Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որ դեպքերում են ի հայտ գալիս հեշտոցի չորությունն ու տհաճ զգացողությունները

Կանանց սեռական օրգանների նորմալ աշխատանքը կախված է բազմաթիվ գործոններից: Ընդ որում՝ այդ գործոնները լինում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:

Նման տհաճ ախտանշանը, ինչպիսին հեշտոցի չորությունն է, որն ուղեկցվում է ինտիմ հատվածների այրոցով ու քորով, կնոջ համար պետք է լինի գինեկոլոգին այցելելու լուրջ պատճառ: Հեշտոցային քսուքի ոչ բավարար արտադրությունը կարող է լինել բորբոքային հիվանդությունների և հորմոնալ լուրջ խանգարումների ախտանշան: Սակայն դա կարող է լինել նաև օրգանիզմի առանձնահատկություններից մեկը, որն անուշադրության մատնելը դառնում է սեռական խանգարումների, վարակումների, սեռական ակտի ժամանակ միկրոտրավմաների և գինեկոլոգիական լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ:

Կանանց օրգանիզմը շատ զգայուն է տարբեր կենսաբանական փոփոխությունների՝ այդ թվում նաև հորմոնալ ֆոնի փոփոխությունների հանդեպ: Արյան մեջ հորմոնների մակարդակի փոփոխությունը կանանց մոտ կարող է արտահայտվել առնվազն տրամադրության տատանումներով: Ծայրահեղ դեպքում հորմոնալ դիսբալանսը կհանգեցնի էնդոկրին համակարգի հիվանդությունների առաջացման: Հորմոնալ դիսբալանսի դրսևորումների շարքում բժիշկները նշում են նաև հեշտոցի չորությունը:

Առավել հաճախ այս խնդիրն ի հայտ է գալիս դաշտանադադարի ժամանակ, երբ հեշտոցի չորության, դրա պատերի «կնճռոտման», առաձգականության կորստի և հեշտ վնասվելու պատճառով հեշտոցի հյուծման վտանգը հասնում է իր գագաթնակետին:

Սակայն հեշտոցի չորությունն ի հայտ է գալիս ոչ միայն դաշտանադադարի ժամանակ ու նախադաշտանադադարային ժամանակահատվածում, քանի որ կանանց օրգանիզմը կարող է հորմոնալ փոփոխություններով արձագանքել տարբեր դեպքերում: Օրինակ՝ չորության զգացողությունն առաջանում է նաև դաշտանի նախորդ օրը, հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունման դեպքում, հղիության ժամանակ, հետծննդաբերական շրջանում, քիմիաթերապիայի ժամանակ, արգանդի վզիկի հատվածում արված վիրահատական միջամտության, որոշ դեղահաբերի ընդունման (մասնավորապես՝ հակաբիոտիկներ), ինչպես նաև ինտիմ հիգիենայի միջոցի սխալ ընտրության դեպքում:

Հարկ է հիշել, որ եթե հեշտոցի չորությունն ու տհաճ զգացողությունները պայմանավորված են նշված փոփոխություններից որևէ մեկով, ապա հարկավոր է որոշ ուղղումներ անել: Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ այցելել որակավորված մասնագետին, որն էլ կօգնի լուծել խնդիրը:

Գինեկոլոգիական բուժզննումը շատ կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար, քանի որ այն թույլ է տալիս հերքել լուրջ հիվանդությունների առկայությունը, կամ հայտնաբերել դրանք ժամանակին և սկսել անհրաժեշտ բուժումը: Ընդ որում՝ հարկ է հիշել, որ գինեկոլոգիական հիվանդությունների բուժումը ենթադրում է համալիր թերապիա:

Բացի այդ, հարկավոր է նաև բժշկի խորհրդով ընտրել անհրաժեշտ դեղամիջոցը՝ հեշտոցի լորձաթաղանթի խնամքի ու բուժման համար: Սա հատկապես արդյունավետ է այն դեպքում, երբ վարակիչ կամ բորբոքային հիվանդությունների առկայությունը հերքվել է և հարկավոր է լուծել միայն հեշտոցի չորության ու դրա պատճառած տհաճ զգացողությունների խնդիրը:

Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել այնպիսի դեղամիջոց, որը կօգնի վերականգնել հեշտոցի լորձաթաղանթի բնականոն վիճակը և կարող է օգտագործվել ինչպես համալիր բուժման շրջանակներում, այնպես էլ ինքնուրույն:

 

Նյութի աղբյուրը՝ eurolab.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook