Wednesday, April 24, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ո՞ր տարիքում է փոքրիկը սկսում շատ հարցեր տալ և դառնալ «ինչուիկ»․ ներկայացնում է լոգոպեդը

Լոգոպեդ Քրիստինե Խառատյանն «Իմ փոքրիկ»-ին պատմել է, թե ինչպես է ընթանում երեխայի խոսքի զարգացումը տարբեր տարիքային փուլերում:

 0-1 տարեկան

Այս ժամանակահատվածը հուզական շփման և նախախոսքային նախադրյալների ակտիվ  ձևավորման շրջանն է, երբ  երեխան ջերմ կապի մեջ է մայրիկի հետ: Բալիկը գերադասում է նրա ձայնն այլ ձայներից, իմաստալից ժպտում է, իր պահանջմունքների մասին ազդարարում լացով, ապա նաև այլ ձայներով` գղգղանքի և թոթովանքի զարգացմանը զուգահեռ: Փոքրիկը շրջվում է զանազան բարձր ձայների ուղղությամբ, իսկ 9 ամսականում արդեն հստակ արձագանքում է սեփական անվանը: 11 ամսականում երեխայի արտաբերած վանկերը վեր են ածվում այնպիսի բառերի, ինչպիսիք են՝ մամա, պապա: Այս տարիքում է, որ երեխան իր ցանկություններն արտահայտելիս ոչ միայն քաշում է մեծահասակի ձեռքը, այլև երկար նայում է նրա  աչքերի մեջ և մատով ցույց տալիս՝ ինչ է ուզում:

 

 1-2 տարեկան

Երեխան հասկանում է իրեն ուղղված պարզ հրահանգներն` առանց ժեստերի զուգորդման:  Հաղորդակցվելիս ինքն է սկսում օգտագործել ցտեսություն, տուր և նման այլ բառերին համապատասխան ժեստեր: Այս փուլում երեխան սկսում է կրկնել լսած ձայները, բառերը, իսկ ակտիվ բառապաշարը հետզհետե հարստանում է:  2 տարեկանում այն հասնում է մոտ 30 բառի, իսկ 3 տարեկանում առնվազն 250 բառի: Տվյալ շրջանում խրախուսելի է շփումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ:

 3-4 տարեկան

3-4 տարեկանում երեխան խոսում է առավել հստակ հնչարտաբերությամբ, ձևավորվում է կապակցված խոսքը, իսկ բառապաշարը հարստանում է հատկանիշ արտահայտող բառերով, կապերով և շաղկապներով: Տվյալ փուլին էլ բնորոշ են սոցիալական փոխհարաբերությունների ձևավորումն ու կոլեկտիվի մեջ ընդգրկումը: Բալիկը սկսում է շատ հարցեր տալ և ինքնուրույն մեկնաբանություններ անել, ուստի նրան հաճախ անվանում են «ինչուիկ»:

 5-6  տարեկան

Փոքրիկի հնչարտաբերության ձևավորումն ավարտվում է, երեխան արդեն ունի հստակ խոսք, պատմում է պատմություններ, մանրամասն պարզաբանումներ տալիս պատմածի վերաբերյալ: Պատասխանում է տարբեր հարցերի և սկսում հետաքրքրություն դրսևորել նախնական ակադեմիական գիտելիքների նկատմամբ` նախապատրաստվելով դպրոցին:

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook