Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են դեմենցիայի (թուլամտություն) մասին վկայող 12 ամենաակնհայտ ախտանշանները.tert.am

«Դեմենցիա» տերմինը շատ ընդհանրացված է և ներառում է մոտ 100 հոգեկան խանգարում՝ այդ թվում նաև Ալցհեյմերի հիվանդությունը, պարկինսոնիզմը և այլն: Ընդ որում՝ թուլամտության ամենատարածված տեսակը համարվում է Ալցհեյմերի հիվանդությունը, որն ախտորոշվում է դեմենցիայից տառապող հիվանդների 50-70%-ի մոտ:Այս մասին գրում է tert.am-ը:

Շատերը կարծում են, որ դեմենցիան չունի բոնորոշ ախտանշաններ, ուստի այն հնարավոր չէ հայտնաբերել վաղ փուլերում, սակայն նման ախտանշաններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեմենցիայի 12 ակնհայտ ախտանշան, որոնք կօգնեն ժամանակին միջոցներ ձեռնարկել և արգելակել կամ դանդաղեցնել հիվանդության զարգացումը:

1.      Խնդիրներ՝ կապված կարճատև հիշողության հետ

Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ մոռանում են փոքրիկ մանրուքները, սակայն եթե մարդը նկատում է, որ հիշողության հետ կապված խնդիրները խորանում են, ապա պետք է խորհրդակցի մասնագետի հետ, քանի որ դա կարող է լինել դեմենցիայի ախտանշան: Հարկ է հիշել, որ եթե մարդու մոտ առաջանում են խնդիրներ՝ կապված կարճատև հիշողության հետ, ապա նա կարող է շատ լավ հիշել, թե ինչ է տեղի ունեցել տասնյակ տարիներ առաջ, սակայն մոռանալ մի քանի օր առաջ տեղի ունեցածը:

2.      Խնդիրներ շփման մեջ

Եթե մարդը դժվարանում է խոսքի ընթացքում ճիշտ բառեր ընտրել, ապա դա կարող է վկայել թուլամտության մասին: Նման ախտանշանը վկայում է, որ ի հայտ են եկել խնդիրներ՝ կապված գլխուղեղի այն կենտրոնի հետ, որը պատասխանատու է լեզվի համար:

3.      Տրամադրության տատանումներ

Դեմենցիայի վաղ փուլերի ախտանշաններից մեկը տրամադրության կտրուկ տատանումներն են: Հարկ է հիշել, որ գլխուղեղում խանգարումների առկայության դեպքում տրամադրության տատանումները լինում են կտրուկ ու անսպասելի՝ առանց որևէ պատճառի:

4.      Աշխուժության նվազում

Դեպրեսիան հաճախ է ուղեկցվում քնկոտությամբ ու անաշխուժությամբ: Մարդը կորցնում է հետաքրքրությունը կյանքի ու սիրելի հոբիների հանդեպ և չի ցանկանում որևէ բան անել: Անաշխուժությունը կարող է լինել նաև դեպրեսիայի ախտանշան, ուստի ոչ միշտ է խոսում դեմենցիայի մասին, սակայն եթե անաշխուժությունն ու դեպրեսիան ուղեկցվում են թուլամտության այլ ախտանշաններով, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

5.      Խնդիրներ՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ

Թուլամտության դեպքում մարդը դժվարանում է կենտրոնացնել ուշադրությունը որևէ բանի վրա՝ հատկապես, եթե խոսքը որոշումներ կայացնելու կամ որևէ բան պլանավորելու մասին է: Այս ախտորաշմամբ մարդկանց համար դժվար է լինում պլաններ մշակելն ու դրանց հետևելը, ինչպես նաև թվերն ու տարեթվերը մտապահելը:

6.      Խնդիրներ առօրյայում

Գլխուղեղի ախտահարման դեպքում հիվանդի մոտ կարող են առաջանալ նաև խնդիրներ առօրյա գործերը կատարելիս: Ընդ որում՝ խոսքը հասարակ տնային գործերի մասին է: Բացի այդ, կարող է խանգարվել նաև այդ գործերի կատարման հերթականությունը:

7.      Ժամանակի զգացողության կորուստ

Դեմենցիայից տառապող մարդու մոտ կարող է նկատվել նաև ժամանակի զգացողության կորուստ: Նա դադարում է հետևել ժամանակին և նրա համար անկարևոր է դառնում, թե երբ է տեղի ունենալու այս կամ այն իրադարձությունը՝ մի քանի օրից, թե հաջորդ տարի:

8.    Տարածության զգացողության կորուստ

Դեմենցիայից տառապող մարդիկ կարող են կորցնել նաև տարածության զգացողությունը: Որևէ տեղ գնալիս նրանք կարող են մոռանալ թե որտեղ են և ինչպես են այդտեղ հայտնվել:

9.      Բարդություններ՝ կապված մտքերի գրավոր արտահայտման հետ

Մտքերում առաջացած խառնաշփոթն անդրադառնում է նաև հիվանդի գրավոր խոսքի վրա, ուստի դեմենցիայի դեպքում մարդիկ դժվարանում են գրավոր կերպով արտահայտել իրենց մտքերը:

10.  Կրկնություն

Դեմենցիայից տառապող մարդիկ կարող են պարբերաբար նույն հարցերը տալ և կրկնել որևէ մեկի ասածը: Սա այն ակնհայտ ախտանշաններից մեկն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

11.  Հանկարծակի վախ փոփոխությունների նկատմամբ

Թուլամտությունից տառապող մարդիկ սկսում են վախենալ փոփոխություններից, քանի որ դրանք մոլորություններ են առաջացնում, թույլ չեն տալիս մտապահել տեղեկությունը և խառնում են գործողությունների հերթականությունը:

12.  Խնդիրներ՝ կապված կենտրոնացման հետ

Թուլամտության դեպքում մարդը դժվարանում է հետևել տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին: Օրինակ՝ գիրք կարդալիս կամ ֆիլմ դիտելիս հիվանդը չի հիշում, թե ինչ է կարդացել կամ դիտել րոպեներ առաջ, ուստի ստիպված է լինում կրկին կարդալ կամ վերանայել տվյալ հատվածը:

Նյութի աղբյուրը՝ marketium.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook