Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են դաշտանի ուշացման ամենատարածված պատճառները.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը: Վաղ թե ուշ բոլոր կանանց մոտ էլ լինում են դաշտանի ուշացումները: Սովորաբար դաշտանային ցիկլի խանգարումը պայմանավորված է լինում հղիությամբ, սակայն հղիությունը բնավ դաշտանի ուշացման միակ պատճառը չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դաշտանի ուշացման ամենատարածված պատճառները:

Ձվարայի ֆոլիկուլային կիստա

Դաշտանի ուշացման տարածված պատճառներից մեկը ձվարանի ֆոլիկուլային կիստան է, որն առաջանում է հորմոնալ խանգարման պատճառով ձվազատման բացակայության հետևանքով, որի դեպքում ֆոլիկուլը շարունակում է դաշտանն արգելակող հորմոններ արտադրել:

Նման կիստաների մեծ մասը մեկ ամիս անց անհետանում են առանց որևէ միջամտության, սակայն երբեմն դրանց ներծծման համար նշանակվում են հորմոնալ դեղամիջոցներ: Մեծ կիստաները (8 սմ-ից ավել) կարող են ոլորվել կամ պայթել, ուստի ձվարանի հատվածի ցավերը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Դեղին մարմնի կիստա

Դեղին մարմինն առաջանում է ֆոլիկուլի տեղում անմիջապես ձվաբջջի դուրս գալուց հետո: Եթե ձվազատումից հետո ֆոլիկուլը չի լցվում դեղին մարմնի բջիջներով, այլ լցվում է հեղուկով, ձևավորվում է դեղին մարմնի կիստա: Այս տիպի կիստաները կարող են ինքնուրույն ներծծվել դաշտանային երեք ցիկլի ընթացքում, սակայն որոշ դեպքերում լինում է վիրահատական միջամտության կարիք:

Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ

Այս հիվանդությունը բնորոշվում է բազմաթիվ կիստաների առաջացմամբ և գրեթե միշտ առաջացնում է խնդիրներ՝ կապված դաշտանային ցիկլի հետ: Հորմոնալ խանգարման հետևանքով ձվարաններում խանգարվում է ձվաբջիջների հասունացման գործընթացը, ինչի պատճառով էնդոմետրիումը չի պատրաստվում բեղմնավորմանը: Այս ամենի հետևանքով դաշտանը բացակայում է: Սովորաբար ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում դաշտանը կարող է բացակայել մի քանի ամիս:

Ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ

Բորբոքումները, այդ թվում նաև վարակիչ հիվանդությունները, այդքան անվնաս չեն, որքան թվում է առաջին հայացքից: Հաճախ դրանք դառնում են հորմոնալ խանգարման պատճառ, խոչընդոտում են ֆոլիկուլի հասունացմանն ու ձվաբջջի դուրս գալուն: Եթե դաշտանի ուշացումն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի ցավով ու հեշտոցային արտադրությամբ, ապա հարկավոր է շտապ խորհրդակցել բժշկի հետ: Ժամանակին հիվանդությունը չբուժելը կարող է դառնալ արգանդափողերի անանցանելիության պատճառ, ինչն էլ հանգեցնում է անպտղության: Բացի այդ, ժամանակին միջոցներ չձեռնարկելու պատճառով հիվանդությունը կարող է ստանալ քրոնիկական բնույթ:

Վահանագեղձի աշխատանքի խանգարումներ

Այս գեղձը ղեկավարում է մարդու օրգանիզմում ընթացող գրեթե բոլոր գործընթացները՝ այդ թվում նաև վերարտադրողական օրգանների աշխատանքը: Վահանագեղձի հիվանդությունները հաճախ առաջացնում են խնդիրներ՝ կապված նաև դաշտանային ցիկլի հետ (առատ արյունահոսություն, դաշտանի ուշացում և այլն): Սակայն վահանագեղձի աշխատանքի խանգարումներից շատերից կարելի է հեշտությամբ ազատվել դեղամիջոցների օգնությամբ, որոնք անհրաժեշտ բուժզննումից հետո կնշանակի ներզատաբանը:

Սթրեսներ

Սթրեսային իրավիճակները, անհանգստությունն ու քնի խանգարումները երբեք անհետևանք չեն անցնում կանանց օրգանիզմի համար: Նյարդային լարվածությամբ պայմանավորված փոփոխությունները նպաստում են պրոլակտին հորմոնի առատ արտադրությանը, որն արգելակում է ձվազատման գործընթացը: Այս դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանն ու անհրաժեշտության դեպքում ընդունել հանգստացնող միջոցներ: Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել, որ հակադեպրեսանտները նույնպես կարող են նպաստել դաշտանի ուշացմանը:

Կլիմայական կտրուկ փոփոխություններ

Կլիմայական կտրուկ փոփոխությունները նույնպես կարող են սթրես լինել օրգանիզմի համար, ինչի հետևանքով կարող է աննշան հորմոնալ խանգարում լինել: Բացի այդ, դաշտանի ուշացման պատճառ կարող է դառնալ երկար ժամանակ արևի ճառագայթների ներքո կամ սառը ջրում մնալը:

Ծանրաբեռնվածության ավելացում

Նման խնդիրները շատ լավ ծանոթ են պրոֆեսիոնալ մարզիկներին ու ծանր ֆիզիկական աշխատանք կատարող կանանց: Նման ծանրաբեռնվածությունը հաճախ բարձրացնում է արյան մեջ ադրենալինի մակարդակը, ինչը ստիպում է օրգանիզմին արտադրել տեստոստերոն, որն էլ ճնշում է կանանց հորմոնները:

Քաշի չափազանց մեծ կորուստ ու խիստ դիետաներ

Այս դեպքում օրգանիզմը չի ստանում նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ կարևոր վիտամիններն ու սննդարար նյութերը: Բացի այդ, կանանց օրգանիզմի գլխավոր հորմոնի՝ էստրոգենի արտադրության համար ճարպային շերտ է հարկավոր, իսկ դրա պակասը խանգարում է օրգանիզմում հորմոնալ բալանսն ու հանգեցնում ձվազատման բացակայության:

Բացի այդ, դաշտանի ուշացման պատճառ կարող է դառնալ տոկոֆերոլի՝ կանանց օրգանիզմի ամենակարևոր վիտամինի պակասը:

Ճարպակալում

Ճարպաշերտերի ավելցուկի հետևանքով էստրոգենը սկսում է վերափոխվել անդրոգենների, ինչի հետևանքով կանանց օրգանիզմում սկսում են գերիշխել տղամարդկանց հատուկ հորմոնները: Այս ամենի ֆոնին խանգարվում է դաշտանային ցիկլը, իսկ դաշտանը բացակայում է: Այս դեպքում մարմնի զանգվածի նվազեցումը կօգնի կարգավորել և՛ հորմոնալ ֆոնը, և՛ դաշտանային ցիկլը:

Հարկ է հիշել, որ դաշտանի կարճատև ուշացումները (մինչև 5 օր) չպետք է դառնան տագնապի ու անհանգստության պատճառ, սակայն միևնույն ժամանակ դրանք պետք չէ անուշադրության մատնել: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի վատացնել վիճակը:

Նյութի աղբյուրը՝ lisavika.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook