Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն բարելավել մարսողությունն ու խթանել նյութափոխանակությունը

Առողջ մարսողական համակարգը շատ կարևոր դեր է խաղում ընդհանուր առողջության պահպանման հարցում, քանի որ օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, պահել քաշը նորմայի սահմաններում և կանխել ճարպակալումը, սակայն խնդիրն այն է, որ անառողջ կենսակերպն ու վնասակար սննդամթերքի հաճախակի գործածությունը խիստ բացասաբար են անդրադառնում ամբողջ աղեստամոքսային տրակտի վրա՝ հանգեցնելով տարատեսակ մարսողական խնդիրների առաջացման։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են մի քանի հասանելի ու համեղ մթերք, որոնք կօգնեն բարելավել մարսողությունը։ Նրանց խոսքով՝ սննդակարգը նշված սննդամթերքի տեսակներով հարստացնելը կօգնի խթանել նյութափոխանակությունը, ինչը շատ կարևոր է առողջ մարսողական համակարգ ունենալու համար։

Կիտրոն

Ցիտրուսային այս միրգը հարուստ է անհրաժեշտ սննդարար նյութերով (կալցիում, կալիում, վիտամին C, մանրաթելեր և այլն),  ինչի շնորհիվ խթանում է աղեստամոքսային տրակտի մաքրման գործընթացն ու կարգավորում է օրգանիզմում pH մակարդակը։ Բացի այդ, կիտրոնը պարունակում է նաև էլեկտրոլիտներ, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը։ Օրգանիզմը հնարավորինս արագ վնասակար նյութերից մաքրելու համար հարկավոր է կիտրոնի հյութը քամել, ավելացնել այն մի բաժակ գոլ ջրին և խմել այդ ըմպելիքը։

Քրքում

Քրքումը բնական դեղամիջոց է մարսողության հետ կապված մի շարք խնդիրների դեմ և օգնում է ազատվել որովայնի ցավից, փորլուծությունից, ախորժակի կորստից, աղիներում գազերի կուտակումից, մարսելախանգարումից ու ստամոքսի խոցերից։ Այս համեմունքի հիմնական ակտիվ բաղադրիչը քրքումինն է, որն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով, ուստի այն շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար։

Ոսկորներով պատրաստված արգանակ

Այս պարզ ու դյուրամարս ուտեստն օգնում է աղիներին հեշտությամբ տարրալուծել սննդամթերքը։ Բացի այդ, այն նաև կոլագենի ու սպիտակուցների հարուստ աղբյուր է, որոնք օգնում են ամրապնդել աղեստամոքսային տրակտի պատերը` դրանով իսկ կանխելով խոցերի ու բորբոքումների առաջացումը։

Կոճապղպեղ

Կոճապղպեղը հիանալի բնական միջոց է որովայնի ցավերի ու սրտխառնոցի դեմ պայքարի համար։ Իր հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ այս համեմունքը խթանում է մարսողական տրակտի մաքրման գործընթացներն ու մարսողությունը։ Կարելի է պարզապես մի փոքր հում թարմ կոճապղպեղ ուտել կամ օգտագործել այն բուսական թեյի տեսքով։

Անանուխ

Այս բուրավետ ու օգտակար բույսն օգնում է մեղմել ստամոքսի աշխատանքի խանգարման ախտանշանները, կանխում է մարսողության խանգարումը, ազատում է աղիներում կուտակված գազերից ու մեղմում է ստամոքսի այրոցի տհաճ դրսևորումները, ուստի այն տարատեսակ ուտեստներին ու ըմպելիքներին ավելացնելը կարող է շատ օգտակար լինել։

Դարչին

Այս օգտակար համեմունքը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են աղիներում բորբոքումների զարգացումը։ Դարչինն օգնում է նվազեցնել աղիներում ածխաթթու գազի կոտակումը։ Բացի այդ, դրանում պարունակվող միացությունները դանդաղեցնում են ածխաջրջրի կլանումը մարսողական տրակտում, ինչը կանխում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումը։

Հունական յոգուրտ

Հունական յոգուրտը պրոբիոտիկների՝ աղիների օգտակար բակտերիաների հարուստ աղբյուր է, իսկ այս բակտերիաներն օգնում են կարգավորել նյութափոխանակությունն ու պայքարում են ախտածին միկրոտարրերի դեմ։ Աղիներում օգտակար բակտերիաների պակասը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի դիմադրողականության վրա` դարձնելով մարդուն ավելի խոցելի քրոնիկ հիվանդությունների, աուտոիմունային հիվանդությունների և անգամ քաղցկեղի դեմ

Սարդինաներ

Յուղոտ ձկնատեսակները օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր են, իսկ այս ճարպաթթուները շատ օգտակար են սրտամկանի համար, ինչպես նաև օգնում են բարելավել աղիների առողջական վիճակը։ Այս ճարպաթթուները գործում են հակաօքսիդանտների հետ մեկտեղ՝ նվազեցնելով աղիներում բորբոքումների մակարդակը և մարսողական ընդհանուր խանգարումների, այդ թվում` մարսելախանգարման ու փորկապությունների զարգացման հավանականությունը։

Բանան

Ոչ շատ քաղցր բանանները հարուստ են մանրաթելերով, որոնք նպաստում են ակտիվ մարսողությանն ու անգամ քաշի նվազմանը։ Այդ մանրաթելերը կանխում են մեծ քանակությամբ գլյուկոզայի կլանումն ու թույլ չեն տալիս, որ այն  կուտակվի օրգանիզմում ճարպային հյուսվածքների տեսքով։ Բացի այդ, դրանք կարգավորում են աղիների աշխատանքն ու կանխարգելում են ստամոքսի աշխատանքի խանգարումներն ու փորկապությունը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook