Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են էկզեմայի տեսակներն ու բուժման եղանակները.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am-ը: Էկզեման մաշկի բորբոքային հիվանդություն է, որը բավական երկարատև է և ունի նաև կրկնվելու հակում: Ըստ հիվանդության ընթացքի տարբերվում է էկզեմայի երեք տեսակ՝ սուր (մինչև 2 ամիս), ենթասուր (2-6 ամիս) և քրոնիկական:

Էկզեմայի տեսակները

Իսկական էկզեման էկզեմայի ամենահաճախ հանդիպող տեսակներից է: Սուր ընթացքի դեպքում այն ունենում է մի քանի փուլ, որոնցից ամենածանրի ժամանակ ախտահարված հատվածը կտրուկ արյունակալում է, այտուցվում, իսկ դրա եզրերը դառնում են ոչ հստակ: Այս ֆոնի վրա ի հայտ են գալիս պապուլաներ, մանր բշտիկներ, միկրոէրոզիաներ և սկսում է շճային հեղուկ արտազատվել: Այս գործընթացն ուղեկցվում է քորով և կարող է նկատվել նաև թարախային վարակ:

Քրոնիկական էկզեմայի դեպքում հիմնական կլինիկական ախտանշանն ինֆիլտրացիան է լինում, որի ֆոնին պարբերաբար ի հայտ են գալիս այտուցներ ու շճային հեղուկի արտազատում:

Պրոֆեսիոնալ էկզեման նման է իսկական էկզեմային սակայն տարբերվում է նրանով, որ ախտահարում է դաստակների, նախաբազուկների ու պարանոցի մաշկը: Այս դեպքում պրոֆեսիոնալ գործոնների դերը պրոֆեսիոնալ էկզեմայի զարգացման հարցում որոշվում է մաշկային ալերգիկ փորձերի միջոցով:

Սեբորային էկզեմային բնորոշ է դեմքի, գլխի մազածածկ հատվածի, մեջքի և կրծքավանդակի հատվածի մաշկի ախտահարումը: Այս հիվանդությունն առաջանում է ճարպագեղձերի աշխատանքի խանգարման հետևանքով: Ախտահարման օջախի հատվածում մաշկն ունենում է դեղնավուն երանգ, շճային հեղուկն արտազատվում է աննշան քանակությամբ, սակայն առաջանում են ճարպոտ թեփուկների շերտեր:

Մանրէային էկզեման հիմնականում ի հայտ է գալիս վերջույթների վրա, վերքերի, խոցերի ու խուղակների (ֆիստուլա) շուրջը, ինչպես նաև մաշկի թարախաբշտային հիվանդությունների օջախների ֆոնին: Հիվանդության օջախն ունենում է հստակ եզրեր և հաճախ օջախների ծայրամասում նկատվում է շերտազատվող եղջերային օձիք:

Էկզեմայի բուժումը

Հիվանդության բուժման համար հարկավոր է առաջին հերթին ազատվել մաշկի վրա ազդող բոլոր արտաքին գրգռող գործոններից, ինչպես նաև բուժել էկզեմային ուղեկցող այլ հիվանդությունները:

Սուր էկզեմայի դեպքում նշանակվում է նաև խիստ դիետա, ինչպես նաև հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնող դեղամիջոցներ, միզամուղ դեղամիջոցներ, կալցիում պարունակող դեղամիջոցներ և ասկորբինաթթու: Ծանր դեպքերում կարող են նշանակվել նաև կորտիկոստերոիդային դեղամիջոցներ:

Հիվանդության տեղային բուժման տեսակի ընտրությունը կախված է դրա զարգացման փուլից: Բացի այդ, սովորաբար նշանակվում են կորտիկոստերոիդային քսուքներ (անկախ փուլից), իսկ անհրաժեշտության դեպքում նաև հակամանրէային հավելումներ:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook