Wednesday, April 24, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Նարցիստիկ անձնային խանգարում

Նարցիստիկ անձնային խանգարում, Բ խմբի անձնային խանգարում, որի ժամանակ անձը կենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա և չի տեսնում այս պահվածքի՝ իր և այլոց վրա գործող դեստրուկտիվ ազդեցությունը։ Հաշվարկված է, որ այս անձնային խանգարումն ունի մարդկային բնակչության մեկ տոկոսը, ընդ որում՝ առավել բարձր է տղամարդկանց տոկոսայնությունը։ Առաջին անգամ ձևակեպված լինելով 1968 թվականին՝ նարցիստիկ անձնային խանգարումը պատմականորեն կոչվում էր մեգալոմանիա և որոշակի տեսակի էգոցենտրիզմի ձև է։

narcissus_b_1384069988

Սիմպտոմները

Մարդիկ, ովքեր ունեն նարցիստիկ անձնային խանգարման ախտորոշում, բնութագրվում են սեփական կարևորության չափազանցված զգացումներով։ Նրանք ունեն բարձրաշխարհիկության զգացում և ցուցադրում են վերամբարձություն իրենց հավատալիքներում և պահվածքում։ Նրանք ուենեն պաշտամունքի մշտական կարիք, սակայն զուրկ են ապրումակցման՝ էմպաթիայի կարողությունից։

Նարցիսիզմը միտում է՝ սեփական անձին օգտագործելու որպես հաշվարկային կետ, որի շուրջը կազմակերպվում է փորձը։ Նրանք խիստ անհանգստացած են, թե ինչ են մտածում ուրիշներն իրենց մասին։ Նրանք կարող են հաջողության հասնել ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, արվեստ և այլն։ Նրանցով կարող են հիանալ, բայց հեշտ հիասթափվել առավել մոտ շփման դեպքում։ Նարցիստական անձնային խանգարմամբ մարդիկ շրջապատող աշխարհն ընկալում են ռանգավորված՝ «ո՞ր դպրոցն է հեղինակավոր», «ինչպիսի՞ մարդկանց հետ պետք է ծանոթանալ շրջապատողների վրա առավել մեծ տպավորություն թողնելու համար», «ո՞ր մասագիտությունն առավել հայտնի» և այլն։ Խոսքում շատ են օգտագործում անձնական դերանուններ: Նարցիստիկ անձանց հիմնական բնութագրերից է հույզերի ժխտումը, ինչն էլ բացատրում է նրանց կողմից այլ մարդկանց շահագործման անխղճությունը։ Սեփական հույզերի ժխտումը հանգեցնում է և ուրիշների հույզերի ժխտմանը։ Նարցիսի կարգախոսն է. «լինել ճանաչված, հանճար», որը մետաֆորիկ արտահայտվում է «աստվածների կողմից ընտրյալի» զգացման մեջ։ Գերզգայուն են քննադատության և մերժման նկատմամբ, ամեն ինչում ձգտում են առավելագույնին։ Նրանք չեն արտահայտում շնորհակալության զգացում, հատուկ չէ զղջումը, չեն ընդունում իրենց սխալները։ Նրանց դժվար է ցույց տալ, որ ինչ-որ բանի կարիք ունեն։ Հատուկ չէ խղճի խայթը, ինքնասահմանափակումը, տանջանքը։ Նրանց համար ամենագլխավորն իրենց իսկ ընտրած կյանքի ոճն է։ Նրանց առանձնացնում է ակտիվությունն՝ ուղղված իրենց կերպարի ստեղծմանը և պահպանմանը ինչպես խոսքում, այնպես էլ գործում։ Նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջապատող մարդկանց, քանի որ իրենց հետաքրքիր չեն։ Նարցիստիկ անձնանց նպատակը հաջողության հասնելն է և հեղինակության ձգտումը։ Յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի այդ ձգտումների իրացման միջոցների մասին։ Նպատակին հասնելու ճանապարհին անողոք են թե՛ իրենց, թե՛ շրջապատի մարդկանց նկատմամբ, իրենց զրկում են շատ հաճույքներից և հրաժարվում այն ամենից, ինչը խանգարում է խնդիրների լուծմանը։ Նարցիստիկ անձնանց բնորոշ է իրենց ձեռքբերումների, ընդունակությունների և տաղանդների գերչափազանցումը։ Գերբարձր կարծիք ունեն իրենց մասին։ Նրանք ապրում են ապագա հաջողություններով՝ ամբողջությամբ չզգալով ներկան։ Բնորոշ է քրոնիկ նախանձը, որը խանգարում է նրանց ապրել։ Յուրահատուկ վերաբերմունք ունեն իրենց անցյալի նկատմամբ, որն ակտիվ դուրս է մղվում գիտակցությունից: Նրանք չեն ցանկանում մտածել անցյալի մասին, հիշել ինչ-որ իրադարձություններ, իրավիճակներ։

Բոլորին նայում են «վերևից». հատուկ է մեծամտությունը, ինքնահավանությունը։ Խիստ մանիպուլյատիվ են։ Դինամիկ զարգացման ընթացքում նարցիստիկ անձինք մեկուսանում են։ Այս առանձնահատկությունն առավել ակնհայտ է դրսևորվում, եթե հետևում ենք այսպիսի մարդու վարքին մի քանի տարիների ընթացքում։ Դիտվում է մեկուսացման աճ, հարաբերությունների քանակի նվազում։

Հաճույք ստանալու պահանջմունքը թույլ է ներկայացված։ Հաջողության հասնելով՝ նրանք պետք է հաճույք ստանան, բայց, որպես կանոն, դա տեղի չի ունենում։ Հաճույքի զգացումը մակերեսային է, կարճատև բնույթ է կրում։ Դիտվում է մարմնական զգայությունների մակարդակի նվազում, ծագում է որոշակի օտարում սեփական մարմնից։

DSM-5

DSM-5 դասակարգման համաձայն՝ նարցիստիկ անձնային խանգարման սիմպտոմներն են.

Ա. Նշանակալի խոտաններ անձի ֆունկցիաների մեջ, ներառյալ.

1. ինքնագիտակցման ֆունկցիաների խոտաններ.

2. միջանձնային ֆունկցիաների խոտաններ։

Բ. Պաթոլոգիական ինքնահավանություն,

Գ. Ժամանակի երկար հատվածում սիմպտոմների ստաբիլ պահպանում

Դ. Պահվածքի և մտածելակերպի տվյալ ձևերը չեն դիտարկվում որպես նորմատիվ անձի տվյալ սոցիալ-մշակութային և տարիքային կոնտեքստում

Ե. Սիմպտոմների պատճառ չեն հանդիսանում առողջական խնդիրները, ինչպես գլխուղեղի որոշակի հատվածների տրավման, կամ որոշակի նյութերի ֆիզիոլոգիական ազդեցությունը, ինչպես թմրանյութերի չարաշահումը, դեղորայքի անպատեհ կիրառությունը։

DSM-IV-TR

DSM-IV-TR-ի համաձայն՝ այս անձնային խանգարումը բնութագրվում է հետևյալ սիմպտոմներով.

  • Անձը ակնկալում է ընդունվել որպես վերադաս կամ հատուկ։
  • Ակնկալում է կայուն ուշադրություն, հիացմունք և պաշտամունք այլոց կողմից։
  • Նախանձում է այլոց և համոզված է, որ այլք նախանձում են իրեն։
  • Տարված է մեծ հաջողության, անչափ գրավչության, ուժ և խելացիության մասին մտքերով և երևակայում է այդ մասին։
  • Ի վիճակի չէ ապրումակցել այլոց զգացմունքներին և ցանկություններին։
  • Մերժողական է պահվածքի և պահելաձևի մեջ։
  • Ունի սպասումներ արժանանալու առանձնահատուկ վերաբերմունքի, որոնք ոչ իրատեսական են։

DSM-IV

DSM-IV-ի համաձայն(1994 թվական)` նարցիստիկ անձնային խանգարումը կարող է ախտորոշվել 5 կամ ավելի սիմպտոմների հաստատման դեպքում, որոնց շարքում առանձնանում են.

  • Քննադատության նկատմամբ զայրույթ:
  • Միջանձնային հարաբերությունների շահագործում. ուրիշներին օգտագործում են սեփական նպատակներին հասնելու համար:
  • Ինքնանշանակալիության վիթխարի զգացում` հիմնված իր ձեռքբերումների, ընդունակությունների չափազանցման վրա, ձգտում՝ լինելու «նկատված», «պարգևատրված»` իր «հատուկ մարդ լինելու» որակի համար՝ առանց բավարար հիմնավորումների։
  • Համոզվածություն, որ իր խնդիրները եզակի են և կարող են հասկացվել միայն «հատուկ» մարդկանց կողմից։
  • Անսահմանափակ հաջողության, ուժի, գեղեցկության և իդեալական սիրո ֆանտազիաներով տարվածություն։
  • Ընտրյալ լինելու զգացում, իր նկատմամբ հատուկ, բարենպաստ վերաբերմունքի իռացոնալ սպասում։
  • Ուշադրության և հիացմունքի անընդհատ պահանջմունք։
  • Նախանձի ուժեղ զգացում։
  • Ապրումակցման բացակայություն, ուրիշների զգացմունքերը ճանաչելու ընդունակության բացակայություն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook