Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սեխի օգտակար հատկությունները

Սեխն ամենահամեղ և բուրավետ պտուղների մեկն է, որին անհամբեր սպասում են ամռանը։ Կարողանում է հագեցնել և՛ ծարավը, քանի որ շուրջ 90%–ով բաղկացած է ջրից, և՛ հագեցնել քաղցը` մարդու օրգանիզմին անհրաժեշտ տարբեր միկրոտարրերի շնորհիվ։

Այս մշակաբույսի մեջ մեծ քանակությամբ ասկորբինաթթու և ֆոլաթթու կա։ Կարևոր է նշել, որ ասկորբինաթթուն ըստ էության նույն վիտամին С–ն է, որն օրգանիզմը պահում է տոնուսի մեջ և ամրապնդում իմունիտետը։

Ինչ վերաբերում է ֆոլաթթվին, ապա այն օրգանիզմում պահպանում է երկաթի մակարդակը։ Ֆոլաթթվի բարձր պարունակության հաշվին սեխն առավել օգտակար է հղիներին և կերակրող կանանց։

Այս հյութալի պտուղը հարուստ է նաև А և В վիտամիններով։ Բացի այդ, այն ֆոսֆոր, քլոր և յոդ է պարունակում։

Հակաբորբոքային միջոց

А և С վիտամինները հզոր հակաօքսիդանտներ են և օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներից, որոնք վնասում են ԴՆԹ–ի մոլեկուլները և բորբոքային ռեակցիաներ են առաջացնում։ Ավելին, այդ հակաօքսիդանտները կարող են խոչընդոտ դառնալ քաղցկեղի, սրտանոթային և այլ հիվանդությունների զարգացման համար։

Ինչպես է ազդում մարսողության վրա

Բջջանյութն ու ջուրը նպաստում են մարսողությանն ու խոչընդոտում փորկապության առաջացումը։

Լավ է տեսողության համար

Սեխն օգնում է պահպանել սրատեսությունը` պաշտպանելով կատարակտայի և մոլեկուլյար դեգեներացիայի զարգացումից։ Սրանք առավել հաճախ զարգացող հիվանդություններ են, որոնք ի հայտ են գալիս տարիքի հետ։

Հակացուցումներ կա՞ն

Սեխն ընդհանուր առմամբ առողջական խնդիրներ չի առաջացնում, բայց սննդային թունավորման հավանականությունը չի կարելի բացառել։

Հաճախ սեխը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, որոնք դրսևորվում են կոկորդի ու շուրթերի քորի և նույնիսկ լեզվի, բերանի լորձաթաղանթի ու կոկորդի այտուցի տեսքով։

Թեև մի շարք երկրներում հյութալի սեխն օգտագործում են մթերքի այլ տեսակների հետ (միջերկրածովյան երկրներում, օրինակ, կարող են մատուցել խոզապուխտի ու ծովախեցգետնի հետ, իսկ Իտալիայում` պանրի, օրինակ` մոցարելայի), ընդհանուր առմամբ այն անհամատեղելի է համարվում ցանկացած այլ մթերքի հետ։ Նման կոմբինացիաները կարող են մարսողական խնդիրներ առաջացնել։ Այնպես որ խորհուրդ է տրվում սեխից հետո որոշ ժամանակ ուրիշ ոչինչ չուտել։

Ինչպես հասկանալ` սեխը հասած է, թե ոչ

Սեխի քաղցր համը կախված է նրա թարմության աստիճանից. որքան թարմ է, այնքան քաղցր։ Մասնագետները խորհուրդ են տալիս սեխը պահել ձեռքերում, և եթե այն սպասվածից ծանր թվա, ուրեմն հասած է։

Հասած սեխը հատուկ բույր ունի, իսկ կեղևը բութ մատով սեղմելիս մի քիչ փափուկ է լինում։

Եթե սեխը դեռ լավ չի հասել, կարելի է մի քանի օր պահել տանը։ Խորհուրդ է տրվում չլվանալ, որպեսզի շուտ չփչանա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook