Thursday, April 25, 2024
Նորություններ

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՆՁ ԲԺԻՇԿ ԴԱՐՁՐԵՑ

  2017թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրեց 2017թ. հինգ հավակնորդներին, որոնք ընտրվել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրական հիմնախնդիրները բարձրաձայնելու համար ցուցաբերած բացառիկ ազդեցության, խիզախության եւ նվիրվածության համար: Հավակնորդներից մեկը՝ Մուհամադ Դարվիշը Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ է: Ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, ով վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա: Ստորեւ ներկայացնում ենք Մուհամադ Դարվիշի խմբագրականը:
    Լիբանանի սահմանից ոչ հեռու գտնվող լեռներին բազմած իմ հայրենի քաղաքը՝ Մադայան, ժամանակին հանրահայտ լեռնային հանգստավայր էր: Այդ ամենը փոխվեց 2015թ. ամռանը, երբ Սիրիայի քաղաքացիական պատերազմը այստեղ էլ հասավ: Այդ ժամանակ ինձ ընդամենը մեկ տարի էր մնում ուսումս ավարտելու եւ ատամնաբույժ դառնալու համար:
   Ես թողեցի համալսարանն ու վերադարձա իմ քաղաք. ցնցվել էի ավերակների տեսարաններից: Շատերը թողել էին իրենց ունեցվածքն ու փախել: Հազարավոր մարդիկ վիրավորվել էին, իսկ բժիշկների մեծամասնությունը կամ հեռացել կամ բանտարկված էր: Ես զգում էի, որ պարտավոր եմ որեւէ կերպ օգնելն իմ քաղաքին ու ժողովրդին: Ես այդ մարդկանց հետ էի մեծացել. նրանք իմ ընտանիքն ու իմ ընկերներն էին՝ սովորական կյանքով ապրող մարդիկ: Լսելով փոքր երեխայի հուսալքված ճիչը, տեսնելով թե արյունն արցունքների հետ խառնված ինչպես է հոսում նրա դեմքի վրայով՝ ես պետք է գործեի:
Ես ատամնաբուժություն էի սովորել, սակայն հակառակ իմ փորձի պակասին, գնացի ու սկսեցի աշխատել հիվանդանոցում: Օգնության կարիք ունեցող այնքան շատ մարդ կար: Ստիպված էի արագ դասընթացներ անցնել գործնական բժշկության ոլորտում. սովորում էի որակավորում ունեցող մի բժշկից մինչեւ նա էլ հեռացավ: Այսօր այլեւս չկան մասնագիտացված բժիշկներ, միայն սահմանափակ, առաջնային անհրաժեշտության բժշկական սարքավորումներ են մնացել, իսկ անհրաժեշտ դեղորայքը հասանելի չէ: Սակայն, մեր ծառայությունների պահանջարկն անվերջ է: Մենք ամեն օր ընդունում ենք շուրջ 100 մարդու: Քաղաքը շրջապատված է 14000 արկերով, ինչպես նաեւ տասնյակ դիպուկահարներով:
Կարճ ժամանակ անց այնտեղ մնացինք ես եւ փորձ չունեցող մի քանի «բժիշկն», ովքեր անում էին ամեն հնարավորը: Երբ առաջին անգամ վիրահատություն էինք անում, բոլորս վախենում էինք, քանի որ մեր ձեռքերում մարդու կյանք էր: Գիտեինք, որ մենք համապատասխան որակները չունեինք, սակայն ընտրություն էլ չունեինք: Այդ մարդու ծնողները մեզ հորդորեցին վիրահատել, քանի որ հետաձգելն անհնար էր: Վիրահատության ընթացքում ես իմ հեռախոսով նկարում էի, թե ինչ էր տեղի ունենում, հետո դուրս էի գալիս վիրահատական սենյակից, որտեղ ինտերնետը հասանելի չէր եւ բժիշկներից խորհուրդ էի հարցնում WhatsApp-ի միջոցով: Այնուհետեւ վերադառնում էի վիրահատարան, կրկին մանրէազերծվում եւ շարունակում: Երբ վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց, մենք բոլոր լաց էինք լինում:
Պատերազմական գոտում մեկուսացված լինելու հետեւանքով, մենք միջազգային օգնության միայն մի փոքր մասն ենք ստանում՝ սահմանափակ քանակությամբ բրինձ, ձավար եւ լոբեղեն՝ բոլորը՝ ածխաջրեր: Մարդիկ չեն ստանում սպիտակուցներ եւ այլ անհրաժեշտ սննդարար նյութեր: Դա թերսնուցման խիստ դրսեւորումների է բերում: Սա մի բան է, որ նախկինում երբեք չենք տեսել, սակայն պայքարում ենք դա կառավարելի դարձնելու համար:
Պաշարումն շարունալվում է երկու տարի: Այն ներթափանցում է քո ամբողջ էության մեջ եւ շնչահեղձ անող ազդեցություն ունի: Ծանոթ փողոցները, որտեղ ես խաղում էի, երբ փոքր տղա էի, այժմ լցված են մարմիններով, զոհերի արյամբ, ականջ ծակող ողբով եւ լուռ անվստահությամբ: Հիվանդանոցը գրեթե միշտ արկակոծման եւ դիպուկահարների թիրախում է: Մեզ անձամբ սպառնացել են ու ստիպել տեղափոխվել չորս անգամ: Սակայն մենք շարունակում ենք, եւ ես հույսս չեմ կորցնում: Ինչպես ասում եմ ուրիշներին՝ դուք զարմանալու եք, թե որքան լավ է լինելու: Մի օր, երբ պատերազմը կավարտվի, ես կվերադառնամ համալսարան ու կսովորեմ, որպեսզի լիովին որակավարված վիրաբույժ դառնամ: Իսկ հիմա, իմ ժողովուրդն իմ կարիքն ունի եւ ես պետք է արձագանքեմ:
Խմբագրականն առաջին անգամ հրապարակվել է TIME ամսագրում 2017թ. ապրիլի 24-ին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook