Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են անոթներում թրոմբների առկայության մասին հուշող հիմնական ախտանշանները

Արյունատար անոթներում առաջացած արյան մակարդուկները կարող են շատ վտանգավոր լինել և միջոցներ չձեռնարկելու դեպքում լուրջ խնդիրների հանգեցնել, սակայն, ցավոք, շատ հաճախ մարդիկ ժամանակին չեն նկատում դրանք, քանի որ նման վտանգավոր խնդիրը ոչ միշտ է դրսևորվում վառ ախտանշաններով։

Արյան մակարդուկները սովորաբար ձևավորվում են վնասվածքներից հետո և այդ կերպ պաշտպանում են մեծ քանակությամբ արյան կորստից։ Այնուամենայնիվ երբեմն արյան մակարդուկներ կարող են առաջանալ անգամ որևէ վնասվածք չստացած անոթում, ինչն էլ հենց հանգեցնում է լուրջ խնդիրների զարգացման։

Ժամանակի ընթացքում արյան մեջ լուծվելու դեպքում նման մակարդուկները որևէ խնդիր չեն առաջացնում, մինչդեռ չլուծվելու դեպքում դրանք կարող են կյանքի համար վտանգավոր լինել։ Բարեբախտաբար նման դեպքերում օրգանիզը նախազգուշացնում է խնդրի առկայության մասին որոշակի ախտանշանների միջոցով, որոնք ժամանակին նկատելը թույլ կտա միջոցներ ձեռնարկել ու կանխել բարդությունների զարգացումը։

Ոտքերի ջղաձգումներ

Ցավոտ սպազմները կարող են պայմանավորված լինել ստորին վերջույթներում թրոմբների առաջացմամբ, ուստի դրանք չի կարելի անտեսել։ Թրոմբոզի հավանականությունը հատկապես բարձր է լինում այն դեպքում, երբ տհաճ ախտանշաններն ի հայտ են գալիս երկար ժամանակ նստած լինելուց հետո։ Այս հիվանդությունը շատ վտանգավոր է, քանի որ ոտքի անոթում առաջացած թրոմբն ամբողջությամբ կամ մասամբ կարող է պոկվել ու հայտնվել թոքերում, ինչն էլ կարող է դառնալ մահվան պատճառ, ուստի նման տհաճ ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

Մաշկի գույնի փոփոխություն

Եթե ոտքի մաշկի որոշակի հատվածը կարմրում է կամ փոխում է երանգը, ապա մեծ է անոթում արայն մակարդուկի առկայության հավանականությունը։ Նման դեպքերում հարկավոր է շատ զգոն լինել ու ժամանակին դիմել մասնագետին։

Մաշկի ջերմաստիճանի բարձրացում

Թրոմբը կարող է խցանել անոթն ու առաջացնել արյան հոսքի խանգարումներ, ինչն էլ ուղեկցվում է որոշակի ախտանշաններով։ Այդ ախտանշաններից մեկը մաշկի որոշակի հատվածի ջերմաստիճանի բարձրացումն է, ուստի նման արտասովոր ախտանշանը չի կարելի անուշադրության մատնել։

Այտուցներ

Ձեռքերի, ոտնաթաթերի կամ կոճերի այտուցները ևս կարող են հուշել անոթներում արյան մակարդուկների առկայության մասին։ Նման անբացատրելի այտուցների առկայությունը հուշում է անհապաղ բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին։

Մեջքի ցավեր

Մեջքի ցավերը հուշում են փոքր կոնքի անոթներում կամ ստորին սիներակում արյան մակարդուկի առաջացման մասին։ Նման թրոմբները շատ վտանգավոր են, քանի որ ժամանակին դրանց դեմ միջոցներ չձեռնարկելը կարող է դառնալ արյան հոսքի արգելափակման ու անդառնալի վնասվածքների պատճառ։ Եթե մեջքի ցավն ուղեկցվում է թրոմբոզի այլ ախտանշաններով, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին։

Առատ քրտնարտադրություն

Առատ քրտնարտադրությունը ևս կարող է հուշել թրոմբի առկայության մասին, ուստի եթե այս խնդիրն ուղեկցվում է նաև այլ ախտանշաններով, ապա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Հարկ է հիշել, որ այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել թոքերի կամ սրտամկանի զարկերակներում առաջացած արյան մակարդուկով, ուստի այն անտեսելը կարող է շատ վտանգավոր լինել։

Հևոց

Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան կարող է դրսևորվել այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են հևոցը, շնչառության դժվարացումն ու կրծքավանդակի ցավերը։ Որոշ դեպքերում կարող է նկատվել նաև զարկերակային ճնշման անկում, գիտակցության կորուստ ու արյունոտ հազ։

Մասնագետները նախազգուշացնում են, որ արյան մակարդուկների ձևավորմանը և դրանց հետևանքով թրոմբոզի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները կարող են լինել նստակյաց կենսակերպը, վնասվածքները, վիրահատական միջամտությունները, սրտամկանի ու թոքերի քրոնիկ հիվանդությունները, հղիությունը, հորմոնալ դեղամիջոցնորի ու բեղմնականխիչ հաբերի գործածությունն ու անգամ չափազանց նեղ հագուստ կրելը, ուստի նման վտանգավոր խնդրի զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել այս գործոններից։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook