Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ուժեղ լինելու և չհանձնվելու օրինակ. Հայաստանում հազվադեպ վիրահատություն են իրականացրել

Վիրահատությունը բարեհաջող է անցել, նկատվում է դրական դինամիկա:
Sputnik. Հայաստանում բժիշկները հազվադեպ վիրահատություն են կատարել` թիակոսկրի հեռացում: Ուռուցքաբանության ազգային կենտրոնից հայտնում են, որ վիրահատությունը կատարել են կենտրոնի փոխտնօրեն Ս. Սեինյանի անվան Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը, Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նարեկ Գինոյանը, օրթոպեդ Համլետ Մանուկյանը:
Վիրահատության ենթարկվածը 6-ամյա երեխա է` Վիոլետան։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնից դուրս գրվելուց հետո աղջնակը վերադառնալու է արյունաբանական կենտրոն և շարունակելու է բուժման հերթական փուլը:
«Դժվարին ճանապարհ անցած Վիոլետան ժպտում է, պատմում մյուս տարի դպրոց գնալու պլանների մասին, հպարտորեն շեշտում, որ արդեն թվեր է գրում, ինչպես նաև ծառայում ուժեղ լինելու, չհանձնվելու ու անընդհատ պայքարելու օրինակ բոլորիս համար»,– նշված է բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Վիոլետան Շիրակի մարզից է, Ուռուցքաբանության ազգային կենտրոն է ընդունվել այս տարվա փետրվարին` ձախ թիակային շրջանում գոյացության առկայությամբ, որի հետևանքով ցավեր է ունեցել, ձախ ձեռքի շարժումները սահմանափակված են եղել։
Հետազոտությունների արդյունքում աղջկա մոտ հայտնաբերվել է Յուինգի սարկոմա՝ մեծ չափերի չարորակ ոսկրային ուռուցք՝ 8 x 4սմ:
Աղջիկը նախավիրահատական քիմիաթերապիայի 7 կուրս է անցել, որի արդյունքում արձանագրվել է ուռուցքի չափերի գրեթե կրկնակի փոքրացում։ Դրանից հետո Վիոլետան վիրահատվել է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook