Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են աչքերի ամենատարածված բորբոքային հիվանդություններ

Աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, սակայն ոչ բոլորն են կարողանում տարբերել դրանք միմյանցից ու ճիշտ բուժել:

Այս հիվանդությունների ախտանշանները կարող են շատ նման լինել, ուստի խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ: Սովորաբար աչքերի բորբոքային հիվանդություններն ուղեկցվում են աչքերի քորով, կարմրածությամբ, այտուցվածությամբ, արցունքահոսությամբ ու թարախի առկայությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աչքերի ամենատարածված բորբոքային հիվանդությունները, դրանց ախտանշաններն ու բուժման միջոցները:

Վիրուսային կոնյունկտիվիտ (շաղկապենաբորբ)

Այս հիվանդությունը պայմանավորված է լինում վիրուսային վարակով, որը հաճախ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության հարուցիչներն են ադենովիրուսները, պիկորնավիրուսներն ու հերպեսի վիրուսը:

Աչքերի ադենովիրուսային վարակները կարող են ձեռք բերել քրոնիկական բնույթ ու առաջացնել բարդություններ (օրինակ՝ բակտերիալ կոնյուկտիվիտ): Սակայն միևնույն ժամանակ՝ երկարատև թերապիան կարող է հանգեցնել տոքսիկոալերգիկ կոնյունկտիվիտի և չոր աչքի համախտանիշի առաջացման:

Հիվանդության ախտանշանները կախված են դրա տեսակից: Ադենովիրուսային կոնյունկտիվիտի դեպքում բորբոքմանը կարող է նախորդել ընդհանուր թուլությունը, գլխացավերը, հարբուխը, հազը, կոկորդի ցավը, դողն ու մարմնի բարձր ջերմաստճանը, որից հետո ի հայտ է գալիս քորը, արցունքահոսությունն ու կարմրածությունը:

Հերպեսի վիրուսով պայմանավորված կոնյունկտիվիտի դեպքում հիվանդությանը բնորոշ ախտանշաններից բացի կոպերի վրա նաև առաջանում են հեղուկով լի բշտիկներ:

էպիդեմիկ հեմոռագիկ կոնյունկտիվիտից հաճախ տառապում են մեծահասակները, որոնք վարակվում են անձնական հիգիենայի կանոններին չհետևելու պատճառով:

Այս դեպքում ախտանշանները նման են ադենովիրուսային կոնյունկտիվիտի ախտանշաններին, սակայն կարող է նկատվել նաև ավշային հանգույցների մեծացում:

Վիրուսային կոնյունկտիվիտի դեպքում հարկավոր է համալիր բուժում: Սովորաբար նշանակվում են տեղային բուժման համար նախատեսված հատուկ կաթիլներ և հակավիրուսային դեղամիջոցներ: Վիրուսային կոնյունկտիվիտի դեպքում հակաբիոտիկներն անիմաստ են լինում, սակայն դրանք կարող են նշանակվել, եթե կա նաև բակտերիալ վարակ:

Բակտերիալ կոնյունկտիվիտ

Բակտերիալ կոնյունկտիվիտը նույնպես պայմանավորված է վարակմամբ, սակայն այն առավել հաճախ ի հայտ է գալիս երեխաների մոտ, քանի որ նրանց իմունային համակարգն ավելի թույլ է: Հիվանդության հարուցիչներն են բակտերիաները:

Բակտերիալ կոնյունկտիվիտի առաջին ախտանշանը կոպերի այտուցվածությունն է: Կարող է նկատվել նաև թարախային արտադրություն, արյունազեղում, իսկ երբեմն էլ բարակ թաղանթ: Սակայն քրոնիկական կոնյունկտիվիտները կարող են ընթանալ առանց վառ ախտանշանների: Այս դեպքում հիվանդի միակ գանգատը աչքի մեջ օտար մարմնի առկայության զգացողությունը կլինի:

Այս հիվանդության դեպքում սովորաբար նշանակվում են լայն սպեկտրի հակաբիոտիկներ՝ ինչպես տեղային օգտագործման, այնպես էլ դեղահաբերի տեսքով: Հակաբիոտիկը պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և միայն ատասուքի անալիզից հետո:

Բացի այդ, աչքերը հարկավոր ամեն օր լվանալ հակասեպտիկ լուծույթով կամ երիցուկի եփուկով: Աչքերը լվանալիս շարժումները պետք է ուղղված լինեն աչքի ատաքին եզրից դեպի ներքին եզրը: Կարելի է նաև պարզապես դեմքն ընկղմել լուծույթի կամ թուրմի մեջ և թարթել աչքերը: Արցունքագեղձերի աշխատանքի վերականգնման համար սովորաբար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ («արհեստական արցունք»):

Ալերգիկ կոնյունկտիվիտ

Սա աչքի արձագանքն է տարատեսակ ալերգենների ազդեցությանը: Այն կարող է առաջանալ նաև կոնտակտային լինզաներ կրելու հետևանքով:

Ալերգիկ կոնյունկտիվիտի դեպքում կարող է նկատվել ինչպես չնչին կարմրածություն ու քոր, այնպես էլ առատ արցունքահոսություն, լույսի հանդեպ զգայունություն ու կարմրածություն:

Պոլինոզի դեպքում հիվանդի վիճակն էլ ավելի է վատանում մաքուր օդին գտնվելու ժամանակ: Ալերգիկ կոնյունկտիվիտը հաճախ ուղեկցվում է նաև վիրուսային կամ բակտերիալ վարակով:

Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է խուսափել ալերգենի հետ շփումից: Բացի այդ, կարող են նշանակվել նաև հակահիստամինային ու հակավիրուսային դեղամիջոցներ, ինչպես նաև դեղամիջոցներ, որոնք կօգնեն բարձրացնել իմունիտետը:

Չոր աչքի համախտանիշ

Չոր աչքի համախտանիշը կարող է պայմանավորված լինել բազում պատճառներով: Դրանց շարքին են դասվում որոշ աուտոիմունային և այլ լուրջ հիվանդությունները, ինչպես նաև որոշակի դեղորայքի ընդունումը, համակարգչի և պլանշետների չարաշահումը, օդի աղտոտվածությունը, ալերգիաները, ծխախոտի չարաշահումը, կոնտակտային լինզաներ կրելը և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:

Հիվանդության ախտանշաններն են առատ արցունքահոսությունը, կարմրածությունը, ցավն ու օտար մարմնի առկայության զգացողությունը:

Բուժման համար սովորաբար կիրառվում են «արհեստական արցունքով» դեղամիջոցներ (կաթիլներ կամ քսուք): Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս խնդրիը, քանի որ այն ոչ միայն բացասաբար է ազդում կյանքի որակի վրա, այլև զգալիորեն բարձրացնում աչքերի տարբեր բորբոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook