այո, ծանրաբեռնվածություն կա, այդ ծանրաբեռնվածությունը դիտվում է ամեն տարի, և մեր մասնագիտական առարկությունն ու հորդորն է բժշկական կենտրոններին՝ լրացուցիչ ծավալ ապահովելը, որպեսզի երեխաներին կարողանանք պատշաճ պայմաններում հոսպիտալացնել:

Իսկ այս հիվանդության դեպքում մեծահասակների բուժումն ի՞նչ սկզբունքով է իրականացվում բուժհիմնարկներում՝ վճարովի՞, թե՞ անվճար:

Այնտեղ որոշակի նրբություններ կան, որը հիմա չեմ կարող մեկնաբանել: Բայց բոլոր հակավիրուսային դեղարայքով ու պարագաներով ապահովված են, անհրաժեշտության դեպքում նշանակվում և դրանք անվճար տրվում են հիվանդներին:

Այս օրերին տեղեկություններ կան, որ նախադպրոցական հաստատություններում են հիմնականում վարակները տարածվում, հնարավո՞ր է այդ հաստատությունները ժամանակավոր փակելու խնդիր առաջանա:

Բացարձակապես դրա անհրաժեշտությունը չկա, մենք հսկողություն ենք իրականացնում նաև ջերմային ռեժիմի պահպանման ուղղությամբ: Մենք դպրոցների ու մանկապարտեզների մասին ստանում ենք ջերմային ռեժիմի պահպանման օրական ցուցանիշները: Հիմնական բեռն ընկնում է մարզերի վրա, Երևանում այդ առումով իրավիճակը ավելի բարվոք է: Ամեն օր տվյալները տարբեր են լինում, բայց նման դեպքերը նվազում են: Օրինակ՝ երկու տասնյակի հասնող մանկապարտեզներ կան, որտեղ ջերմային ռեժիմը չի պահպանվում, բայց նման դպրոցների թիվն ավելի մեծ է:

Բայց դպրոցներում ավելի քի՞չ է հիվանդացության տարածումը, քան մանկապարտեզներում:

Դպրոցներում նաև բացակայության առումով են իրականացվում մշտադիտարկման աշխատանքներ, և հավատացեք, դեռևս չունենք նման դպրոց, որը կարելի է համարել թիրախ, ռիսկային, որ կարիք լինի այնտեղ որևէ սահմանափակող միջոցառման առաջարկություն ներկայացնել: Պարզապես մենք ուզում ենք ծնողներին հորդորել, որ հիվանդ լինելու դեպքում երեխաներին չուղարկեն դպրոց ու մանկապարտեզ: Իսկ գործատուներին և դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին ուղղակի հորդորում ենք հետամուտ լինել, որպեսզի հիվանդ մարդ չհաճախի այդ հաստատություններ: Ես հասկանում եմ, որ դա որոշակի դժգոհություններ կարող է առաջացնել ծնողների շրջանում, բայց ավելի լավ է, երեխան մեկ շաբաթ մնա տանը և լիարժեք առողջանա՝ խուսափելու համար հետագա բարդություններից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook