Friday, April 19, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով։ Այս վիրահատության ժամանակ մասնահատումից հետո դեֆեկտի վերականգնումը կատարվում է պլաստիկ վիրաբուժության տեխնիկաների կիրառմամբ։

Կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիայի դեպքում հաջողվում է մասնահատել ավելի մեծ ծավալներ` զգալիորեն նվազեցնելով ուռուցքի կրկնվելու հավանականությունը։

Տարբերում են կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիաների 2 տեսակ՝ ծավալի վերադասավորում և ծավալի փոխարինում։ Առաջին տարբերակի ժամանակ դեֆեկտը վերականգնվում է գեղձային հյուսվածքի վերամոդելավորման միջոցով։ Երկրորդ տարբերակում, որը և իրականացվել է ՈՒԱԿ-ում, վերականգման նպատակով կիրառվում են մաշկափակեղային կամ մաշկամկանային լաթեր։ Երկրորդ եղանակը համեմատաբար բարդ է, սակայն այն կիրառելի է կրծքագեղձերի բոլոր չափերի դեպքում, չկա մյուս կրծքագեղձի սիմետրիզացիայի անհրաժեշտություն։

Հիվանդը` 43 տ., ընդունվել էր ՈՒԱԿ` գանգատվելով աջ կրծքագեղձում ուռուցքային գոյացության առկայությունից։ Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց մոտավորապես 15 մմ գոյացություն` տեղակայված կրծքագեղձի վերին-դրսային քառորդում։

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով։ Վիրահատության ժամանակ կտրվածքը կատարվեց կրծքագեղձի վերին-դրսային քառորդում` դրսային ծալքի երկայնքով և հեռացվեց ուռուցքը` ներվիրահատական ռենտգեն և մորֆոլոգիական հետազոտությունների հիման վրա։ Նույն կտրվածքով կատարվեց նաև անութային ավշահանգույցների հեռացում։

Առաջացած դեֆեկտը վերականգնելու նպատակով կրծքավանդակի կողմնային պատի շրջանից ձևավորվեց VI միջկողային զարկերակի կողմնային ճյուղի պերֆորանտային լաթ (LICAP լաթ), որը տեղափոխվեց մասնահատված շրջանում։
Վիրահատության արդյունքում, կրծքագեղձի մասնահատումից և լաթի ձևավորումից հետո առաջացավ ընդամենը մեկ հետվիրահատական վերք, վերջնական արդյունքում ձևավորվեց սպի, որը գտնվում է կրծքագեղձի սահմաններից դուրս։

Մասնահատումից հետո մաշկափակեղային լաթերի միջոցով կրծքագեղձի վերականգման եղանակները լիովին համապատասխանում են ուռուցքային վիրաբուժության կանոններին` միաժամանակ ապահովելով ավելի լավ կոսմետիկ արդյունքներ։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակում։

Նյութի աղբյուրը`oncology.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook