Thursday, April 25, 2024
Նորություններ

Շիրակի մարզի մոտ 50 բնակիչ կաթվածի պետական ծրագրով բուժում է ստացել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում, ծանոթացել վերջերս այստեղ ներդրված գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման (Stroke) պետական ծրագրին։ Նրան ուղեկցել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Շուրջ հինգ տասնյակ քաղաքացի Շիրակի և մոտակա մարզերից անհետաձգելի բուժօգնություն է ստացել պետպատվերի շրջանակում։

Նոր և հագեցած ենթակառուցվածքներ, արհեստավարժ բուժանձնակազմ և ծառայությունների որակ. այս երեք ուղղություններով էլ բավական առաջընթաց ունենք մարզում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:

Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը, մայրաքաղաքից հետո, Շիրակի մարզն առաջինն էր, որտեղ Կաթվածի խորհրդի համաձայնությամբ, օժանդակությամբ և պետական ֆինանսավորմամբ «Գյումրի բժշկական կենտրոնում» ներդրվել է կաթվածի պետական ծրագիրը, գործում է կաթվածի նորագույն բուժման երկու մեթոդ ՝ դեղորայքային և վիրահատական, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար անվճար է և հասանելի։ Կենտրոնում իրականացվում է ուռուցքային հիվանդություն ունեցող անձանց հետազոտում, ախտորոշում և բուժում, նախկինում անհասանելի այնպիսի վիրահատական միջամտություններ, որոնք ոսկե ստանդարտ են համարվում ուռուցքաբանության ոլորտում։

Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրի բժշկական կենտրոնի ծննդատուն և ինֆեկցիոն բաժանմունք, Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, շրջել, ծանոթացել աշխատանքների ընթացքին, մատուցվող ծառայություններին։ Իսկ ավստրիական հիվանդանոցին կից «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալիս նախարարն ու մարզպետը խոսել են շինարարության դանդաղ ընթացքից, առաջացած հիմնահարցերից։

Պատասխանատուները վերջում քննարկել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային նոր շենք տրամադրելու հարցը, որի լուծմանն են միտված եղել անցած մի քանի ամիսների աշխատանքը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook