Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են շմոլ գազից թունավորման մասին հուշող ախտանշաններն ու ինչ է հարկավոր անել նման դեպքերում

Շմոլ գազից թունավորման դեպքերը բավական հաճախ են գրանցվում և շատ դեպքերում նման թունավորումը դառնում է մարդկանց մահվան պատճառ։ Բանն այն է, որ ածխածնի մոնօքսիդը (CO), որը հայտնի է նաև շմոլ գազ անվանումով, չունի համ, հոտ կամ գույն, ինչի պատճառով մարդիկ չեն նկատում դրա արտահոսքն ու կյանքին սպառնացող վտանգը, ուստի լուրջ հետևանքներից խուսափելու համար մասնագետները հորդորում են զգոն լինել ու չանտեսել թունավորման մասին հուշող ախտանշանները։

Փորձագետների խոսքով՝ այս գազը կուտակվում է փակ տարածությունում արտահոսքի կամ ոչ լիարժեք այրման հետևանքով և ժամանակին այն չնկատելը կարող է լուրջ ինտոքսիկացիայի պատճառ դառնալ։ Այն բավական արագ է տարածվում ու խառնվում է օդին, մինչդեռ թունավորման համար բավական է գազի անգամ չնչին քանակությունը։ Ժամանակին տուժածին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում թունավորումը կարող է մահվան ելք ունենալ, ուստի «Рамблер» պորտալը ներկայացրել է այն ախտանշանները, որոնք նախազգուշացնում են շմոլ գազից թունավորման մասին։

Ինչպես նշում են մասնագետները, այս խնդիրն ունենում է բավական ակնհայտ ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Ածխածնի մոնօքսիդից թունավորման մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են.

  • տեսողության ու լսողության հետ կապված խնդիրները,
  • գլխապտույտը,
  • քունքերի հատվածի բաբախուն տհաճ զգացողությունները,
  • շարժումների խանգարումներն ու կոորդինսցիայի հետ կապված խնդիրները,
  • կոգնիտիվ խանգարումները,
  • մտքերի խառնաշփոթը,
  • փսխումն ու գիտակցության կորուստը։

Հարկ է հիշել, որ նման թունավորումների դեպքում տուժածին հարկավոր է անհապաղ դուրս բերել մաքուր օդին ու պառկեցնել։ Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, ապա հարկավոր պառկեցնել նրան որովայնի վրա։ Սա կօգնի բացել շնչուղիներն եւ կկանխի «լեզվի կուլ գնալը»։ Բացի այդ, հարկավոր է նաև հնարավորինս շուտ շտապօգնություն կանչել, որպեսզի տուժածը ժամանակին ստանա անհրաժեշտ բուժօգնությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook