Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են պայքարել կնճիռների դեմ

Ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն երբեմն մարդկանց կենսակերպը, սննդակարգն ու վատ սովորություններն էլ ավելի են արագացնում այդ գործընթացը՝ դառնալով վաղաժամ կնճիռների առաջացման պատճառ։ Որպես կանոն այս խնդիրների դեմ մարդիկ պայքարում են հատուկ կոսմետիկ միջոցների ու պրոցեդուրաների օգնությամբ, սակայն մասնագետները վստահ են, որ ժամանակին սննդակարգում որոշակի փոփոխություններ անելը կօգնի ազատվել վաղաժամ կնճիռներից առանց որևէ թանկարժեք քսուքների կամ պրոցեդուրաների։

Առհասարակ մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի առողջության ու երիտասարդության պահպանման հարցում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 համեղ ու հասանելի մթերք, որոնք կօգնեն կանխել վաղաժամ կնճիռների առաջացումը։

Բրոկոլի

Բրոկոլին վիտամին C-ի հարուստ աղբյուր է, իսկ այս տարրը հզոր հակաօքսիդանտ է, որը շատ կարևոր է օրգանիզմի համար։ Տարիքի հետ մարդու օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտադրում, ինչը հանգեցնում է կնճիռների առաջացման, սակայն վիտամին C-ն խթանում է այդ սպիտակուցի արտադրությունը՝ օգնելով պահպանել երիտասարդությունը։ Վիտամին C-ի լավագույն աղբյուրներից մեկը բրոկոլին է, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։

Նուշ 

Ընկույզները հարուստ են մեծ քանակությամբ տարատեսակ վիտամիններով ու հանքանյութերով, ուստի շատ օգտակար են ամբողջ օրգանիզմի համար։ Նուշը հարուստ է վիտամին E-ով, որը նույնպես հզոր հակաօքսիդանտ է և համարվում է մաշկը պաշտպանող լավագույն միջոցներից մեկը։ Այս ընկույզը կարելի է օգտագործել ինչպես բոված վիճակում այնպես էլ հում։ Ընդ որում՝ այն կարելի է օգտագործել և՛ որպես առանձին մթերք, և՛ որպես տարբեր ուտեստների բաղադրիչ։

Բատատ

Քաղցր կարտոֆիլը հարուստ է բետա-կարոտինով՝ կարոտինոիդով, որն արդյունավետ կերպով պայքարում է կնճիռների դեմ։ Բետա-կարոտինը բարձրացնում է արևից մաշկի բնական պաշտպանության մակարդակը՝ այդ կերպ պաշտպանելով վնասվածքներից։ Բացի այդ, քաղցր կարտոֆիլի գործածությունն օգնում է պահպանել մաշկի բնական փայլը։

Տոմատի մածուկ 

Լոլիկի մեջ պարունակվում է լիկոպին, որը մաշկն արևի ճառագայթներից պաշտպանող առանցքային կարոտինոիդն է։ Այն իհարկե չի կարելի կիրառել արևապաշտպան քսուքի փոխարեն, սակայն կարող է հիանալի հավելյալ պաշտպանություն լինել մաշկի քաղցկեղի դեմ պայքարում։

Կաթնաշոռ 

Կաթնաշոռը հարուստ է սպիտակուցներով, որոնք հարկավոր են կոլագենի արտադրության համար։ Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիների վրա, իսկ աղիների առողջ միկրոբիոմը, որը պարունակում է միլիարդավոր օգտակար բակտերիաներ, օգնում է վերահսկողության տակ պահել աղիների բորբոքային ռեակցիան։

Սաղմոն 

Յուղոտ ձկնատեսակները հարուստ են օրգանիզմի համար անփոխարինելի օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են բորբոքումների մակարդակն ու բարելավում են արտաքինը։

Մուգ շոկոլադ

Կակաոյի մեջ պարունակվում են շատ կարևոր ֆլավոնոիդներ՝ պոլիֆենոլներ, որոնք հզոր հակաօքսիդանտային ազդեցություն են ունենում։ Դրանք սնուցում են մաշկն ու պաշտպանում են վնասվածքներից։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook