Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԱռողջ ապրելակերպ

Պետերբուրգում հայ մանկական վիրաբույժը նորածնի սրտի բացառիկ վիրահատություն է կատարել

/Նովոստի–Արմենիա/. Սանկտ Պետերբուրգի մանկական կարդիովիրաբույժ Ռուբեն Մովսեսյանը կատարել է Ռուսաստանի համար բացառիկ վիրահատություն, գրում է doctorpiter.ru–ն։

Երեք ամսական Անդրեյի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո հիվանդանոցի վիրաբույժները կատարել են բացառիկ վիրահատություն։ Բարդագույն վիրահատությունից երեք ամիս անց կարդիովիրաբուժական բաժանմունքի ավագ սրտաբան Անդրեյ Ցիտկոն նշում է, որ Անդրեյը դեռ հիվանդանոցում է, սակայն դեղորայքից մի քանիսն արդեն չի ստանում, երեխան առողջացման ճանապարհին է։
«Ինքնուրույն ուտում է, քաշ է հավաքում, զբոսնում է, նախատեսում եմ մեկ շաբաթից դուրս գրել նրան։ Իհարկե, նա պետք է գտնվի մշտական վերահսկողության տակ, քանի որ ծնվել է սրտի բավականին բարդ արատով, որը հայտնաբերել են դեռ պերինատալ փուլում, մայրիկի հղիության ժամանակ։ Մենք սպասում էինք փոքրիկի լույս աշխարհ գալուն, կյանքի առաջին իսկ րոպեներից նա գտնվել է մեր հսկողության տակ», – նշել է նա։

Անդրեյը ծնվել է սիրտ–անոթային համակարգի շատ հազվագյուտ արատով, նա ունի միայն մեկ ընդհանուր անոթ`դիսպլաստիկ, սխալ ձևավորված փականով։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո` հունվարին, փոքրիկին կատարել են սրտի բարդագույն վիրատահություն։

Ցիտկոյի խոսքով, կրկնակի վիրահատության անհրաժեշտություն կլինի 3, իսկ միգուցե 5–7 տարի անց։

«Վիրահատությունների ընդհանուր թիվը դեռ պարզ չէ, սակայն փականի պրոթեզը հարկավոր է փոխել երեխայի աճին զուգընթաց։ Երբ աճի պրոցեսը դադարի, կտեղադրվի բիոլոգիական պրոթեզ, որը նախատեսված է մեծահասակների համար։ Եվ այդ ժամանակ մեր հիվանդը կապրի բոլոր առողջ մեծահասակների նման», – նշել է Ցիտկոն։

Բժշկական գիտությունների դոկտոր, Պետերբուրգի թիվ 1 մանկական հիվանդանոցի կարդիովիրաբուժության բաժանմունքի վարիչ, Պետերբուրգի գլխավոր մանկական կարդիովիրաբույժ Ռուբեն Մովսեսյանը ևս մեկնաբանել է վիրահատությունը։

«Նման երեխաներին պետք է անհապաղ վիրահատել ծնվելուց անմիջապես հետո, քանի որ նման արատը միանշանակ հանգեցնում է մահվան», – պարզաբանել է Մովսեսյանը։

Նրա խոսքով, նման փականների պրոթեզավորումը շատ բարդ խնդիր է փոքր չափսերի պատճառով (12 մմ)։ Նման երեխաների համար վիրաբուժական միջամտությունների ռիսկն ամենաբարձրն է։

Մովսեսյանը նաև նշել է, որ աշխարհում կատարվել են եզակի նման վիրահատություններ։

«Ռուսաստանում առաջին անգամ է կատարվում նման վիրահատություն։ Կոլեկտիվին հաջողվեց կոմբինացնել տարբեր բավականին բարդ մեթոդներ։ Եվ երեխան ողջ է, ու նոր փականն աշխատում է։ Այս ամենը պետք է հնարավորություն տա նրան հասակ առնել ու վերապրել կյանքի բարդագույն փուլը։ Եվ հիմա մենք կարող ենք ասել, որ նորածնի սրտի բոլոր փեղկերի պրոթեզավորումը հնարավոր է, նման փորձ արդեն ունենք Ռուսաստանի Դաշնությունում», – նշել է Մովսեսյանը։

http://newsarmenia.am/am/news

Leave a Reply

x Close

Like Us On Facebook