Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որ դեպքերում է կիտրոնով ջուրն օգտակար և որ դեպքերում է այն հակացուցված

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջրի գործածությունը շատ կարևոր է առողջության համար, քանի որ ջուրը մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող հեղուկ է։ Բավարար քանակությամբ ջուր խմելը թույլ կտա բարելավել օրգանիզմի աշխատանքը, իսկ ջրին մի փոքր կիտրոնի հյութ ավելացնելը կօգնի էլ ավելի օգտակար դարձնել այս ըմպելիքը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս օրն սկսել մի բաժակ կիտրոնով ջրով։

Կիտրոնով ջուրն օգտագործվում է մաշկի վիճակը բարելավելու, օրգանիզմը մաքրելու, իմունային համակարգն ամրապնդելու, մարսողական որոշակի խնդիրներից ազատվելու, զարկերակային բարձր ճնշումը կարգավորելու, ինչպես նաև ավելորդ քաշը նվազեցնելու համար, սակայն այնուամենայնիվ, ներզատաբան Եկատերինա Յանգը նախազգուշացնում է, որ կիտրոնով ջուր խմելը կարող է լինել ինչպես անչափ օգտակար, այնպես էլ խիստ վնասակար, ուստի որոշ դեպքերում այս ըմպելիքից հարկավոր է խուսափել։

Իր ինստագրամյան էջում մասնագետը նշել է, թե որ դեպքերում ցուցված կիտրոնով ջրի գործածությունը, իսկ որ դեպքերում այն կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Մասնագետի խոսքով՝ մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ պարունակող գոլ ջուրը խթանում է ստամոքսի աշխատանքը՝ ստիպելով աղաթթու արտադրել, ինչն էլ բարելավում է մարսողությունը, սակայն նման ըմպելիքը հարկավոր է խմել բացառապես ուտելուց 20-30 րոպե առաջ, այլապես այն կարող է վնասել օրգանիզմին։

Ինչպես նշում է բժիշկը, այս ըմպելիքը պարզապես անհրաժեշտություն է ստամոքսի ցածր թթվայնության դեպքում, սակայն սառը վիճակում այն խմելը կարող է վնասակար լինել։

Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնց այս ըմպելիքը հակացուցված է, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

«Կիտրոնով ջուրը չի կարելի խմել գաստրիտի, գաստրոդուոդենիտի, սրման փուլում գտնվող խոցային հիվանդության ու անհատական անհանդուրժողականության դեպքում», – նշում է Յանգը՝ հիշեցնելով նաև, որ թթու ըմպելիքները վնասակար են ատամների էմալի համար, ուստի այս ըմպելիքը խմելու դեպքում հարկավոր է անպայման հատուկ ձողիկ օգտագործել ատամների հետ հեղուկի շփումը հնարավորինս կանխելու համար։

Նյութը` med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook