Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Նյարդավիրաբուժությունը` բժշկագիտության նոր ոլորտ. Դավիթ Պատրիկյան

Նյարդավիրաբուժությունը բժշկության երիտասարդ ճյուղերից է: Այն սկսել է զարգանալ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին: Այսօր նյարդավիրաբուժությունը օր-օրի ավելացնում է իր ընդգրկված ասպարեզը և գնալով բարելավվում են վիրահատությունների որակը, կիրառվող գործիքները, կատարվում են կենտրոնական նյարդային համակարգի բարդ վիրահատություններ:

–   Պարոն Պատրիկյան, ի՞նչ են բուժում նյարդավիրաբույժները եւ առավել հաճախ ի՞նչ ախտաբանության դեպքում են դիմում նյարդավիրաբույժներին:

—   Հնէաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ու հայտնաբերվում են գանգոսկրի վրա տարբեր վիրաբուժական միջամտությունների հետքեր, որոնք հավանաբար կատարվել են այն մարդկանց կողմից, ովքեր ունեցել են որոշակի գիտելիքներ, տիրապետել են վիրահատական հնարքների և անշուշտ ունեցել են գործիքներ: Վիրահատություններ են կատարել գանգուղեղային վնասվածքների (ներհրված բեկորների հեռացում), գուցե գաղափար են ունեցել նաև ներգանգային վնասվածքային բնույթի ծավալային գոյացությունների մասին (հեմատոմաներ) ու հեռացրել են դրանք: Քիչ չեն նաև ծիսական կամ «չար ոգուց» ազատվելու նպատակով կատարվող տրեպանացիաները: Սակայն այս վիրահատություններից շատերը մատնված էին անհաջողության, քանի որ չէին պահպանվում անտիսեպտիկայի և ասեպտիկայի կանոնները, չկային անեսթեզիայի հետ նախատեսված միջոցներ (կամ ալկոհոլ էին տալիս, որ հիվանդը օգտագործի կամ ինչ-որ բութ գործիքով հարված էին հասցնում գլխին, այնուհետև հիվանդը ժամանակավոր կորցնում էր գիտակցությունը): Այդ ընթացքում հասցնում էին ավարտին հասցնել վիրահատությունը: Գործիքները պատրաստվում էին բրոնզից կամ երկաթից, քիչ չէին նաև տարբեր կիսաթանկարժեք քարերից (օբսիդիան) պատրաստված կտրող, քերող, ծակող գործիքները: Քիչ չէին դեպքերը, երբ հիվանդը չդիմանալով վիրահատական (առանց ցավազրկում կատարելու) ցավին, մահանում էր վիրահատության ժամանակ ցավային շոկից, արյունահոսությունից: Սակայն հնէաբանական հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են գանգեր, որոնց վրա կան վիրահատական գործողության (տրեպանացիա) հետքեր և կրծված ոսկրի եզրերը հարթ են, կլորացված: Այս փաստը վկայում է այն մասին, որ հիվանդը վիրահատությունից հետո ապրել է ինչ-որ ժամանակահատված:
19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին նյարդավիրաբուժություն մասնագիտությունն առանձնացավ որպես առանձին մասնաճյուղ: Սկզբնական փուլում ախտորոշմամբ զբաղվում էին նյարդաբանները, իսկ վիրահատություններն իրականացնում էին ընդհանուր վիրաբույժները, սակայն նյարդավիրաբույժներ չէին համարվում: Ներկայում նյարդավիրաբուժությունն իր մեջ երկու մասնագիտություն է ներառում՝ նյարդաբանի ու նյարդավիրաբույժի:
Մեր մասնագիտության հիմքն անատոմիայի լավ իմացությունն է՝ ողնաշարի, ինչպես նաեւ ուղեղի տարբեր հատվածների ուսումնասիրությունը ե՛ւ անատոմիական, ե՛ւ ֆունկցիոնալ իմաստով: Նյարդավիրաբույժն աշխատում է կենտրոնական նյարդային համակարգի այնպիսի հատվածներում, որոնք մեծ կարեւորություն ունեն ու պատասխան են տալիս խոսքի, տեսողության, շարժումների եւ այլ ֆունկցիաների համար:

Նյարդավիրաբուժությունը զբաղվում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ, ողնուղեղ), ուռուցքային, անոթային (ներուղեղային հիպերտենզիվ բնույթի արյունակույտեր, զարկերակային աներիզմաներ, արտերիովենոզ մալֆորմացիաներ), վնասվածքային (կոտրվածքներ, ներգանգային արյունակույտեր), բորբոքային ( թարախկույտ, էմպիեմա), մանկական հասակի (հիդրոցեֆալիա, կրանիոստենոզ և այլն) հիվանդություններով, էպիլեպսիայով և այլն: Քիչ չեն նաև նյարդավիրաբուժական այն հիվանդությունները (մենինգիտ, գանգուղեղային վնասվածքներ), որոնք պահանջում են դեղորայքային բուժում: Կատարվում են բազմաթիվ վերականգնողական վիրահատություններ գանգաթաղի դեֆեկտների ժամանակ, ողնաշարի այլակերպային հիվանդությունների վիրահատություններ՝ միջողնային աճառի ճողվածք:
–   Ի՞նչ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել նյարդավիրաբույժին դիմելիս:

–   Նյարդավիրաբուժական հետազոտության մեջ պացիենտի անամնեզից, գանգատներից, նյարդաբանական վիճակի ուսումնասիրությունից զատ, իրականացվում են նաև գործիքային հետազոտություններ, որոնք հաստատում են  կլինիկական ախտորոշումը, ճշտում տեղակայումը: Մեր մասնագիտության մեջ շատ կարեւոր է պարզել ախտաբանական գոյացության տեղակայման խնդիրը: Այն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ դեպի ախտաբանական գոյացությանը ճիշտ մուտքեր բացելու համար: Մենք սխալվելու իրավունք պարզապես չունենք:
Այլ հետազոտություններից կարելի է նշել ակնահատակի ու տեսադաշտի ստուգումը, ռենտգենաբանական, անգիոգրաֆիկ հետազոտությունները և այլն: Սակայն այժմ առաջարկվում են առավել ժամանակակից հետազոտություններ՝ համակարգչային, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաներ, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա և այլն:
–   Արմենիա ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի նախընտրելի ուղղությունները:
Մենք տիրապետում ենք  նյարդավիրաբուժական, ինչպես նաեւ նյարդային համակարգի կատարյալ ախտորոշման ու բուժման իմաստով բոլոր մեթոդներին:
–   Ե՞րբ է հարկավոր դիմել նյարդավիրաբույժին:
–   Հիվանդը նախեւառաջ պետք է դիմի ընտանեկան բժշկին, ով նրան լսելուց ու գանգատներն իմանալուց հետո պետք է խորհուրդ տա անցնել այլ մասնագետների մոտ խորհրդատվության: Հիվանդը պետք է դիմի բժշկին, երբ ունի գլխացավ (մի քանի օր տևող և դեղի ազդեցությամբ չանցնող): Ցավը մեր օրգանիզմում ահազանգ է խնդրի մասին: Հարկավոր է դիմել բժշկի, երբ նկատվում է, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի թուլություն, գիտակցության կորուստ, գլխապտույտի նոպաներ, նկատվում է շշմածություն և այլն: Նյարդավիրաբույժներին, սովորաբար, դիմում են արդեն մի քանի մասնագետների կողմից  ուսումնասիրված հիվանդներ:
–   Խոսենք Ձեր բաժանմունքի ուղղվածությունների մասին: Եվ վերջում` Ձեր խորհուրդները:
–   Զբաղվում ենք անոթային, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների, վնասվածքային, բորբոքային հիվանությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Նյարդավիրաբույժները զբաղվում են ոչ միայն գլխուղեղով, այլեւ ողնաշարով ու ողնուղեղով: Այսօր հրատապ խնդիր է ողնաշարի այլակերպային կամ դեգեներատիվ հիվանդությունները:
Մարդկանց հորդորում եմ վարել առողջ ապրելակերպ, այսօր դա ոչ թե դեվիզ է, այլ` հիվանդությունների կանխարգելման լավագույն մեթոդ: Չծխել:

http://armeniamedicalcenter.am/arm/news.more/56/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook