Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններ

Նորածնային թոքաբորբ

Ըստ զարգացման շրջանների առանձնացնում ենք

  • ներարգանդային (անտենատալ)
  • ներծննդյան (ինտրանատալ)
  • հետծննդյան (պոստնատալ)

կամ

  • բանծին
  • ձեռքբերովի

Բնածին նորածնային թոքաբորբերը անտենատալ կամ ինտրանատալ շրջանում թոքերի շնչական հատվածների սուր վարակաբորբոքային ախտահարումն է, որը կլինիկառենտգենաբանորեն դրսևորվում է երեխայի կյանքի առաջին 72 ժամերի ընթացքում։ Ձեռքբերովի նորածնային թոքաբորբերը կարող են լինել արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային (նոզոկոմիալ) ։

Ըստ առաջացնող պատճառի նորածնային թոքաբորբերը լինում են.

  • վիրուսային
  • մանրէային
  • սնկային
  • միկոպլազմային
  • խառը

Նորածնային թոքաբորբերի պաթոգենետիկ առանձնահատկություններից են կենտրոնական նյարդային համակարգի և վեգետատիվ ֆունկցիաների խանգարումների հետ կապված տոքսիկոզի արագ զարգացումը, բորբոքային պրոցեսների գեներալիզացիայի հակումը, կենսական կարևոր ֆունկցիաների նյարդառեֆլեքսային կարգավորման խանգարումների գերակշռումը, թոքային հիպերտենզիան և անոթային այլ տեղաշարժերը, հիպոգամագլոբուլինեմիան և հիպովիտամինոզները։ Թոքաբորբերի ծանրությունը որոշում են տոքսիկոզի արտահայտվածությամբ, օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարումով, ինչպես նաև թոքերում ձևաբանական փոփոխությունների արտահայտվածության աստիճանով։ Սուր ընթացքի դեպքում թոքաբորբը տևում է 2-6շաբաթ, ենթասուրը՝ 6-8շաբաթ, ձգձգվողը՝ 12-14 շաբաթ։ Նորածնային թոքաբորբերի ախտածնության մեջ առանձնացվում են 3 հիմնական պրոցես

  • հիպօքսեմիայի, հիպերկապնիայի և ացիդոզի զարգացում
  • նյութափոխանակության խանգարում
  • իմունաբանական դիմադրողականության իջեցում և հիպովիտամինոզների զարգացում։

Նորածնային թոքաբորբերը կարող են զարգանալ նորածնի կյանքի առաջին օրերին, թեև կլինիկորեն այն հաճախ նկատելի է դառնում կյանքի 5-8-րդ և հետագա օրերին։ Հիվանդության սկիզբը բնորոշվում է երեխաների վիճակի հարաճուն ծանրացումով, ջերմաստիճանի բարձրացումով մինչև 38-39°, թունավորման ուժեղացումով (փսխում, սննդից հրաժարվել, որովայնի փքվածություն) և սրտանոթային համակարգի անբավարարության երևույթների (հևոց, ցիանոզ, հազ, շնչահեղձուկի նոպաներ) արտահայտված զարգացումով։ Թոքերում գոյանում են օջախային փոփոխություններ, որոնք հայտնաբերվում են կլինիկական և ռենտգենաբանական հետազոտությամբ։ Թոքաբորբերը, որպես կանոն, ընթանում են բրոնխոպնևմոնիայի ձևով, թեև կարող են նաև բազմահատվածային (պոլիսեգմենտար) լինել և ուղեկցվել թոքերի ատելեկտազներով։ Թունավորման ծանրության մասին են վկայում աճող թուլությունը, ադինամիան, շնչահեղձուկի նոպաները, հազվասրտությունբրադիկարդիան, հաճախասրտությունտախիկարդիա,հաճախաշնչություն տախիպնոէ, հեմոռագիկ ցանը, աղիների թերլուծանքը (պարեզը), ցնցումային համախտանիշը և այլն։ Արյան հետազոտությունը հայտնաբերում է ձախ թեքումով լեյկոցիտոզ կամ արյունաստեղծման ընկճման նշաններ (լեյկոպենիա, ագրանուլոցիտոզ, մոնոցիտոզ և այլն)։

Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ նկատելի են բրոնխանոթային պատկերի զգալի ուժեղացում, օջախային փոփոխություններ։ Օջախները տեղ-տեղ ձուլվում են՝ առաջացնելով ոչ համասեռ խոշոր ստվերներ։ Ստաֆիլոկոկային քայքայող (դեստրուկտիվ) թոքաբորբերի համար հատկանշական է տոքսիկացիայի արագ զարգացումը, մաշկի դեղնագունատ երանգը, շնչական և սիրտանոթային անբավարարության զարգացումը։ Ախտահարված կողմում կարելի է հայտնաբերել պերկուտոր հնչյունի բթացումը, աուսկուլտատիվ՝ թաց խզզոցները։

Բուժումը պետք է լինի կոմպլեքսային։ Լավագույն արդյունք է ստացվում ազդեցության լայն սպեկտր ունեցող հակաբիոտիկների կիրառումից։ Թոքաբորբերի բուժման կոմպլեքսում բարենպաստ ներգործություն ունի օդաբուժությունը (աերոթերապիան)։ Հիպօքսիայի ավելի արագ վերացմանը նպաստում է օքսիգենոթերապիան (թթվածնային բուժումը)։ Թոքերի օդափոխումը բարելավելու նպատակով վերին շնչական ուղիներից մշտապես արտածծվում է լորձը, օգտագործում են հիմնային աերոզոլներ և այլ միջոցներ։ Ապահովվում է հեղուկների ընդունումը, որը օրվա ընթացքում սննդի հետ պետք է կազմի 150-200 մլ/կգ։ Թոքաբորբերի ծանր ընթացքի դեպքերում, ինչպես նաև արտահայտված ալերգիկ վիճակներում, ծննդաբերական վնասվածքների, մակերիկամային անբավարարության ժամանակ ցուցված է գլուկոկորտիկոստերոիդային թերապիա։ Հորմոնների կիրառումը զուգակցվում է հակաբիոտիկների, վիտամինների և դետոքսիկացիոն միջոցների հետ։

Գրականություն – Чучалин А.Г. – Пульмонология։ Национальное руководство [2009 г.]

Leave a Reply

x Close

Like Us On Facebook