Tuesday, April 23, 2024
Նորություններ

Նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվող անվճար տեղերը կտրուկ ավելացվել են

Առողջապահության նախարարությունը կրթության և գիտության նախարարության ու Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ հայտարարում է այս տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելության գործընթացի սկիզբը: Առաջին անգամ կլինիկական օրդինատուրային հատկացվել է 50 տեղ` նախկին 35-ի փոխարեն (ընդունելությունը կսկսվի պետական ավարտական քննություններից անմիջապես հետո):

Նպատակային կլինօրդինատուրային հատկացվող անվճար տեղերի ավելացումը մեծապես կարևորելով` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ բանակցում է գործընկերների հետ` այս ուղղությամբ կտրուկ փոփոխություններ կատարելու: Նպատակադրումը հստակ է` պետբյուջեի ֆինանսավորմամբ ուսանող կլինօրդինատորների աշխատանքը հետագայում պետք է բարելավի բժշկական կադրային  ապահովումը գերազանցապես մարզերում: Նպատակային կլինիկական օրդինատորները մինչ ուսումնառության սկիզբը նախարարության հետ կնքում են պայմանագիր, որով ստանձնում են պարտավորություն` ավարտելուց հետո աշխատելու այն մարզում, ուր կուղեգրվեն:

Մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացումը մեծապես կարևորվում է. այն չի կարող զարգանալ, եթե մարզերում բուժօգնությունը թերի է, և մարդկային ներուժը հնարավորին չափ օպտիմալ բաշխված չէ երկրի ողջ տարածքով:

Ցավոք, վերլուծությունը ցույց է տալիս, որ բժշկական աշխատուժը գերկենտրոնացված է մայրաքաղաքում, փոխարենը կադրերի զգալի պակաս կա մարզերում: Երևանում ամեն 10 հազար բնակչին բաժին է ընկնում 55 բժիշկ, իսկ մարզերում այս թիվը տատանվում է 13-18-ի միջև: ՀՀ առողջապահական մոդելին մոտ երկրներում այս ցուցանիշը պետք է լինի միջինում 35:

Ներկայումս մարզերում բժիշկների շուրջ 250 թափուր աշխատատեղ կա, ուստի նախարարությունը փորձում է տարաբնույթ ծրագրերով լրացնել այդ բացը` համագործակցելով մարզային իշխանությունների հետ: Այս ծրագրերից իր արդյունավետությամբ առանձնանում են նպատակային կրթական ծրագրերը, հատկապես նպատակային կլինիկական օրդինատուրան: Վերջինի շրջանակներում ԱՆ հաստատած մասնագիտություններով ամեն տարի մրցութային կարգով ԵՊԲՀ են ընդունվում կլինիկական օրդինատորներ, որոնց ուսման վարձը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից: Բացի այդ` ուսումնառության ողջ ընթացքում նրանց վճարվում է կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի չափով:

Դրա դիմաց ապագա մասնագետները պարտավորվում են 5 տարի աշխատել մարզային այն առողջապահական կազմակերպությունում, որտեղ կնշանակվեն նախարարության կողմից: Մարզային իշխանությունների հետ համատեղ փորձ է արվում նաև լուծել մարզերում աշխատանքի անցած բժիշկների կոմունալ-կենցաղային որոշ խնդիրներ` մասնակի կամ ամբողջովին փոխհատուցելով նրանց բնակարանի վարձը, որոշ մարզերում նաև` կոմունալ վճարները, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներում աջակցում է այդ երիտասարդ բժիշկների մասնագիտական և կարիերայի աճին` հնարավորության դեպքում նույնիսկ ապահովելով վերապատրաստումներ արտերկրում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook