Thursday, March 28, 2024
Նորություններ

Սոցիալական ձեռնարկությունները կխթանեն հաշմանդամություն ունեցող երիտասարդների զբաղվածությունը

Նոյեմբերի 15-ին Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում պաշտոնապես բացվեց սոցիալական ձեռնարկություն, որը սառնարանային տնտեսություն է: Բացումը տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում:

ARS_8071Սա արդեն երկրորդ ձեռնարկությունն է, որ պաշտոնապես բացվում է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Ծրագրի հիմնական նպատակն է զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար՝ խթանելով Հայաստանի միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում սոցիալական նորարարությունը: Ծրագրի շրջանակում ընտրվել է յոթ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, որոնցից հինգի հիմքի վրա ստեղծվել են սոցիալական ձեռնարկություններ։ Յուրաքանչյուր սոցիալական ձեռնարկություն պետք է աշխատանքի ընդունի հաշմանդամություն ունեցող 5 երիտասարդի՝ ընդհանուր առմամբ 25 երիտասարդի ապահովելով աշխատանքով: Այս ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում: Նրանցից հինգն արդեն աշխատում են սառնարանային տնտեսությունում որպես մենեջեր, վարչական օգնական, հաշվապահ, պահեստապետ և վարորդ: Կառավարելով սառնարանային տնտեսությունը՝ քոլեջը հնարավորություն կունենա եկամուտը ծախսել ծառայությունների ընդայնման, նոր անձնակազմի աշխատանքի ընդունման և նոր ապրանքների ձեռքբերման համար:

ARS_7975Սոցիալական ձեռնարկության բացմանը ներկա էր նաև ծրագրի պատասխանատուն՝ Իրինա Մովսեսյանը, ով Հայաստանում ԵՄ պատվիարկության անունից վերահաստատեց ՄԿՈՒ ոլորտին աջակցելու ԵՄ հանձնառությունը. «ԵՄ-ն առաջին դոնոր կազմակերպությունն էր, որն անդրադարձավ ՄԿՈՒ ոլորտին ու համապատասխան բարեփոխումներին: 2004 թվականից աշխատում ենք այս ոլորտում, իսկ հիմա ունենք նոր ծրագիր՝ «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար»: Այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թվականներին և ունի 15.2 մլն եվրո ընդհանուր բյուջե: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու աշխատուժի զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Չնայած բարեփոխումներին, պետք է ավելին անել այս ոլորտի համար, որ համակարգն ավելի ճկուն լինի ու փոխկապացված աշխատաշուկայի պահանջներին»:

ARS_8011Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին Հայաստանի ՄԿՈՒ ոլորտին աջակցելու համար. «Տարիներ առաջ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ դպրոցներ կային, որոնք հիմնվել էին Խորհրդային Միությունում: Նպատակն էր հաշմանդամություն ունեցողներին առանձնացնել ու նրանց համար առանձին կրթական ծրագրեր իրականցնել: Իսկ հիմա ամբողջ հանրապետություն անցնում է ներառական կրթության: Հիմա ունենք նոր քաղաքականություն. յուրաքանչյուր սոցիալական խումբ պետք է ընդգրկվի հասարակության մեջ: Եվ «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագիրը հիանալի արդյունքներ է գրանցում»:

 

Նյութի աղբյուրը՝ eunewsletter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook