Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են ականջի ցավի հիմնական պատճառներն ու որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկին

Ականջի ցավը որպես կանոն պայմանավորված է լինում արտաքին կամ միջին ականջի հիվանդություններով, իսկ դրա զարգացման առավել տարածված պատճառը կոկորդի ետին պատից դեպի միջին ականջը ձգվող լսողական խողովակի խցանումն է։

Այս ցավը որպես կանոն ավելի է ուժգնանում գիշերվա ժամերին, ինչը պայմանավոված է լինում գլխի դիրքով։ Բանն այն է, որ օրվա ընթացքում մարդը գլուխն ուղիղ է պահում և հեղուկի հոսքը միջին ականջից տեղի է ունենում առանց որևէ միջամտության։ Սնունդը ծամելու և կուլ տալու ընթացքում լսողական ապարատի մկանները կծկվում են՝ թույլ տալով, որ օդն ազատ ներթափանցի միջին ականջ, մինչդեռ գիշերն այդ խողովակնեը չեն ստանում օդ և հեղուկի հոսքն ինքնաբերաբար չի իրականացվում։ Միևնույն ժամանակ արդեն իսկ միջին ականջում գտնվող օդը կլանվում է և առաջանում է վակուում, որը դեպի ներս է ձգում ականջի թմբկաթաղանթը։

Ակնջի ցավի պատճառ կարող են դառնալ արտաքին ականջի վարակներն ու բորբոքումները (թարախակույտ, այտուց և այլն)։ Այս խնդրի առավել հաճախ հանդիպող պատճառն ականջաբորբն է, որը մրսածությունից և քթի ու կոկորդի այլ հիվանդություններից հետո զարգացող շատ տարածված բարդություն է։ Այս խնդիրը հատկապես հաճախ է հանդիպում երեխաների մոտ և դրսևորվում է ականջի ցավով ու լսողության վատթարացմամբ։ Վիճակագրական տվյալներով՝ երեխաների շուրջ 80%-ը կյանքի առաջին 5 տարում առնվազն մեկ անգամ բախվում են միջին ականջի ականջաբորբի խնդրին։

Այնուամենայնիվ հարկ է հիշել, որ երբեմն այս ցավը պայմանավորված չի լինում ականջների հետ կապված խնդիրներով և դրա առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ատամների, լեզվի, նշագեղձերի, կոկորդի կամ ծնոտի հետ կապված խնդիրները։ Սա է պատճառը, որ նման դեպքերում հարկավոր է զգոն լինել և չփորձել ինքնուրույն ազատվել խնդրից։ Հարկավոր է անպայման դիմել մասնագետին և հետևել նրա ցուցումներին, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել։

Ականջի ցավի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, եթե․

  • ցավը չափազանց սաստիկ է և չի մեղմվում ավելի քան երեք օր,
  • ականջի մեջ կա օտար մարմին կամ թարախ,
  • հիվանդի մոտ սաստիկ դող ու տենդ է  նկատվում։

Եթե այս ամենից բացի ականջից արյուն կամ թափանցիկ հեղուկ է հոսում, ապա բժշկին հարկավոր է դիմել անհապաղ, քանի որ այս դեպքում խնդիրը չափազանց լուրջ է և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Հարկ է հիշել, որ սա այն խնդիրներից է, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, ուստի առաջին իսկ ախտանշանի դեպքում հարկավոր է բուժզննում անցնել ու անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook