Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սակավարյունություն

Սակավարյունություն (անեմիա) (հուն.՝ αναιμία` սակավարյունություն), ախտաբանական վիճակ է, կլինիկահեմատոլոգիական ախտանիշների խումբ, որոնց ընդհանրությունը արյան մեջ էրիթրոցիտների (էրիթրոպենիա) և/կամ հեմոգլոբինի քանակի նվազումն է: «Անեմիա» տերմինը առանց մանրամասնության պատկերացում չի տալիս կոնկրետ հիվանդության մասին, այն կարելի է համարել տարբեր հիվանդությունների բազում դրսևորումներից մեկը։ Երբեմն էրիթրոցիտների բացարձակ քանակը մնում է հաստատուն, սակայն հեմատոկրիտը իջնում է՝ պայմանավորված արյան ջրիկացմամբ (հիպերհիդրատացիա, օրինակ, հյուսվածքային հեղուկի ներծծմամբ արյունատար հուն)։ Վերջինս անվանվում է հիդրէմիա (կեղծ անեմիա) և հարկ է այն տարբերել անեմիայից։

Դասակարգման առանձնահատկություններ

Անեմիաները ինքնուրույն հիվանդություններ չեն, սակայն որպես ախտանիշ հանդիպում են մի շարք հիվանդություններում, որոնք կարող են կախված լինել արյունատար համակարգի առաջնային ախտահարման հետ, կամ լինել վերջինից անկախ։ Հետևաբար անեմիաների նոզոլոգիական խիստ դասակարգումն անհնար է։ Առավել հարմար է նրանց դասակարգել ըստ գունային ցուցանիշի:

Հեմոգլոբինի կոնցենտրացիայի անկման հետ մեկտեղ հաճախ առկա է էրիթրոպենիա և էրիթրոցիտների որակական փոփոխություն։ Բոլոր անեմիաները բերում են թթվածնով մատակարարման խանգարման և հյուսվածքների թթվածնաքաղցի զարգացման, ինչը ամենից հաճախ արտահայտվում է գունատությամբ, գերհոգնածությամբ, թուլությամբ, գլխացավերով, գլխապտույտով, հաճախացած սրտխփոցով, հևոցով և այլն։

Ծայրամասային արյան քսուքի հետազոտությունը կարող է կատարվել ուղղակի վիզուալ և ավտոմատ եղանակներով։ Արյան ավտոմատ անալիզի առավելությունը ցուցանիշի ստանդարտիզացումն է՝ էրիթրոցիտար միջին ծավալ (ԷՄԾ), որը չափվում է մկմ³-ով։ Այն չափում են ավտոմատ հաշվիչով, ուղղակի եղանակով։ Էրիթրոցիտար միջին ծավալի նորման 80-100 մկմ³ է (նորմոցիտոզ)։ Նորմայի վերին և ստորին սահմաններից շեղումը համապատասխանաբար կկոչվի մակրոցիտոզ և միկրոցիտոզ։

Անեմիայի բնորոշում

Տարիքից և սեռից կախված հեմոգլոբինի քանակը արյան միավոր ծավալում կարող է տատանվել։

Տարիք և սեռ Շեմ Hb(գ/լ) Շեմ Hb(գ/%)
Երեխաներ (3ամս. – 5 տար.) 110 11,0
Երեխաներ (5-12 տար.) 115 11,5
Երեխաներ(12-15 տար.) 120 12,0
Տղամարդիկ(>15 տար.) 130-160 13,0-16,0
Կանայք(>15 տար.) 120-140 12,0-14,0
Հղի կանայք 110 11,0

Ծագումնաբանություն

Էթիոլոգիկ գործոնները տարբեր են տարաբնույթ անեմիաների դեպքում։

Երեխաների մոտ երկաթդեֆիցիտային անեմիայի զարգացման հիմնական պատճառներն են.

Պաթոգենեզ

Կան անեմիայի զարգացման երեք հիմնական պատճառներ.

  • Էրիթրոցիտների առաջացման և հեմոգլոբինի սինթեզի խանգարում։ Այս մեխանիզմը նկատվում է երկաթի, B12 վիտամինի, ֆոլաթթվի պակասի, կարմիր ոսկրածուծի հիվանդությունների դեպքում։ Երբեմն անեմիան առաջանում է վիտամին C-ի մեծ քանակներ ընդունելիս (վիտամին C-ն մեծ չափաքանակներով չեզոքացնում է վիտամին B12-ին, որն անհրաժեշտ է արյունաստեղծման համար)։
  • Էրիթրոցիտների կորուստ։ Սա էլ իր հերթին հիմնականում սուր արյունահոսության հետևանք է (տրավմա, վիրահատություն)։ Հարկ է նշել, որ քրոնիկ փոքր ծավալի արյունահոսությունների դեպքում անեմիայի պատճառը ոչ այնքան էրիթրոցիտների կորուստն է, որքան երկաթի պակասը, որը զարգանում է արյան քրոնիկ կորստի ֆոնի վրա։
  • Արյան էրիթրոցիտների արագացված քայքայում։ Նորմայում նրանց կյանքի տևողությունը մոտ 120 օր է։ Որոշ դեպքերում (հեմոլիտիկ անեմիա, հեմոգլոբինոպաթիաներ և այլն) էրիթրոցիտները ժամանակից շուտ են քայքայվում, ինչն էլ անեմիայի պատճառն է դառնում։ Երբեմն էրիթրոցիտների քայքայքում է առաջացնում մեծ քանակությամբ քացախի օգտագործումը։

Կլինիկական դրսևորումներ

Հաճախ անեմիան ընթանում է առանց ակնհայտ դրսևորումների և մնում աննկատ (շատ դեպքերում պատահական բացահայտվելով լաբորատոր պայմաններում) սպեցիֆիկ գանգատներ չունեցող մարդկանց մոտ։

Որպես կանոն անեմիայով տառապողները նշում են անեմիկ հիպօքսիայով պայմանավորված դրսևորումները։ Թեթև դեպքերում կարող է դիտվել թուլություն, դյուրհոգնելիություն, ուշադրության կենտրոնացման դժվարություն։ Առավել խիստ արտահայտված անեմիայով մարդիկ կարող են գանգատվել շնչառության դժվարությունից թեթև կամ միջին ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, արտահայտված սրտխփոցից, գլխացավից, ականջներում աղմուկից, երբեմն առկա է քնի, ախորժակի, լիբիդոյի խանգարում։ Ծանր անեմիայի կամ ուղեկցող հիվանդությունների դեպքում կարող է զարգանալ սրտային անբավարարություն:

Հաճախ հանդիպող և կարևոր ախտորոշիչ նշանակություն ունեցող ախտանիշ է մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատությունը, ինչպես նաև խեյլոզի ու կոյլոնիխիայի զարգացումը, սրտային հրոցի ուժգնացումը և ֆունկցիոնալ սիստոլային աղմուկի առաջացումը։

Սուր և ծանր անեմիաները միշտ ավելի արտահայտված են, քան միջին ծանրության ու քրոնիկական ձևերը։

Բացի ընդհանուր բնույթի ախտանիշներից, որոնք անմիջապես կապված են հիպօքսիայի հետ, լինում են նաև այլ դրսևորումներ՝ ծագումնաբանությունից և պաթոգենեզից կախված։ Օրինակ.՝ զգայունության խախտումը B12-դեֆիցիտային անեմիայի դեպքում կամ դեղնուկը հեմոլիտիկ անեմիայի դեպքում։

Չարորակ անեմիայի դեպքում անխուսափելի է աքլորհիդրիան:

Անեմիա հղիության ժամանակ

Հղիության ժամանակ հաճախ զարգանում է երկաթդեֆիցիտային անեմիա, քանի որ երկաթի պահանջը դառնում է գրեթե կրկնակի՝ համեմատած սովորական պայմանների հետ։ Երկաթը սկսում է օգտագործվել ապագա երեխայի արյան տարրերի սինթեզում։ Եթե հիվանդությունը պահպանվում է հղիության ընթացքում, ապա բերում է լուրջ հետևանքների։

  • Պտուղը կարող է չստանալ բավարար թթվածին, որն անհրաժեշտ է (հատկապես գլխուղեղի) զարգացման համար
  • Ծանր ձևի անեմիայով կանայք ավելի վատ են իրենց զգում հղիության ընթացքում
  • Աճում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը
  • Ծննդաբերությունից հետո ավելի բարձր է վարակների զարգացման ռիսկը[2]:

Բուժում

Բուժման մեջ հիմնականում օգտագործում են վիտամին B12 և երկաթի պրեպարատներ: Հեմոգլոբինի ցածր մակարդակի դեպքում կարող է կատարվել էրիթրոցիտային զանգվածի փոխներարկում։ Բուժման տակտիկան լիովին կախված է անեմիայի տեսակից և հիվանդի վիճակի ծանրությունից։

  • Անեմիաների բուժումն իրականացվում է ստացիոնար պայմաններում։
  • Սննդակարգը պետք է լինի լիարժեք, պարունակի անհրաժեշտ քանակի սպիտակուց, երկաթ և վիտամիններ:
  • Հեմոդինամիկայի կտրուկ խախտման, հեմոգլոբինի 40-50 գ/լ արժեքից ցածր անկման դեպքում կատարում են արյան փոխներարկումներ (հեմոտրանսֆուզիաներ
  • Անեմիաների առանձին ձևերի թերապիան կատարվում է ծագումնաբանությունն ու պաթոգենեզը հաշվի առնելով։
  • Սուր հետրյունահոսային անեմիայի դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել արյունահոսությունը։ Արյան զանգվածային կորստից հետո նշանակվում են երկաթի պրեպարատներ։
  • Երկաթդեֆիցիտային անեմիայի պաթոգենետիկ բուժումն իրականանում է երկաթի պրեպարատների, մարսողական (հեմոստիմուլին, ֆերրոպլեքս, տարդիֆերոն) և հարմարսողական (ֆերում-լեկ, ֆերբիտոլ, էկտոֆեր) եղանակներով կիրառմամբ։
  • Վիտամին B12-դեֆիցիտային անեմիայի բուժումն իրականացվում է վիտամինի հարմարսողական եղանակով կիրառմամբ, երբեմն կոֆերմենտ ադենոզինկոբալամինի ավելացումով։ Իրականացվող թերապիայի էֆեկտիվության չափանիշ է ռետիկուլոցիտար կրիզը (ռետիկուլոցիտների ավելացում մինչև 20-30%) բուժման 5-8 օրերին։
  • Ապլաստիկ անեմիայի բուժման մեջ մտնում են հեմոտրանսֆուզիաների անցկացումը, ոսկրածուծի փոխպատվաստումը, գլուկոկորտիկոիդներով և անաբոլիկ հորմոններով թերապիան։

Կանխարգելում

Կանխարգելման հիմնական միջոցը բալանսավորված և վիտամիններով հարուստ սնունդն է։ Սննդակարգը պետք է պարունակի անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը։ Առողջ մարդու առօրյա սննդակարգում պետք է լինի 20 մգ երկաթ։ Կանայք ավելի ուշադիր պետք է հետևեն իրենց հեմոգլոբինի մակարդակին, քանի որ նրանք դաշտանային ցիկլի պատճառով արյուն և հետևաբար նաև երկաթ են կորցնում։

Կանխատեսում

Երկաթդեֆիցիտային անեմիաների կանխատեսումը դեպքերի մեծամասնությունում բարենպաստ է։ Կյանքի առաջին տարում երկաթի պրեպարատների կանխարգելիչ կիրառումը ոչ միայն խոչընդոտում է անեմիայի զարգացմանը այլև զգալի իջեցնում է երեխաների հիվանդացությունը աղիքային և սուր շնչական վիրուսային վարակներով, նպաստում է երեխաների առողջ զարգացմանը։

Հեմոլիտիկ անեմիաների ժառանգական ձևերի դեպքում կանխատեսումն արվում է կախված հեմոլիտիկ կրիզերի հաճախությունից և սակավարյունության ծանրության աստիճանից։

Ապլաստիկ անեմիաների կանխատեսումն անբարենպաստ է։          

 

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից։

Գրականություն

Шулутко Б. И. Внутренняя медицина. Руководство для врачей в 2 томах. Спб.: «Левша. Санкт-Петербург», 1999

Шулутко Б. И., Макаренко С. В. Стандарты диагностики и лечения внутренних болезней. 3-е изд. СПб.: «Элби-СПБ», 200

Leave a Reply

x Close

Like Us On Facebook