Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սննդամթերքի տեսակներ, որոնք հարկավոր է բացառել սննդակարգից պսորիազի դեպքում

Պսորիազն իմունային համակարգի հիվանդություն է, որի հետևանքով մաշկի մակերևույթին սկսում են բջիջներ կուտակվել՝ առաջացնելով կարմիր, չոր, թեփուկավոր շերտեր, որոնք ցավոտ են և ուղեկցվում են սաստիկ քորով: Այս աուտոիմունային հիվանդությունը խիստ բացասաբար է անդրադառնում մարդու ինքնազգացողության ու կյանքի որակի վրա, իսկ դրա բուժումը բավական բարդ է ու երկարատև, ուստի մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս անել հնարավոր ամեն բան հիվանդության սրացումներից խուսափելու համար։

Պսորիազի դեպքում հիվանդության սրացումներից խուսափելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել մի շարք գործոններին, որոնցից մեկն է սննդակարգը։ Բանն այն է, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են էլ ավելի վատթարացնել մաշկի վիճակն ու սրել հիվանդության ընթացքը, ուստի դրանք խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Ալկոհոլ

Պսորիազի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ալկոհոլից՝ անկախ դրա գործածության հաճախականությունից ու քանակությունից։ Բանն այն է, որ ոգելից խմիչքները լայնացնում են արյունատար անոթներն ու թույլ են տալիս պսորիազի սրացումների համար պատասխանատու Т-բջիջներին հեշտությամբ ներթափանցել մաշկի վերին շերտեր։

Արագ սնունդ

Արագ սնունդը հարուստ է հագեցած ճարպերով ու տրանս-ճարպերով, ինչպես նաև ռաֆինացված օսլայով ու շաքարով, որոնք հանգեցնում են բորբոքումների։ Պսորիազով հիվանդներից շատերն ունեն ավելորդ քաշ, իսկ հավելյալ կալորիաները, որոնք նրանք ստանում են արագ սննդից, կարող են էլ ավելի վատթարացնել նրանց մաշկի վիճակը։

Կարմիր միս

Պսորիազով հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել կարմիր մսից, ինչպես նաև վերամշակում անցած մսից պատրաստված մսամթերքից, այդ թվում՝ տարատեսակ երշիկեղենից, խոզապուխտից և այլն։ Կարմիր միսը պարունակում է պոլիչհագեցած ճարպ, որը կոչվում է արախիդոնաթթու։ Այս տարրը հեշտությամբ վերածվում է բորբոքային բաղադրիչների և էլ ավելի է վատթարացնում մաշկի վիճակը՝ սրելով պսորիազի ախտանշանները։

Կաթնամթերք

Կաթնամթերքի բոլոր տեսակները պարունակում են արախիդոնաթթու, ուստի պսորիազի սրացումների դեպքում կաթնամթերքից հարկավոր է առհասարակ հրաժարվել։ Բացի այդ, կաթնամթերքը պարունակում է կազեին՝ սպիտակուց, որը նպաստում է բորբոքումների զարգացմանը։

Ցիտրուսային մրգեր

Ալերգիկ ռեակցիաները կարող են հանգեցնել պսորիազի սրացումների, իսկ ցիտրուսային մրգերը հզոր սննդային ալերգեն են։ Պսորիազի դեպքում հարկավոր է հնարավորինս հազվադեպ օգտագործել թուրինջ, կիտրոն, նարինջ ու լայմ, իսկ դրանք սննդակարգից առհասարակ բացառելը թույլ կտա զգալիորեն բարելավել մաշկի վիճակը։

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook